Մատչելիության հղումներ

Ռուստամ Բադասյանը նշանակվել է Արդարադատության նախարար


Նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով Ռուստամ Բադասյանը նշանակվել է Արդարադատության նախարար: Այս պաշտոնը թափուր էր հունիսի 12-ից, երբ նախագահի հրամանագրով աշխատանքից ազատվեց հրաժարականի դիմում ներկայացրած Արտակ Զենյալյանը:

Ռուստամ Բադասյանը 28 տարեկան է, ծավալել է փաստաբանական գործունեություն, 2018-ի ապրիլյան հեղափոխությունից հետո զբաղեցրել է Պետական եկամուտների կոմիտեի փոխնախագահի պաշտոնը:

Բադասյանը 2015 թվականից մինչև 2018-ի մայիսը աշխատել է «Կոնցեռն-Դիալոգ» փաստաբանական գրասենյակում՝ որպես իրավաբան, ավագ իրավաբան և գործընկեր: Մասնագիտացած է հարկային իրավունքի և տնտեսական հանցագործությունների ոլորտում:

Ի դեպ, «Կոնցեռն դիալոգի» գործընկերներից է նաև Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական խմբում ընդգրկված Արամ Օրբելյանը, իսկ նախկին նախագահի մյուս պաշտպանը՝ Հովհաննես Խուդոյանը, նույն ընկերության փաստաբաններից է:

Ռուստամ Բադասյանը հեղափոխության առաջնորդ Նիկոլ Փաշինյանի փաստաբանն է եղել, երբ 2018-ի ապրիլի 23-ին Փաշինյանը բերման ենթարկեց Երևանի Էրեբունի վարչական շրջանից:

Հիշեցնենք՝ մոտ մեկ ու կես տարի պաշտոնավարած Արտակ Զենյալյանը չէր հերքել, որ հրաժարականի պատճառը եղել են նաև իր աշխատանքից դժգոհությունները: Նա ասել էր, թե հեռանալու որոշում է կայացրել՝ վերլուծելով տեղեկատվական հոսքերը:

Զեյնալյանի հրաժարականը համընկավ Հայաստանում այս օրերին քննարկվող անցումային արդարադատության, վեթինգի գործընթացին ու Նիկոլ Փաշինյանի բավականին կոշտ արձագանքին, թե դատական համակարգում վիրահատական միջամտության կարիք կա:

«Ազատությունը» Բադասյանից հետաքրքվեց, թե արդյոք նշանակումից առաջ Փաշինյանի հետ քննարկում ունեցել է, մանսավորապես ի՞նչ տեսլական ունի անցումային արդարդատության և վեթինգի գործընթացի հետ կապված:

«Միայն ընդհանուր գծերով ենք քննարկել: Ես ծանոթ չեմ այն գործընթացներին, որոնք Ձեր նշած ինստիտուտների հետ կապված հիմա կան նախարարությունում: Կարճ ժամկետում անհրաժեշտ ա ծանոթանալ ինչ ա մինչև էս պահը կատարվել, ու դրանից հետո հասկանանք ուղղությունները ինչպիսին պետք է լինեն: Ես անցումային արդարադատության ու վեթինգի հարցերով էս ընթացքում որևէ կերպ չեն զբաղվել, որևէ կերպ աշխատանքներում ներգրավված չեմ եղել: Պետք է տեսնեմ, թե ինչ փաթեթի հետ հիմա գործ ունենք, որպեսզի կարողանամ Ձեր հարցերին պատասխանեմ», - «Ազատությանն» ասաց Բադասյանը:

Դիտարկմանը, որ իր նշանակման կապակցությամբ հնչում է քննադատություն՝ կապված իր տարիքի, փորձի պակասի հետ կապված, նորանշանակ նախարարն արձագանքեց․ - «Չեմ կարծում: Հակառակ դեպքում չէի ընդունի առաջարկը»:

Երիտասարդ նախարարի կենսագրականից տեղեկանում ենք, որ նա չի ծառայել բանակում: Ավելի վաղ իր ֆեյսբուքյան գրառմամբ Բադասյանը ասել էր, որ պատրաստ է ցանկացած լրագրողի տրամադրել լիազորագիր, որպեսզի վերջիններս պետական մարմիններից կարողանան պարզել զինվորական ծառայությունից ազատվելու պատճառները:

Նորանշանակ նախարարն ասում է, թե առողջական խնդիրներ է ունեցել․ - «Ես հիմա էլ պատրաստ եմ բոլոր, նույնիսկ բժշկական գաղտնիք կազմող տեղեկությունները հանձնել նման հետաքրքրություն ունեցող անձին, ինչպես նաև՝ բժշկական փորձաքննությամբ հաստատել, որ այն հիմքը, որով ես ազատվել եմ պարտադիր զինվորական ծառայությունից, առկա է եղել»:

Համացանցում ակտիվորեն քննարկում են նոր նախարարի երիտասարդ տարիքը և փորձի պակասը:

Ընդդիմադիր ուժերը իրենց գնահատականներում ավելի ժլատ են․ ասում են, թե նախարարին չեն ճանաչում, գործունեությանը ծանոթ չեն:

«Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Տարոն Սիմոնյանը Բադասյանին ճանաչում է ուսանող տարիներից: Սիմոնյանի խոսքով, նոր նախարարը պաշտոնը ստանձնում է շատ պատասխանատու ժամանակահատվածում․ - «Հույս ունեմ, որ նա կկարողանա այդ ծանր բեռը, որ այսօր Արդարադատության նախարարության առջև ծառացել է, պատվով տանել և հաղթահարել նաև խնդիրները»:

Իշխող խմբակցության պատգամավոր Արեն Մկրտչյանը Բադասյանի հետ աշխատել է կոռուպցիայի դեմ պայքարի գծով վարչապետի օգնական լինելու ժամանակահատվածում: Նա ասում է, որ նոր նախարարը պրոֆեսիոնալ է․ - «Պետության համար առանձնակի կարևորություն ունեցող մի քանի խոշոր քրեական գործերով համատեղ աշխատանքի արդյունքում համոզվեցի, որ Ռուստամ Բադասյանը բարձր կարգի պրոֆեսիոնալ է: Ես հուսով եմ, որ նա հաջողելու է Արդարադատության նախարարի պաշտոնում: Անփորձության հետ կապված և տարիքի հետ կապված թեման, կարծում եմ, այլևս ակտուալ չի: Պարոն Բադասյանը կոռուպցիոն սկանդալներում լինելու փորձեր չունի, պարոն Բադասյանը քաղաքացիների միջոցով բիզնեսներ ծաղկեցնելու փորձ չունի, քաղաքացիներին արտագաղթի դրդելու և նման արատավոր փորձ չունի»:

Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը, թեև ծանոթ չէ Ռուստամ Բադասյանի մասնագիտական գործունեությանը, բայց նրա համար մտահոգիչ է նախարարի երիտասարդ տարիքը: Ալեքսանյանի խոսքով, նախկին նախարար Արտակ Զեյնալյանը նույնիսկ իր հարուստ փորձով չկարողացավ ոտքի կանգնեցնել համակարգը․ - «Այստեղ ամենակարևորը քրեակատարողական համակարգն է, որը Արդարադատության նախարարության համակարգում է: Ամենակարևոր բարեփոխումը պետք է լինի այս համակարգում․ կկարողանա՞ վերահսկել նախարարը, թե՞ չէ: Միշտ քրեակատարողական ծառայությունը առանձնացել է նախարարությունից՝ իր ինքնուրույն գործելաոճով: Մինչև հիմա մի լավ վիճակում չէ, չբարեփոխված է բացարձակապես»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG