Մատչելիության հղումներ

Նույն միջոցառմանը մասնակցող Նիկոլ Փաշինյանն ու Բակո Սահակյանը չեն շփվել


Վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Արցախի նախագահ Բակո Սահակյանը վերջին հեռակա բանավեճից հետո այսօր առաջին անգամ համատեղ միջոցառման էին մասնակցում: «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների 28-րդ նիստին, ինչպես նաև դրան հաջորդած ընդմիջման ընթացքում Հայաստանի և Արցախի ղեկավարները այդպես էլ ոչ մի բառ չփոխանակեցին: Բակո Սահակյանը համառորեն հրաժարվեց նաև պատասխանել լրագրողների հարցերին:

Փաշինյան-Սահակյան հեռակա բանավեճին նախորդել էր Արցախի նախագահի միջնորդությունը երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին ազատ արձակելու մասով, ինչպես նաև երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին Արցախում ցուցաբերված հատուկ ընդունելությունը մայիսյան եռատոնի միջոցառումների ժամանակ։

Արդյունքում Փաշինյանը մի քանի հրապարակային հայտարարություն էր արել որոշ ուժերի մասին, որոնք փորձում են թշնամանք հրահրել Արցախի և Հայաստանի միջև, ասել էր, որ միայն իր իշխանության գալուց հետո է Արցախին փոխանցվել բանակցային փաստաթղթերը, չնայած որ ժամանակին Հայաստանի իշխանության ղեկին եղել են Արցախի ղեկավարության պարի ընկերները:

«Ազատությունը» Բակո Սահակյանի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանից հետաքրքրվեց՝ մինչև միջոցառումը Փաշինյանն ու Սահակյանը հանդիպում ունեցե՞լ են, փորձե՞լ են քննարկել վերջին իրադարձությունները։

«Չի կարող պարզապես Մայր Հայաստանի և Արցախի միջև լինեն լարված հարաբերություններ, հատկապես ղեկավարության։ Սա ոչ թե ինչ-որ անձնական քմահաճույքների խնդիր է, սա հրամայական է, որը կարծում եմ՝ բոլորի համար էլ պարզ է։ Հարաբերությունները գործնական են, հարաբերությունները, ինչպես և պետք է լինի մեկ հայրենիքի երկու հատվածների ղեկավարների միջև, գտնվում են համապատասխան բարձր մակարդակի վրա», - պատասխանեց Բաբայանը՝ շարունակելով, - «Մենք պարտավոր ենք ունենալ մեկը մյուսի հետ նորմալ, բարեկամական հարաբերություններ։ Կան ղեկավարներ, որոնք իրար հետ ո՛չ բարեկամ են, ո՛չ ընկեր են, ո՛չ եղբայր են, միգուցե իրենց կյանքի ճանապարհները նույնիսկ մոտ չի եղել երբևիցե, բայց երբ որ այդ մարդիկ, կապ չունի առանց անուն տալու, դառնում են ղեկավարներ, լինի դա Մայր Հայաստանում, թե Արցախում, պիտի վարվեն իրար հետ ինչպես եղբայր, ինչպես ամենամոտ բարեկամ, ինչպես ընկեր, ինչպես հարազատ, որովհետև սա հրամայական է բոլորիս համար։ Ո՞նց կարող է լինել, որ Արցախի և Մայր Հայաստանի միջև խնդիրներ լինի»։

«Ազատության» հարցին՝ մինչ միջոցառման պաշտոնական մեկնարկը հանդիպում եղե՞լ է Փաշինյանի և Բակո Սահակյանի, պատասխանեց. «Միասին այնտեղ՝ ներքևում, հանդիպել են բոլորը մինչև բարձրանալը, այսինքն խնդիր չկա էլի, որ մենք տենց ուրճացնենք»։

Թե՛ Փաշինյանը, թե՛ Սահակյանը «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամներ են։ Որոշ անդամներ, օրինակ, Սահմանադրական դատարանի (ՍԴ) նախագահ Հրայր Թովմասյանը, նախընտրել էին ընդհանրապես չներկայանալ նիստին:

Միջոցառման սկզբում ներկաները փաստեցին վերջին մեկ տարին հիմնադրամի համար դժվարին ժամանակներ էին: Նախկին տնօրեն Արա Վարդանյանի կողմից հիմնադրամի միջոցներն անձնական նպատակներով օգտագործելու փաստը, ըստ հոգաբարձուների խորհրդի նախագահ Արմեն Սարգսյանի, մեծ հարված է հասցրել կառույցի հեղինակությանը:

«Նախկին գործադիր տնօրենի՝ պարոն Վարդանյանի, գործունեության առիթով, ես հույս ունեմ, որ բոլորիս այդ էջը փակելու ենք և դնելու ենք մի կողմ, սակայն միշտ հիշելու ենք, որ նմանատիպ կեցվածքը և պահվածքը բացարձակապես անընդունելի է», - ընդգծեց Սարգսյանը։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ելույթում նշեց՝ «Հայաստան» համահայկական հիմնադրամից ակնկալում է ավելի ազդեցիկ ու ոգեշնչող ծրագրեր։ Նրա խոսքերով՝ հիմնադրամը պետք է դառնա մեր համազգային բյուջեն, մինչդեռ հիմնադրամի գործունեության որոշ դրվագներ կողքից այլ կերպ են ընկալվում, մասնավորապես, խոսքը, ըստ վարչապետի, Հայաստանի կամ հայկական համաշխարհային ներուժի դեմիստիֆիկացիայի մասին է։

«Հասկանանք, թե ինչպես է դա երևում կողքից, դրսից ուրիշների համար։ Ուրիշների համար հարց է ծագում՝ սա՞ է հայկական ներուժը, հայկական ներուժը այն է, որ ամբողջ աշխարհում հավաքվում է 15 միլիոն դոլար և դրա համար ուրախանո՞ւմ։ Ուզում եմ ընդգծել, որ հայկական ներուժի դեմ ձեզ և մեզ հայտնի ուժերը տարեկան միլիարդավոր դոլարներ են ծախսում, որպեսզի հայկական ազդեցությունը ամբողջ աշխարհում նվազեցնեն։ Գալիս է պահեր, որ այդ պրոցեսին, հայկական ներուժի իմիջին հարվածելու համար երբեմն մենք ինքներս շատ ավելի մեծ աշխատանք ենք անում, քան անում են մեր հակառակորդները», - ասաց վարչապետը։

Նիստի ընթացքում արձանագրվեց նաև, որ 2018 թվականի հեռուստամարաթոնին հիմնադրամին սատարողների թիվն ավելացել է մոտ 20 տոկոսով, իսկ հիմնադրամում իրականացված վերջին մեկ տարվա աուդիտի արդյունքները եղել են դրական:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG