Մատչելիության հղումներ

Հունաստանն ու Կիպրոսը ցանկանում են ԵՄ պատժամիջոցներ սահմանել Թուրքիայի դեմ

Չի բացառվում, որ այսօր Բրյուսելում մեկնարկող ԵՄ հերթական գագաթնաժողովի մասնակիցները առաջիկա ժամերին պաշտոնապես դիմեն կառույցի գործադիր մարմնին` Եվրոպական հանձնաժողովին, Թուրքիայի դեմ կոշտ պատժամիջոցներ սահմանելու առաջարկությամբ:

ԵՄ անդամ պետությունները ղեկավարները այդ քայլին դիմելու են Կիպրոսին պատկանող բացառիկ տնտեսական գոտում Թուրքիայի կողմից երկրաբանական հետախուզման աշխատանքներ իրականացնելու պատճառով:

AP գործակալության փոխանցմամբ, շաբաթասկզբին թուրքական կողմի` գազի արդյունահանմանն ուղղված այս գործողությունները Լյուքսեմբուրգում կայացած հավաքի ժամանակ քննարկել էին ԵՄ անդամ պետությունների արտաքին գործերի նախարարները` «լրջագույն մտահոգություն հայտնելով Թուրքիայի անօրինական քայլերի առթիվ»:

Նախօրեին էլ ԵՄ մոտ կանգնած աղբյուրները Բրյուսելում հավատարմագրված լրագրողներին փոխանցել էին, որ Թուրքիայի դեմ կոշտ քայլերի անհրաժեշտության մասին դրույթը, ըստ ամենայնի, տեղ կգտնի այսօրվա գագաթնաժողովի ամփոփիչ փաստաթղթում:

«Եվրամիության խորհուրդը կոչ է անելու եվրոպական դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինիին առանց հապաղելու գործողությունների ծրագիր մշակել Թուրքիայի կողմից Կիպրոսին պատկանող բացառիկ տնտեսական գոտում իրականացվող գործողությունների պատճառով», - ITAR TASS-ի փոխանցմամբ նշել է եվրոպացի պաշտոնյաներից մեկը:

Արևմտյան աղբյուրների պնդմամբ Բրյուսելում այս պահին քննարկվող ամենահավանական պատժամիջոցը կարող է դառնալ Թուրքիային` որպես ԵՄ թեկնածու պետությանը հատկացվող ֆինանսական օժանդակության սառեցումը:

Առաջինը Թուրքիայի դեմ պատժամիջոցներ կիրառելու անհրաժեշտության մասին օրերս խոսեց Հունաստանի վարչապետ Ալեքսիս Ցիպրասը:

«Ես զրուցել եմ Կիպրոսի նախագահ Նիկոս Անաստասիադեսի հետ և մենք պայմանավորվել ենք, որ առաջիկա շաբաթվա ընթացքում որպես ԵՄ անդամ երկու պետություններ այդ կառույցի գագաթնաժողովի մասնակիցներին կներկայացնենք հստակ մի որոշման, անգամ պատժամիջոցների սահմանման մասին նախագիծը», - հայտարարեց Ցիպրասը: - «Դա տեղի կունենա այն դեպքում, եթե պարզվի, որ Թուրքիան երկրաբանական հետախուզում է իրականացրել Կիպրոսին պատկանող բացառիկ տնտեսական գոտում: Ցանկանում եմ շատ հստակ մի ուղերձ հղել` ցանկացած պետություն, որ ոտնահարում է ԵՄ մաս կազմող Հունաստանի կամ Կիպրոսի ինքնիշխանությունը, պետք է հստակ ըմբռնի` նման քայլերն անհետևանք լինել չեն կարող»:

Թուրքիայի և Կիպրոսի միջև տարաձայնությունները ծագեցին 2011 թվականին, երբ ամերիկյան Noble Energy ընկերությունը Կիպրոսի ափերից ոչ հեռու գազի մեծ պաշարներ հայտնաբերեց: Մասնագետների գնահատմամբ «Աֆրոդիտա» կոչվող հանքավայրում գազի պաշարները հասնում են 140 միլիարդ խորանարդ մետրի: Կիպրոսի հյուսիսային հատվածը վերահսկող Թուրքիան վիճարկում է Նիկոսիայի բացառիկ իրավունքները գազի հանքավայրի հանդեպ: Մոտ մեկ ամիս առաջ Թուրքիան այս շրջան է ուղարկել հորատման համար նախատեսված «Ֆաթիհ» նավը: Այսօր արդեն Անկարան խոստացել է այս շրջան երկրորդ նմանատիպ նավն ուղարկել` արդեն ռազմածովային ուժերի ուղեկցությամբ:

Առնչվող թեմաներ
XS
SM
MD
LG