Վերաքննիչ քրեական դատարանում այսօր կշարունակվի Մարտի 1-ի գործով առանցքային մեղադրյալ, Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործով բողոքների քննությունը։
Դատավոր Արմեն Դանիելյանը, ով նախորդ նիստից հետո անցել է խորհրդակցական սենյակ ինքնաբացարկի միջնորդությունը քննելու, այսօր կհրապարակի այդ մասին որոշումը։
Սա դատավոր Արմեն Դանիելյանին ներկայացված ինքնաբացարկի երկրորդ միջնորդությունն է։ Առաջինը ներկայացրել էր Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանը. Քոչարյանի կողմը կասկածներ ուներ դատավորի՝ էլեկտրոնային եղանակով նշանակման գործընթացի հետ կապված: Դատավոր մերժել էր այդ միջնորդությունը: Երկրորդը ներկայացրել է տուժողներից մեկի ներկայացուցիչ, փաստաբան Սեդա Սաֆարյանը։
2008-ից հետո նախագահ Սերժ Սարգսյանի կարգադրությամբ ձևավորված փորձագետների փաստահավաք խմբի անդամ Սեդա Սաֆարյանը դատարանում ինքնաբացարկ հայտնելու միջնորդությունը ներկայացնելիս հայտարարել էր, որ դատավոր Արմեն Դանիելյանը ժամանակին նշանակվել է Քոչարյանի հրամանագրով, բացի այդ, Դանիելյանը Մարտի 1-ի գործով մի քանի վճիռներ ունի, որոնք, Սաֆարյանի գնահատմամբ, արդարացի չեն:
Քոչարյանի պաշտպանները չեն միացել Սաֆարյանի միջնորդության նկարագրությանը, բայց միացել են եզրափակիչ մասին։
Ինքնաբացարկի միջնորդություններ էին ներկայացրել նաև մեղադրյալներ Սեյրան Օհանյանի և Յուրի Խաչատուրովի փաստաբանները։
Ինքը՝ Քոչարյանը միանալով այդ միջնորդություններին հայտարարել էր՝ սա դատավոր Դանիելյանի «թափի գործը չի», և զգուշացրել, որ հետագայում մարդիկ այս գործի համար խիստ պատասխանատվության են ենթարկվելու:
«Ծանոթ լինելով այս քրեական գործին, որը ուղղակի ամբողջությամբ կարած գործ է, մենք դեռ հասնելու ենք նրան, որ ինքնաբացարկ տաք: Հուսով եմ, որ կտաք: Բայց ելնելով այս ամեն ինչից և Ձեր նկատմամբ հնչեցված անվստահության կարծիքներից՝ ևս մեկ անգամ հորդորում եմ Ձեզ՝ Ձեր յախան թափ տվեք էս գործից», - նշել էր մեղադրյալ Քոչարյանը։
Դատախազները նշել են, որ դատավորի՝ Քոչարյանի կողմից նշանակված լինելու փաստը հիմք չէ ինքնաբացարկի համար, իսկ միջնորդության երկրորդ մասը թողել են դատավորի հայեցողությանը՝ նշելով, որ եթե դատավորը գտնում է, որ նախկինում Մարտի 1-ին առնչվող գործերով իր կայացրած որոշումները կկաշկանդեն իրեն արդարացի որոշում կայացնել, ապա թող ինքնաբացարկ ներկայացնի։