Մատչելիության հղումներ

Թրամփը կպայքարի 2020 թվականին վերընտրվելու համար


ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է 2020 թվականին վերընտրվելու մտադրության մասին: Օրլանդո, Ֆլորիդա, 18 հունիսի, 2019թ.
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է 2020 թվականին վերընտրվելու մտադրության մասին: Օրլանդո, Ֆլորիդա, 18 հունիսի, 2019թ.

Ամերիկայի Միացյալ Նահանգների 45-րդ նախագահ Դոնալդ Ջոն Թրամփը երեկ Ֆլորիդայում՝ Օրլանդո քաղաքում հայտարարեց 2020 թվականին վերընտրվելու մտադրության մասին:

Ծնունդով նյույորքցի Թրամփի համար Ֆլորիդան կարևոր նահանգ է և հզոր հենակետ: Նա նույնիսկ ասել է, որ Ֆլորիդան իր երկրորդ տունն է: Այստեղ նա ունի մեծ թվով երդվյալ աջակիցներ, ովքեր եռանդով ու ոգևորությամբ են արձագանքել նախագահության երկրորդ ժամկետի համար պայքարելու Թրամփի մտադրությանը:

Մելանիա Թրամփը հավաստիացրել է, որ իր համար պատիվ էր երկու տարի ծառայել որպես առաջին տիկին, և ինքը պատրաստ է դա անել ևս 6 տարի:

Դոնալդ Թրամփը Օրլանդոյի լեփ-լեցուն մարզահամալիրում, որտեղ սկսել էր նաև 2016 թվականի ընտրարշավը, երեկ գովեստով է խոսել նախագահության առաջին ժամկետի մասին՝ ասելով, որ երկիրը հզորացել է, բարգավաճում է:

Տնտեսությունն աճում է, ապօրինի ներգաղթյալների մուտքը փակվում է, Մեքսիկայի հետ սահմանին պատը կառուցվում է, այն նույնիսկ ավելի ամուր է և ավելի էժան՝ շնորհիվ իր ընտրած նոր դիզայնի:

Թրամփն ասել է, որ պաշտոնավարման առաջին ժամկետի առաջին իսկ օրվանից բիրտ և անարդար հարձակումների է ենթարկվել «ֆեյք» լուրեր տարածող լրատվամիջոցների կողմից:

Խոսելով 2016 թվականի ընտրություններին ռուսների միջամտության հարցով հետաքննության և հատուկ դատախազ Ռոբերտ Մյոլերի զեկույցի մասին՝ Թրամփն ասել է, թե դա «Ամերիկայի պատմության ընթացքում ամենաահավոր վհուկաորսն էր», որն այնուամենայնիվ բացարձակ ապարդյուն էր:

«Պետությունը փող է ծախսել, միջոցներ է հատկացրել, սակայն ռուսների հետ շահերի բախման և ինչ-որ գործարքի վերաբերյալ ոչ մի ապացույց չկա», - ասել է Թրամփը:

Նրա պնդմամբ, հուսահատված դեմոկրատականները շարունակում են հարձակումները և իրեն վարկաբեկելու փորձերը:

Նա ասել է, թե 2020 թվականին դեմոկրատական թեկնածուին տրված յուրաքանչյուր քվեն գործնականում կլինի քվե ապօրինի միգրանտներին և ամերիկյան արժեքներն ուրացողներին:

«Ինչ պիտակ էլ տան, ինչպես էլ պատճառաբանեն՝ 2020-ին դեմոկրատներին տրված քվեն կդառնա քվե հօգուտ արմատական սոցիալիզմի աճի և ամերիկյան երազանքի քայքայման», - հավելել է Թրամփը:

Մինչդեռ իր պաշտոնավարման ընթացքում, ըստ Թրամփի, Ամերիկան ստեղծել է «տնտեսություն, որին ամբողջ աշխարհն է նախանձում»:

Հանրային կարծիքի հարցումները, այնուամենայնիվ, վկայում են, որ ընտրությունների արդյունքի առումով վճռորոշ նահանգներում Թրամփը վարկանիշով զիջում է դեմոկրատական հավանական թեկնածուներին, այդ թվում նախկին փոխնախագահ Ջո Բայդենին և սենատոր Բերնի Սանդերսին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG