Մատչելիության հղումներ

«Փարոս» երգչախումբը հյուրախաղերով հանդես կգա Փարիզում


«Փարոս» կամերային երգչախումբի համահիմնադիր, տնօրեն Արմեն Ալավերդյան

Անցած տարի նոյեմբերին Ալեքսանդր Սպենդիարյանի անվան Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում հանդիսությամբ նշվեց իր տեսակի մեջ եզակի, ներառական «Փարոս» կամերային երգչախումբի հիմնադրման 25-ամյա հոբելյանը:

«Ունիսոն» հասարակական կազմակերպությանը կից գործող երգչախումբը վաղուց արդեն ոչ միայն Հայաստանում է արժանացել մեծ ճանաչման, այլև բազմաթիվ արտասահմանյան երկրներում, որտեղ միջազգային մի շարք մրցույթների դափնեկիր է դարձել:

Երգչախումբն այսօր Հայաստանի «Ունիսոն» հասարակական կազմակերպության ղեկավար և երգչախմբի համահիմնադիր, նաև երգչախմբի տնօրեն Արմեն Ալավերդյանի գլխավորությամբ մեկնեց Փարիզ, որտեղ հունիսի 18-23 տեղի կունենան երգչախմբի հյուրախաղերը:

«Փարոս»-ը հանդես կգա ֆրանսիական «Vox Sirenis» կամերային երգչախմբի հետ համատեղ՝ փարիզյան լավագույն համերգասրահներում: Առաջին համերգը կկայանա վաղը Փարիզի հանրահայտ Հաշմանդամների պալատում:

Փարիզ մեկնելուց առաջ «Ունիսոն» հասարակական կազմակերպության գործադիր տնօրեն, երգչախմբի համահիմնադիր և տնօրեն Արմեն Ալավերդյանը «Ազատության» հետ զրույցում ասաց․ - «Ամենակարևոր և մեծ համերգը կկայանա Հաշմանդամների պալատում հունիսի 18-ին: Կլինեն ևս երկու համերգներ՝ ամսի 21-ին բացօթյա, և 22-ին՝ եկեղեցում: Արդեն դա կլինի հոգևոր երաժշտության համերգ»:

Հյուրախաղերի հրավերը երգչախումբը ստացել էր ֆրանսիական կողմից: Առհասարակ, հրավերներ երգչախումբը շատ է ստանում, բայց, Ալավերդյանի խոսքով, միշտ չէ, որ կարող են ընդունել այս կամ այն հրավերը․ - «Անցած տարվա աշնանը, Ֆրանկոֆոնիայի օրերին «Vox Sirenis» երգչախումբը ժամանել էր Հայաստան: Նախապես իրենք մեզ հետ կապվել են, ասել են, որ ուզում են հենց մեզ հետ համատեղ համերգ կազմակերպել Կոմիտասի թանգարան ինստիտուտում: Մենք, բնականաբար, համաձայնվեցինք, ծրագիրը համաձայնեցրինք: Շատ հաջող համերգ եղավ, խանդավառությամբ ընդունվեց: Նաև շատ հաճելի շփում եղավ նրանց հետ»:

Եվ հենց Երևանում էլ երգչախումբը ստացել է հրավերն ու ահա այսօր արդեն մեկնել Փարիզ, որտեղ հանդես կգա երեք համերգով՝ երեք տարբեր ծրագրերով․ - «Մենք շուրջ 50 երգ ենք պատրաստել՝ Կոմիտաս, Սյունի, Էդգար Հովհաննիսյան, Օդաբաշյան, նաև արտասահմանյան հեղինակներ»:

Ալավերդյանի փոխանցմամբ, Փարիզ մեկնելու է երգչախմբի 45 հոգանոց խումբ․ - «Երգիչները 35 հոգի են, որոնցից շուրջ 15-ը սայլակ օգտագործող մարդիկ են: Բայց կա նաև չտեսնող, այլ խնդիրներ ունեցողներ: Նշեմ, որ մեր երգչախումբը ներառական է, այսինքն մենք հիմա ունենք հաշմանդամություն չունեցող երգիչներ: Նրանք փոքրամասնություն են, բայց ունենք»:

Պատասխանելով երգչախմբի հիմնախնդիրների մասին հարցին՝ Արմեն Ալավերդյանն ասաց․ - «Բարդ է աջակցության հարցը: Համազգեստը արդեն հնացել է: Ես մեծ հույսեր ունեի, որ մենք մինչև Ֆրանսիա մեկնելը կհասցնենք փոխել, էսքիզները արդեն կան, բայց, ցավոք սրտի, այդ ամենը մնաց համակարգչի մեջ: Բայց շատ մեծ պատիվ է, կարծում եմ, օգնել այսպիսի երգչախմբին․ ոչ թե օգնել հացով, ջրով, սոցիալական հարցերում, այլ ընդամենը գեղեցիկ ներկայանալ բեմում»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG