Մատչելիության հղումներ

ԲԴԽ անդամ․ Եթե ինձ վրա ճնշում լինի, ավելի շատ կմնամ


Բարձրագույն դատական խորհրդի անդամ Հայկ Հովհաննիսյան

«Բարձրագույն դատական խորհուրդը այսօրվանից չի կարող ընդունել որոշումներ՝ քվորումի բացակայության պատճառով», - «Ազատությանը» փոխանցեց ԲԴԽ անդամ Հայկ Հովհաննիսյանը։

Փաստացի 9 հոգանոց ԲԴԽ 5 անդամներ՝ այդ թվում խորհուրդը նախագահող Գագիկ Հարությունյանը, հրաժարական ներկայացրեցին դատական համակարգում վիրահատական միջամտության անհրաժեշտության մասին վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտնի ելույթից հետո։

Վերջին հրաժարական ներկայացնողները Սերգեյ Մեղրյանն ու Արմեն Բեքթաշյանն էին: Նրանց լիազորությունները դադարեցվել են այսօր՝ խորհրդի նիստից հետո:

«Որոշումներ կայացնելու համար մեզ պետք է կա՛մ պարզ մեծամասնություն, կա՛մ որակյալ մեծամասնություն՝ եթե խոսքը վերաբերում է, օրինակ, կարգապահական պատասխանատվության հարցերի լուծման: Երկու դեպքում էլ քվորումի բացակայություն ունենք, բայց չորս անդամները կան, մենք պետք է գանք աշխատանքի, համակարգենք դատական դեպարտամենտի ոլորտային աշխատանքները», - նշեց Հայկ Հովհաննիսյանը:

ԲԴԽ-ի լիազորությունները մի քանի տասնյակ են՝ Սահմանադրությամբ ու Դատական օրենսգրքով սահմանված։ Բարձրագույն դատական խորհուրդն է կազմում ու հաստատում դատավորների թեկնածուների ցուցակները, նախագահին առաջարկում նշանակել դատավորների, դատարանների նախագահների և Վճռաբեկ դատարանի պալատների նախագահների թեկնածուներին, լուծում է դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու, անգամ՝ լիազորությունները դադարեցնելու հարցերը: Նաև դատարանների ծախսերը հաշվարկելն ու կառավարությանը ներկայացնելն է խորհրդին վերապահված:

Ի տարբերություն Սերգեյ Մեղրյանի, որը հրաժարականի դիմումում գրել էր, թե պաշտոնավորումը այլևս նպատակահարմար չի համարում՝ ԲԴԽ-ի նկատմամբ անվստահությունը վերացնելու նկատառումներով, հրաժարական ներկայացրած Արմեն Բեկթաշյանը իր որոշումը չէր պատճառաբանել։

Այսօր հարցը նրան նույնիսկ հունից հանեց: Նրան ուղղված «Ազատության» բոլոր հարցերը մնացին անպատասխան:

ԲԴԽ-ից այս պահին չի պատրաստվում հեռանալ Հայկ Հովհաննիսյանը․ - «Կտամ այդ հրաժարականը, թե ոչ՝ կյանքը ցույց կտա: Այս պահին չեմ պատրաստվում հրաժարական տալ, որովհետև չեմ տեսնում այն պատճառները կամ հիմքերը, որի համար անձամբ ես պետք է հրաժարական տամ»:

Հարցին, թե կա՞ արդյոք հասարակության անվստահության գործոնը, Հովհաննիսյանն արձագանքեց․ - «Եթե Դուք ինձ բնորոշեք կամ տաք այդ բնորոշումը, թե հասարակությունը ով է, ես Ձեզ կպատասխանեմ․․․ Հասարակությունը շատ ավելի լայն է, քան մի քանի պատգամավորի ելույթ, դա մեկ: Եվ երկրորդը, անձամբ ես չեմ պատրաստվում դեռ հրաժարական տալ: Տեսնեմ ինչ կազմ կլրացվի: Հնարավոր է այդ կազմի հետ ուղղակի չցանկանամ աշխատել»:

Հայկ Հովհաննիսյանին չի կաշկանդում նախկին իշխանության՝ Հանրապետականի ու Դաշնակցության կողմից առաջադրված ու ընտրված լինելը: Նրա կարծիքով, դա հեռանալու բավարար պատճառ չէ․ - «Եթե դա առիթ է, որպեսզի ես հեռանամ, ուրեմն ինձ հետ միասին պետք է հեռանա Զոհրաբ Մնացականյանը, Տիգրան Խաչատրյանը, Դավիթ Տոնոյանը և բազում այլ պետական գործիչներ, որոնք այսօր աշխատում են: Մենք ի վերջո պե՞տք է գիտակցենք, որ կա տեխնոկրատիա, կան մասնագետներ, թե՞ մեզ մոտ բոլորը պիտի շարժվեն քաղաքական հոսանքներին հավասար»:

Նա ասաց, որ իշխանության կողմից իր վրա որևէ ճնշում չկա․ - «Եթե լինի այդպիսի ճնշում, ես կբարձրաձայնեմ: Եվ ես դրա համար էլ հանգիստ մնացել եմ: Եվ եթե ճնշում լինի, ավելի շատ կմնամ»:

ԲԴԽ անդամը հակադարձեց դատավորների ընդհանուր ժողովի՝ մայիսի վերջին տված գնահատականին, թե ինքն ու գործընկերները չեն երաշխավորում դատավորների անկախությունը: Դատավորները ԲԴԽ-ին փաստացի անգործության մեջ էին մեղադրել։

«Մարդիկ իրենք իրենց հարցին պատասխանել են: Ի վերջո դատարաններն են, որ սպասարկել են իշխանության շահերը, ինչպես իրենք են նշում: Եվ եթե դա այդպես է, ուրեմն սպասարկուի անկախությունը երաշխավորելը լա՞վ է, թե՞ վատ: Միգուցե դա դրակա՞ն գնահատական է», - ասաց Հովհաննիսյանը:

Փաստաբան Գևորգ Գյոզալյանը կարծում է, որ դատական համակարգում կա ճգնաժամ, որի լուծումներից մեկն էլ ԲԴԽ-ի ողջ կազմի հեռացումն է․ - «Եթե ԲԴԽ-ն իր տեղում լիներ, աշխատեր, ես հավատացնում եմ Ձեզ, որ ո՛չ վեթինգի, ո՛չ անցումային արդարադատության կարիք չէր լինի: Վեթինգը ինչի՞ն է կոչված․ որպեսզի դատավորների քաղաքական կապերը ստուգեն և այլն, և այլն: Եթե ԲԴԽ-ն մեկ տարվա ընթացքում զբաղվեր էդ գործով, նաև ցանկանում եմ ներառել թե՛ Կարգապահական հանձնաժողովը և թե՛ Արդարադատության նախարարությունը, այսինքն եթե այդ եռամիասնության մեջ դիտարկենք էդ խնդիրը, ապա կտեսնենք, որ այս երեք մարմիններն էլ իրենց տեղում չեն եղել»:

ԲԴԽ հինգ իրավաբան-գիտնական անդամներին ընտրում է Ազգային ժողովը, մյուս հինգին՝ դատավորներին՝ դատավորների ընդհանուր ժողովը:

Այս պահին մեկ թեկնածուի մասին է հայտնի՝ իշխանական «Իմ քայլը» առաջադրել է Գրիգոր Բեքմեզյանին: Նրա ընտրությունը Ազգային ժողովում տեղի կունենա այս շաբաթ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG