Մատչելիության հղումներ

Շորթում կատարելու կասկածանքով լրագրող է բերման ենթարկվել


Ոստիկանության ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների հետևանքով հունիսի 19-ին շորթում կատարելու կասկածանքով բերման է ենթարկվել լրագրող, տեղեկացնում է ՀՀ ոստիկանության պաշտոնական կայքը:

«Հունիսի 19-ին ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչությունում ստացվել է ճանապարհային ոստիկանության պաշտոնատար անձի զեկուցագիրը, ըստ որի՝ հունիսի 18-ին նրա աշխատասենյակ է ներկայացել մի լրագրող կին ու հայտնել է, թե իբրև պաշտոնատար անձի վերաբերյալ ունի վարկաբեկիչ տեղեկություններ և սպառնացել է, որ տեղեկատվությունը չորս լրատվամիջոցով կհրապարակվի։ Այդ քայլին չդիմելու համար պահանջել է 800․000 դրամ», - ասված է հաղորդագրությունում:

Իրավապահների փոխանցմամբ, հաջորդ օրը՝ ժամը 16:30-ի սահմաններում, լրագրողը կրկին այցելել է ՃՈ պաշտոնատար անձի աշխատասենյակ՝ պահանջված գումարը վերցնելու: - «Կինը նախօրոք պահանջած 800․000 դրամի փոխարեն արդեն պահանջել ու վերցրել է 400․000 դրամ։ Գումարը ստանալուց անմիջապես հետո ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության ծառայողները մուտք են գործել աշխատասենյակ։ Կնոջ մոտից հայտնաբերվել և առգրավվել են շորթմամբ հափշտակված 400․000 դրամը», - ասված է հաղորդագրությունում:

Լրագրողը շորթում կատարելու կասկածանքով բերման է ենթարկվել ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչություն։ Դեպքի հանգամանքները պարզվում են։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG