Մատչելիության հղումներ

Կարծում եմ՝ ժամանակն է, որ այդ հեղափոխական թրենդից դուրս գանք. Նաիրա Զոհրաբյան


«Կարծում եմ՝ ժամանակն է, որ այդ հեղափոխական թրենդից դուրս գանք», - այսօր «Ազատության» «Ֆեյսբուքյան ասուլիս» հաղորդման ժամանակ հայտարարեց Ազգային ժողովի պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը։

Պատասխանելով օգտատերերի հարցերին, որ Աբովյանի ընտրություններից հետո հայտարարել է, թե «աբովյանցին ցույց տվեց, որ ոչ մի «դմփ, դմփ, հու» չի կարող իրեն քաղաքացուց ամբոխի վերածել», այս խոսքերով նա վիրավորել է 8050 այն քաղաքացիներին, ովքեր չեն ընտրել իրենց թեկնածուին, միթե՞ սրանով պատգամավորի էթիկա չի խախտել, պատասխանեց. «Կարծում եմ, որ ժամանակն է, որ այդ հեղափոխական թրենդից դուրս գանք։ Իմ ասածի մեջ որևէ վիրավորանք չկա, ուղղակի վերջին շրջանում ակնհայտ է մի վատ տենդենց՝ անընդհատ փորձել տարբեր ելույթներով, տարբեր քայլերով գրգռել հանրության մի հատվածի ամենանվազագույն բնազդները»։

«Իմ ասածը վերաբերել է նրան՝ երբ որ փորձ էր արվում Աբովյանում ստեղծել մի մթնոլորտ, երբ մարզպետը գերազանցելով Սահմանադրությամբ իրեն վերապահված լիազորությունները, զբաղված էր ինքնիրավչությամբ։ Ես նորից դիմում եմ Կենտրոնական ընտրական հանձնաժողովին, հարգարժան պարոն Մուկուչյան, հույս ունեմ, որ Դուք կփորձեք պարզել, թե ինչո՞ւ էր մարզպետը խախտում Ընտրական օրենսգիրքը և ըտրության օրը տեղամասերում 50 մետր հեռավորության տարածությունը խախտում, երբ որ մեզնից որևէ մեկը թույլ չտվեց անգամ մոտենալ որևէ ընտրական տեղամասի», - նշեց Զոհրաբյանը։

Անդրադառնալով նրան, որ Կոտայքի մարզպետը նշել էր՝ «ես այդ տեղամասում էի և տեղամասից դուրս եկա ու չէի հեռացել, երբ իմացա ցուցակի մասին և վերադարձա», Զոհրաբյանը ասաց. «Ինքը ճիշտ չի ասում, ինքը բոլոր ընտրատեղամասերում խախտել է անհրաժեշտ սահմանը։ Եվ ընդհանրապես ինքը այդ օրը իրեն վերագրել էր, մարզպետի գործառույթները մոռացել էր, ինքը այդ օրը դիտորդ էր, վստահված անձ էր, հրշեջ էր, որը փորձում էր ամեն տեղ ինչ-որ բաներ հանգցներ, որոնք իրականում չկային»։

Հարցին էլ՝ ընդունո՞ւմ է այն հայտրարությունները, որ Առինջը և Աբովյանը Գագիկ Ծառուկյանի լիազորության շրջանակում գործող տարածք են և ընտրությունների ժամանակ նորմալ է, որ ընտրում են իրեն, պատասխանեց. «Ես չեմ կարող մարդկանց ասել՝ դուք շնորհակալ մի եղեք։ Եթե էնտեղ կան մարդիկ, ովքեր երախտապարտ են, ովքեր գնահատում են այն ամենը, ինչ տարիներ շարունակ Գագիկ Ծառուկյանը արել է Աբովյան քաղաքի, Կոտայքի մարզի համար, մենք պիտի շնորհակալ, լինենք, մենք պիտի ուրախ լինենք, որ քաղաքացին շնորհակալ է»։

«Շատ վտանգավոր զարգացումներ եմ ես տեսնում՝ հասարակությանը էստեղ սև ու սպիտակի բաժանելու, հասարակության ամենաստորին բնազդները անընդհատ ինչ-որ պրովոկացիայի տանելու, անընդհատ էդ բնազդները գրգռելու, որպեսզի հասարակությունը անընդհատ ուզի նոր զոհ, նոր արյուն, թշնամու նոր կերպար։ Էսպես մենք ճանապարհ չենք գնալու, էսպես մենք երկրի խնդիրները չենք լուծելու», - ընդգծեց Զոհրաբյանը։

Հաղորդումն ամբողջությամբ կարող եք դիտել այստեղ․

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG