Վերաքննիչ քրեական դատարանի բակն այսօր ավելի քան վեց ժամ մարտադաշտ էր հիշեցնում՝ ոչ ուղղակի իմաստով։ Քոչարյանին հերոս ու մարդասպան համարող քաղաքացիներն այսօր ևս իրար դեմ պայքարելու՝ արդեն ավանդական դարձած միջոցին էին դիմում։ Լեզվակռվով պայքարը փոխադարձ վիրավորանքների վերածվեց։ Դատարանի բակում հատկապես իրավիճակը լարվեց ու անգամ վեճից հրմշտոց սկսվեց, երբ տարածք մի քաղաքացի եկավ։
Քոչարյանի աջակիցներին դուր չէր եկել քաղաքացու պահվածքը. նա նախկին նախագահի մասին վիրավորական խոսքեր էր ասել։
Ոստիկանները միջամտեցին, արդյունքում հրմշտոցի մասնակից Քոչարյանի դեմ խոսող քաղաքացին ու երկրորդ նախագահի աջակիցը տեղափոխվեցին Ոստիկանության Շենգավիթ բաժին։
Ռոբերտ Քոչարյանի աջակիցներն այսօր էլ էին պատրաստված. արևից պաշտպանվելու համար հովանոցներ, սառցարաններ էին բերել, իսկ ավելի ուշ էլ՝ նրանց համար ջուր, հյութ, սնունդ բերվեց։
«Ձեր կարծիքով Քոչարյանի աջակիցները այլմոլորակայիննե՞ր են, սնվելու իրավունք չունե՞ն», - նշեց Քոչարյանի աջակիցներից մեկը։
«Ազատության» հարցին, թե ո՞վ է բերում այդ ջրերը, սառցարանները իրենց համար, պատասխանեց. «Մենք»։
Հակառակ կողմում կանգնած քաղաքացիներն էլ այսօր մեծ հովանոց էին բերել։ Նրանք նաև ստվարաթղթե խրտվիլակ բերեցին, փորձեցին կախել ծառից, սակայն ոստիկաները թույլ չտվեցին։ Խրտվիլակի վրա գրված էր Քոչարյան: Տարածքում իրավիճակը լարվեց հատկապես օրվա երկրոդ կեսից։ Քոչարյանին հերոս ու մարդասպան անվանող, նրա ազատությունն ու ազատազրկումը ցանկացող քաղաքացիները տարաբնույթ վանկարկումներով փորձում էին մեկմեկու լռեցնել։
Հետո վիրավորական խոսքեր հնչեցին ու անգամ սեռական բնույթի հայոյանքներ։ Այդպես Քոչարյանի աջակիցները պատասխանում էին հակառակ կողմում կանգնած քաղաքացիներին։
Սահմանադրական կարգի տապալման համար մեղադրվող Քոչարյանի դատական նիստի ավարտից հետո, դատարանի բակը խաղաղվեց. սկզբում տարածքը լքեցին Քոչարյանի դեմ ակցիա իրականացնողներն ու այնուհետ էլ՝ նրա աջակիցները։
Հիշեցնենք, որ վաղ առավոտից Վերքննիչ դատարանում շարունակվում էր Ռոբերտ Քոչարյանին կալանքից ազատելու, գործի վարույթը կասեցնելու և այն Սահմանադրական դատարան ուղարկելու դեմ բողոքների քննությունը։