Մատչելիության հղումներ

Ղրղըզստանի նախկին նախագահը կարող է կանգնել դատարանի առաջ


Ղրղըզստանի նախկին նախագահ Ալմազբեկ Աթամբաև
Ղրղըզստանի նախկին նախագահ Ալմազբեկ Աթամբաև

Ղրղըզստանի նախկին նախագահ Ալմազբեկ Աթամբաևը շուտով կարող է կանգնել դատարանի առաջ աղմկահարույց մի շարք մեղադրանքներով՝ իշխանության բռնազավթումից մինչև խոշոր կոռուպցիա:

Խորհրդարանական ժամանակավոր հանձնաժողովը, որը ամիսներ առաջ էր ստեղծվել նրան անձեռնմխելիությունից զրկելու հարցով, երեկ հայտարարեց՝ նախկին նախագահն անցնում է քրեական օրենսգրքի 9 հոդվածներով:

«Փաստերն առավել քան բավարար են», - պնդեց հանձնաժողովի անդամ Տալանտ Մամիտովը, - «Սրանով մենք՝ ներքոստորագրյալ պատգամավորներս, նախաձեռնում ենք նախկին նախագահ Ալմազբեկ Աթամբաևին մեղադրանք առաջադրելու գործընթաց՝ նրան անձեռնմխելիությունից զրկելու համար»:

Ըստ ժամանակավոր հանձնաժողովի, նախկին նախագահն անցնում է Բիշքեքի ջերմաէլեկտրակայանի քրեական գործով, ըստ որի կառույցի արդիականացման ընթացքում բյուջեից մսխվել էր ավելի քան 110 միլիոն դոլար: Պատգամավորները նաև կասկածում են, որ նախկին նախագահը ապօրինի կերպով հսկայական հողակտորի սեփականատեր է դարձել մայրաքաղաքի մերձակայքում և օգտագործել պաշտոնեական դիրքը՝ նախկինում իրեն պատկանող ընկերությունն առաջ տանելու, դրա միջոցով իր եկամուտները բազմապատկելու համար:

«Բացի այդ, պաշտոնավարման ընթացքում Աթամբաևը 23 հատ հրազեն է նվիրել Ռուսաստանի քաղաքացիներին, որոնք հայտնի են հանցավոր աշխարհի հետ իրենց կապերով», - հայտարարում էր խորհրդարանական ժամանակավոր հանձնաժողովի անդամը:

Հրազենը կարող է նվիրաբերվել Ղրղըզստանի զարգացման գործում ունեցած մեծ ավանդի համար, մինչդեռ այս դեպքում այդ նվերը ստացածների 97 տոկոսը չեն եղել Ղրղըզստանում, ավելին՝ նրանց շարքում կան կազմակերպված հանցավոր խմբավորումների ներկայացուցիչներ:

Երեկվա լսումների ժամանակ հայտնի դարձավ, որ նախկին նախագահի դեմ ցուցմունք է տվել նաև նրա վաղեմի դաշնակիցներից մեկը՝ նախկին փոխվարչապետ Շամիլ Ատախանովը: Իրավապահների խոսքով, վերջինս համաձայնել է համագործակցել քննության հետ և պատմել է, որ իշխանավարման ժամանակ Աթամբաևի հրահանգով կալանքից ազատ է արձակվել հանցավոր աշխարհի ներկայացուցիչ, օրենքով գող Ազիզ Բատուկաևը:

Այս և մյուս մեղադրանքները դեռ պետք է հաստատվեն դատախազությունում, ինչից հետո արդեն խորհրդարանը քվեարկության կդնի նախկին նախագահին անձեռնմխելիությունից զրկելու հարցը:

Աթամբաևը առաջնորդում էր Ղրղըզստանը 2011-2017 թվականներին, և առաջինն էր երկրի ղեկավարների մեջ, ով ինքնակամ հեռացավ պաշտոնից՝ իր աջակցությունը հայտնելով նախկին վարչապետ, այժմ՝ նախագահ Սոորոնբայ Ժեենբեկովին: Անցած տարվա մարտից, սակայն, երկուսի հարաբերությունները կտրուկ սրվեցին. երբեմնի դաշնակիցները հայտնվեցին բարիկադների տարբեր կողմերում, երբ նոր իշխանությունը կոռուպցիայի մեղադրանքով ազատազրկեցնախկին նախագահի տասնյակ թիմակիցների ու մերձավորների:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG