Մատչելիության հղումներ

ՍԴ-ն շարունակաբար հրաժարվել է ընտրությունների արդյունքում կոնկրետ խախտումները քննության առարկա դարձնելուց. Վահե Գրիգորյան


Սահմանադրական դատարանն իր հեղինակության նկատմամբ ամենազգալի հարվածը կերել է ընտրական վեճերով իրականացված արդարադատության արդյունքում իր կայացրած որոշումների հետևանքով, այսօր Ազգային ժողովում իր ելույթում հայտարարեց Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածու Վահե Գրիգորյանը։

«Ես կարծում եմ, որ դրա համար բազմաթիվ օբյեկտիվ հիմքեր են եղել, եղել է, որ Սահմանադրական դատարանն իրեն հեռացրել է փաստերը քննելու իր սահմանադրական լիազորություններն իրագործելու կարգավիճակից փաստացի և արդյունքում այլ իրավասու ատյանների կողմից կայացված որոշումներով կամ փաստերի վերաբերյալ գնահատականների վրա է սկսել հիմնել իր դատողությունները ընտրությունների արդյունքում կայացրած որոշումների վիճարկման գործերով։ Այս գործելաոճը դատարանը սկսել է նույնիսկ մինչև 2015 թվականի Սահմանադրական փոփոխությունները», - հայտարարեց Գրիգորյանը։

Ըստ ՍԴ դատավորի թեկնածուի, Սահմանադրական դատարանը շարունակաբար հրաժարվել է ընտրությունների արդյունքում կոնկրետ խախտումները համակարգային վերլուծության, քննության առարկա դարձնելուց։

Գրիգորյանը նշեց՝ որոշումների կատարման մեխանիզմի ներդրման անհրաժեշտությունը վաղուց բախում է Սահմանադրական դատարանի դռները։

«Ինչպես կասեին միջնադարյան փիլիսոփաները՝ դատարանը պետք է քննի իշխանության երիկամները, սրանք բացարձակ քննության առարկա պետք է լինեն և մնացած բոլոր ատյանների կողմից կայացված որոշումները՝ մանավանդ հաշվի առնելով, որ այդ ատյանները լինեն դրանք դատական, թե իրավական, կարող են որոշակի ազդեցություն ունենալ գործադիր և օրենսդիր իշխանությունից, օրվա քաղաքական իշխանությունից», - ասաց Գրիգորյանը։

ՍԴ-ն պետք է ունենա Հայաստանի Հանրապետությունում քաղաքացիների իրավունքների և ազատությունների խախտումների համատեքստում խոցելի խմբերի թիրախավորման և նրանց վերաբերյալ համալիր իրավական վերլուծություն իրականացնելու գործառույթ, մասնավորապես ասաց Գրիգորյանը։

ԱԺ-ն քննարկում է Սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնում Վահե Գրիգորյանի ընտրության հարցը։ Նրա թեկնածությունն առաջադրել է նախագահ Արմեն Սարգսյանը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG