Մատչելիության հղումներ

Ըստ քաղաքագետի, Թրամփի աշխատակազմը ցանկանում է զբաղվել Ղարաբաղի հարցով

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի աշխատակազմը ցանկանում է զբաղվել Ղարաբաղի հարցով, ասաց քաղաքագետ Ստեփան Գրիգորյանն՝ «Ազատության» խնդրանքով անդրադառնալով Միացյալ Նահանգների նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնի թվիթերյան գրառմանը։

Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հետ Վաշինգտոնում սպասվող հանդիպման նախաշեմին Բոլթոնը երեկ հայտարարել է, որ «Միացյալ Նահանգները պատրաստ է աջակցել տարածաշրջանում խաղաղության հաստատմանը»։

Էլմար Մամեդյարովի և Զոհրաբ Մնացականյանի հետ հանդիպելու նպատակը նրանց միջև շարունակական երկխոսությանը նպաստելն է, նաև ընդգծել է Սպիտակ տան բարձրաստիճան պաշտոնյան, ով Թրամփի վարչակազմի առաջին և առայժմ միակ բարձրաստիճան ներկայացուցիչն է, ով պաշտոնական այց էր կատարել Հարավային Կովկաս, այդ թվում` Երևան և Բաքու։

Քաղաքագետն այսօր նշեց՝ Բոլթոնի այս հայտարարությունը հստակ նշանակում է, որ ԱՄՆ նախագահի աշխատակազմն իրոք հետաքրքրություններ ունի տարածաշրջանի նկատմամբ։

«Ես կարծում եմ, որ դա նշանակում է, որ Թրամփի ադմինիստրացիան ուզում է զբաղվել Ղարաբաղի հարցով։ Փաստը, որ Միացյալ Նահանգները հանդես եկավ նախաձեռնությունով, որ Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները հանդիպեն Մինսկի խմբի շրջանակներում՝ Վաշինգտոնում, դա էլ շատ բանի մասին է խոսում, որ Բոլթոնի խոսքերն ուղղակիորեն ասում են մեզ, որ Միացյալ Նահանգներն ունի ստեղ հետաքրքրություններ, ու պարզ է, որ եթե դու ունես հետաքրքրություն Հարավային Կովկասում, պետք է առաջին հերթին ուզենար, որ լուծվի Ղարաբաղի հարցը», - ասաց Գրիգորյանը։

Հարցին, թե ակնկալո՞ւմ է, որ Վաշինգտոնը լրջորեն կներգրավվի այս խնդրի հանգուցալուծման գործում, քաղաքագետը պատասխանեց. - «Այո՛, սպասում եմ, քանի որ Վաշինգտոնին հետաքրքրում է լայն իմաստով մեր տարածաշրջանը, ոչ միայն Հարավային Կովկասը։ Դուք գիտեք իրենց հետաքրքրությունները նաև Իրանի հետ կապված, Մերձավոր Արևելքի հետ կապված, ուրեմն մեր տարածաշրջանը մտնում է իրենց հետաքրքրությունների մեջ և իրենք է՛լ ավելի ակտիվ կներգրավվեն մեր տարածաշրջանի գործերի ու մի քիչ ավելի լայն իմաստով նաև մեր տարածաշրջանի վրա, քանի որ մեր տարածաշրջանը՝ Հարավային Կովկասն անմիջապես հարևանն է Իրանի, իսկ Իրանի թեման Միացյալ Նահանգների համար նաև շատ զգայուն թեմա է և կարևոր»։

Օրերս Հայաստանի արտգործնախարարությունը տեղեկացրեց, որ Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Զոհրաբ Մնացականյանի և Էլմար Մամեդյասրովի հանդիպումը նախատեսված է հունիսի 20-ին՝ Վաշինգտոնում։

Միևնույն ժամանակ, Հայաստանի արտգործնախարարությունը նշեց, որ «Ադրբեջանի կողմից հրադադարի շարունակական դատապարտելի խախտումները և սադրիչ գործողությունները, որոնք վերջին օրերին պատճառ են դարձել մարդկային անդառնալի կորուստների և հանգեցրել շփման գծում իրավիճակի լուրջ լարմանը, ձևավորել են հանդիպմանն ընդառաջ ոչ նպաստավոր միջավայր»։

Հարցին, թե ի՞նչ սպասելիքներ ունի հանդիպումից, քաղաքագետը պատասխանեց. - «Իմ կարծիքով քաղաքականությունը նա կլինի, որ Հայաստանը նորից պնդի, որ գլխավորը վստահության մթնոլորտի ստեղծումն է, պնդի որ վաղ է վերսկսել բանակցություններ մինչև վստահությունը չուժեղանա և շփման գծում կրակոցներ չլինեն։ Իսկ Ադրբեջանից սպասելիքներն՝ Ադրբեջանն այնուամենայնիվ ուզում է, որ բանակցային պրոցեսի վերսկսումը նորից ակտուալ դառնա, ու Ադրբեջանը դա կբերի»։

Հոդվածը կարող եք գտնել հետևյալ բաժիններում
XS
SM
MD
LG