Մատչելիության հղումներ

Թրամփը տվել է նախագահական ընտրություններին վերընտրվելու քարոզարշավի մեկնարկը


Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը Ֆլորիդայի Օրլանդո քաղաքում անցկացրած բազմամարդ հանրահավաքով տվեց 2020 թվականի նախագահական ընտրություններին վերընտրվելու իր քարոզարշավի մեկնարկը:

«Մենք պատրաստվում ենք ավելի լավ լինել քան նախկինում, ահա թե ինչու այս երեկո ես կանգնած եմ ձեր առաջ պաշտոնապես սկսելու իմ քարոզարշավը Միացյալ Նահանգների նախագահի պաշտոնի երկրորդ շրջանի համար», - հայտարարեց Թրամփը:

Հանրապետական նախագահը քննադատեց ընդդիմադիր դեմոկրատներին, պնդելով, թե նրանք ցանկանում են օրինականացնել միգրանտներին, որպեսզի վերջիններս քվեարկեն իրենց օգտին ու մեծացնեն դեմոկրատների քաղաքական հենարանը:

Թրամփը չմոռացավ իր դեմ արշավը, ասելով, թե քաղաքական պատմության մեջ ականատեսն էին վհուկների ամենամեծ որսին, իսկ միակ դավադրությունը եղել է դեմոկրատների կողմից:

Թրամփը օգտագործեց նախորդ քարոզարշավի կարգախոսները՝ այդ անգամ ավելացնելով նորից բառը՝ «Նորից կերտենք հզոր Ամերիկա, նորից պահպանենք ուժեղ Ամերիկան»:

Դեռ մինչև հանրահավաքը Դոնալդ Թրամփը սպառնացել է միլիոնավոր անօրինական միգրանտների վտարել Ամերիկայից: Արտաքսելու գործողությունները կսկսվեն հաջորդ շաբաթվանից և կիրականացվեն արագ տեմպերով: Թվիթերի իր էջում Թրամփը գրել է․ - «Մենք նրանց կարտաքսենք նույն արագությամբ, ինչ արագությամբ նրանք թափանցել են Ամերիկա»:

Թրամփի վարչակազմը ջանքերը կենտրոնացնելու է այն մարդկանց վրա, որոնց վերաբերյալ դաշնային դատարանները վերջնական որոշումներ են ընդունել: Նրանք պետք է լքեն երկիրը, բայց չեն ենթարկվում, չեն կատարում դատարանների որոշումները: «Վաշինգտոն փոսթը» գրել է, որ արտաքսելու միջոցառումները մշակվել են ամիսների ընթացքում:

Միգրացիոն – մաքսային ծառայությունը սովորաբար գաղտնի է պահում նախատեսվող գործողությունները, որպեսզի անօրինական միգրանտները ուրիշ տեղ չթաքնվեն: Անցյալ տարի Թրամփը Օքլենդի քաղաքապետին սպառնացել էր դատի տալ այն բանի համար, որ նա միգրանտներին զգուշացրել էր սպասվող վտարման գործողությունների մասին:

Դեռ մինչև ԱՄՆ նախագահի այս հայտարարությունները ամերիկյան մամուլը նշում էր, որ անօրինական միգրացիայի դեմ պայքարը կշարունակի մնալ Թրամփի նախընտրական արշավի հիմնական թեմաներից մեկը:

Մինչև հանրահավաքի մեկնարկը արդեն հազարավոր մարդիկ էին հավաքել:

66-ամյա Մարգարեթ Դիդը «Ասոշիեյթեդ փրեսին» ասել է, թե աջակցում է Թրամփին, որովհետև նրա քաղաքականությունը Ամերիկայի ժողովրդի օգտին է: Նա կոնկրետ օրինակ է բերել՝ ինքը հաշվապահ է ու տեսնում է, որ հարկերի կրճատման արդյունքում խնայողություններ կան:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG