Մատչելիության հղումներ

Ուկրաինայի նախագահը եվրոպական գործընկերներին կոչ է անում խստացնել Ռուսաստանի դեմ պատժամիջոցները


Եվրոպան չի կարող լիարժեք պաշտպանված լինել, քանի դեռ Ռուսաստանը իրեն այնպես է պահում, ասես միջազգային իրավունք գոյություն չունի, Փարիզում Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնի հետ համատեղ մամուլի ասուլիսին երեկ հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին:

Սա Զելենսկու առաջին արտասահմանյան այցն էր: Ելիսեյան պալատում բանակցությունները նախատեսվածից երկու անգամ երկար են տևել, իսկ համատեղ ասուլիսին հայտարարվել է, որ Նորմանդական քառյակի շրջանակներում նոր բանակցություններ են կազմակերպվելու: Ուկրաինական հակամարտության կարգավորման խաղաղ գործընթացը առաջ մղելու նպատակով ստեղծված Նորմանդական քառյակը ներառում է Ուկրաինան, Ռուսաստանը, Ֆրանսիան և Գերմանիան:

Փարիզում երեկ կայացած Զելենսկի – Մակրոն բանակցությունների հիմնական հարցը իրավիճակն էր Ուկրաինայի արևելքում և նախագահները քննարկել են պատերազմին վերջ տալու հնարավորությունը: Զելենսկու խոսքով պատերազմը վերջացնելու միակ ճանապարհը բանակցությունները և պատժամիջոցներն են:

Ֆրանսիայի նախագահն իր աջակցությունն է հայտնել Զելենսկուն այս հարցում և Դոնբասում իրավիճակը կարգավորելու շուրջ Մոսկվայի հետ երկխոսությունը շարունակելու պատրաստակամություն հայտնել:

Նորմանդական քառյակին և Մինսկի համաձայնագրերին այլընտրանք չկա, երեկ հայտարարել է Զելենսկին, հայտարարելով, թե պատրաստ չէ երկխոսության Դոնբասի անջատողականների հետ:

Ֆրանսիայի նախագահը իր հերթին հայտարարել է, որ Նորմանդական քառյակի հաջորդ բանակցություններն արդեն նախապատրաստվում են և հանդիպումն անցնելու է Փարիզում: Եթե այն տեղի ունենա, դա կդառնա Զելենսկու և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի առաջին շփումը:

Ի դեպ՝ Պուտինը Զելենսկուն չի շնորհավորել նախագահ ընտրվելու կապակցությամբ, իսկ Զելենսկին հենց երդմնակալության օրը հանդիպել է Միացյալ Նահանգների պատվիրակության հետ և հայտարարել, որ անհրաժեշտ է խստացնել պատժամիջոցները Ռուսաստանի դեմ, քանի դեռ Կրեմլը չի կատարում Մինսկի համաձայնագրերը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG