Մատչելիության հղումներ

Վեթինգի գործընթացը կազմալուծել է Ալբանիայի Գերագույն դատարանը


Ալբանիայի Գերագույն դատարանը
Ալբանիայի Գերագույն դատարանը

Ալբանիայում մի քանի տարի առաջ սկսված դատական բարեփոխումներից ու վեթինգից հետո այսօր Գերագույն դատարանի 17 դատավորներից ընդամենը երկուսն են մնացել:

«Դատարանի բարձրադիր ամբիոնը հիմա ստվարաթղթե տուփերով է լցված, պատի ժամացույցը կանգնած է, նիստերի դահլիճը վերածվել է պահեստի», - այսօր լույս տեղած հոդվածում պատմում է Financial Times-ի թղթակիցը, հավելելով՝ դատարանը գրեթե դադարեցրել է աշխատանքը, ներկայացված մոտ 30,000 գործերը ժամանակավորապես սառեցվել են ու մնացել չքննված:

Հեղինակավոր պարբերականը փաստում է՝ հենց այս դժվարին, բայց անհրաժեշտ բարեփոխումներով է բալկանյան երկիրը փորձում ամրապնդել Եվրամիությանն անդամակցելու իր հնարավորությունները:

«Անցյալում լինելով Եվրոպայի ամենաբռնապետական, կոմունիստական երկրներից մեկը՝ Ալբանիան այժմ պայքարում է արդար ու անկախ ինստիտուտներ կառուցելու համար», - գրում է FT-ը մանրամասնելով՝ երկրում դատական կոռուպցիան համատարած բնույթ էր կրում: 2017 ին ՄԱԿ-ի Զարգացման ծրագրով իրականացված հարցումները փաստել էին՝ ալբանացիների 70 տոկոսից ավելին չէր հավատում, որ դատական համակարգը կարող է պաշտպանել իրենց իրավունքները:

«Ալբանիայում դատարան գնալը նման էր Sotheby’s-ի աճուրդ այցելելուն. վճիռը հրապարակվում էր հօգուտ այն կողմի, որն ավելի մեծ գումար էր առաջարկում», - FT-ին ասել է Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայի քաղաքապետ, իշխող Սոցիալիստական կուսակցության ներկայացուցիչ Էրիոն Վելիայը:

Միացյալ Նահանգների ու Եվրամիության խիստ ճնշումներից հետո՝ տարիներ առաջ, Ալբանիայի խորհրդարանը միաձայն հավանություն տվեց երկրի դատավորներին ու դատախազներին ստուգելու, նրանց կարողությունները, հանցավոր աշխարհի հետ կապերն ու մասնագիտական հմտությունները քննելու օրինագծին: - «Այսօրվա դրությամբ վեթինգի ենթարկված 150 անձանց մոտ 60 տոկոսը աշխատանքից ազատվել են կամ հրաժարական ներկայացրել, հարյուրավորներն էլ սպասում են քննության իրենց հերթին», - գրում է FT-ը:

«Չնայած համակարգում առկա թերություններին՝ սա ամենալավ բանն էր, որ արվել է Ալբանիայում վերջին 20 տարվա ընթացքում», - բրիտանական պարբերականի հետ զրույցում ասել է տեղի Քաղաքական ուսումնասիրությունների ինստիտուտի տնօրեն, վեթինգը դիտարկող փորձագետ Աֆրիմ Կրասնիքին, փաստելով՝ այս բարեփոխումները հույս են ներշնչում մարդկանց:

«Աշխարհում որևէ այլ երկիր դատական համակարգում այսքան խորը բարեփոխումներ չի արել», - իր հերթին փաստել է Ալբանիայում Եվրամիութան դեսպան Լուիջի Սորեկան:

Հենց այս բարեփոխումներից հետո՝ շաբաթներ առաջ, Եվրամիության ընդարձակման հարցերով հանձնակատար Յոհաննես Հանը հայտարարեց՝ Ալբանիան հաջողությամբ է հանձնել քննությունը և Եվրահանձնաժողովը պատրաստ է սկսել անդամակցության շուրջ բանակցություններն այդ երկրի հետ: ժամկետների հարցում ակնկալվում է, որ հստակություն կմտցվի արդեն այս շաբաթավերջին, երբ Եվրամիության առաջնորդները Բրյուսելում համատեղ գագաթնաժողով կանցկացնեն եվրոպական ընտանիքին անդամակցել ձգտող Ալբանիայի և Հյուսիսային Մակեդոնիայի առաջնորդների հետ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG