Մատչելիության հղումներ

Շիրակի Պետհամալսարանը «մատիտով թղթի վրա գրված չէ, որ ռետինով ջնջեք»


Շիրակի Պետհամալսարանի խորհրդի նիստ, արխիվ
Շիրակի Պետհամալսարանի խորհրդի նիստ, արխիվ

Դասախոսները կտրուկ դեմ են Շիրակի Պետական համալսարանի (ՇՊՀ) լուծարմանը և կարծում են, որ 85-ամյա բուհը լուծարելու հնարավորության մասին ակնարկած կրթության նախարարին սխալ տեղեկություններ են հասնում:

«Կասկածում եմ, որ տեղեկատվությունը, որով ինքը առաջնորդվում է, ազնիվ աղբյուրից չի գնացել: Բուհում ակադեմիականություն կա, կա նաև մանկավարժություն», - «Ազատության» հետ զրույցում ասաց բուհի դասախոսներից մեկը:

«Թյուր տեղեկատվության հետևանք է», - նշեց մեկ այլ դասախոս:

Համալսարանում արդեն մոտ երկու տարի շարունակվող բարդ իրավիճակը օրերս կրթության նախարարին առիթ էր տվել Ազգային ժողովում քննարկման ժամանակ հայտարարել․ - «Շիրակի Պետական համալսարանը գտնվում է շատ վատ վիճակում: Ոչ թե ֆինանսական, այլ՝ բարոյահոգեբանական: Այստեղ զրո ակադեմիզմ է, ըստ էության, որովհետև ձևավորվել են փոքրիկ խմբակներ, որոնք առաջնորդվում են բացառապես իրենց շահերով: Ես ամենայն լրջությամբ եմ ասում՝ եթե իրավիճակը շարունակվի այսպես, մենք հարց կդնենք բուհի կա՛մ լուծարման, կա՛մ միավորումների, որի արդյունքում կձևավորվի նոր խորհուրդ և հարցերն այդպես կլուծենք»:

Բարոյահոգեբանական վատ մթնոլորտը, ըստ բուհի կանոնադրության, լուծարման հիմք չի կարող լինել, հակադարձում են Շիրակի Պետական համալսարանի դասախոսները․ - «Ինչի՞ հիման վրա է բուհը փակվում: Մենք ունենք կանոնադրություն, որտեղ պարզ գրված է, որ բուհը կարող է փակվել երեք պատճառներով՝ ֆինանսական, նյութատեխնիկական բազայի բացակայության․․․ էդ պատճառների մեջ չկա բարոյահոգեբանական մթնոլորտը: Հիմա հարց է՝ էդ ո՞վ է թույլ տվել նախարար Արայիկ Հարությունյանին ուղղակիորեն սպառնալ 85-ամյա բուհին փակելով»:

«Մենք՝ բուհի ժողովուրդս, այսպես ասած, միավորվեցինք, համախմբվեցինք մեկ ընդհանուր գաղափարի շուրջ, այն է՝ մեր բուհը չի կարող լուծարվել, քանզի բարոյահոգեբանական մթնոլորտի վատ լինելը, եթե այդպես է ներկայացվում, չի կարող պատճառ դառնալ հիմնադրամի լուծարման», - հայտարարեցին նրանք՝ ընդգծելով․ - «Գիտե՞ք ինչ՝ ՇՊՀ-ն մատիտով թղթի վրա գրված չէ, որ ռետինով ջնջեք»:

Բուհի ռեկտորի պաշտոնը հանրապետական Սահակ Մինասյանի հրաժարականից հետո մեկ տարուց ավելի է թափուր է: Հիշեցնենք՝ հենց նրա դեմ էին հաղորդում տվել համալսարանի երկու դասախոսները, դրանից հետո քրեական գործ էր հարուցվել բուհում «պաշտոնատար անձի կողմից իր պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելու կամ ծառայողական պարտականությունները չկատարելու հատկանիշներով»։ Հոգաբարձուների խորհուրդը երկու անգամ մրցույթ է անցկացրել, սակայն այդպես էլ ռեկտոր չեն կարողացել ընտրել։

Ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Երվանդ Սերոբյանը խոստովանում է՝ նախարարի հայտարարությունը սառը ցնցուղ էր իրենց համար:

«Ես շատ ուրախ կլինեմ, եթե իսկապես սա լինի սառը ցնցուղ, սթափվենք, ավելի միավորվենք: Այ անկեղծ ես կուզենայի, որ մենք իսկապես ավելի միասնական լինեինք», - շեշտեց ռեկտորի պաշտոնակատարը:

Սերոբյանն ասում է՝ իհարկե անհանգստություն կա, սակայն բուհում լարվածություն չկա: Նախարարի հայտարարությունը, ասում է, մի քանի անգամ նախ ընթերցել է, ապա նաև դիտել ու համոզվել, որ Արայիկ Հարությունյանը ոչ թե փաստում է, որ բուհը պետք է լուծարվի կամ միավորվի, այլ դրանք դիտարկել է որպես գործողություններ:

«Բնական է, անհանգիստ են, բայց ես, անկեղծորեն, էդ հարցին այլ տեսանկյունից եմ նայում: Օրակարգում էսօր նման հարց չկա: Նախարարն ասում է՝ եթե շարունակվի, և այլն, և այլն․․․ Դե բնական է, եթե ինչ-որ խնդիրներ չլինեն, հաստատ լինելու են տարբեր լուծումների տարբերակներ՝ նա ընդամենը թվարկել է էդ տարբերակներից երկուսը», - նշեց ռեկտորի պաշտոնակատարը:

Դասախոսներից ոմանք հենց Սերոբյանին են մեղադրում, թե մեկ տարվա ընթացքում չկարողացավ բուհում տիրող իրավիճակը շտկել․ - «Բարոյահոգեբանական մթնոլորտի միակ մեղավորը նրա նշանակած ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարն է, ով այս մեկ տարվա ընթացքում չկարողացավ նորմալ աշխատանքային բարիդրացիական հարաբերություններ հաստատել բուհի բոլոր աշխատակիցների հետ, այդ թվում նաև՝ նրա մատնանշած խմբակների»: «Բարոյահոգեբանական մթնոլորտը կարգավորելու համար հարկավոր է արժանի ղեկավար, որը կարողանա ամենքին նստեցնել իր տեղը: Էդպես որ լինի, յուրաքանչյուր հիմնարկ-ձեռնարկություն պետք է լուծարվի», - ընդգծեցին նրանք:

Սերոբյանի համար այս մեղադրանքներն անակնկալ չեն, բայց նա նաև վստահ է, որ կառավարությունը չի գնա մոտ 4 հազար ուսանող ու 450 աշխատող ունեցող բուհը լուծարելու ճանապարհով․ - «Շիրակի Պետական համալսարանը ստրատեգիական նշանակություն ունի մեր երկրի համար՝ ոչ միայն կրթական առումով: Բերեք վերացնենք Շիրակի Պետական համալսարանը՝ էդ չի լինելու էդ բանը: Դուք պատկերացնո՞ւմ եք ինչի է վերածվում Գյումրին 15-20 տարի հետո՝ ծերանոցի»:

Նախարարի հայտարարությունից հետո բուհի գիտխորհուրդը նիստ է գումարել ու կոչով դիմել Արայիկ Հարությունյանին, թե «ակնհայտ է, որ ՀՀ կրթական համակարգը կարոտ է բարեփոխումների, բայց նման վերաբերմունքն աշխատակիցների, սովորողների և 85-ամյա պատմություն ունեցող բուհի նկատմամբ պարզապես չի կարող նպաստել բուհի հետագա զարգացմանը»:

Պաշտոնն անցած տարի ստանձնելուց ի վեր Արայիկ Հարությունյանը երկու անգամ է այցելել Շիրակի Պետական համալսարան, առաջին անգամ՝ ռեկտոր Սահակ Մինասյանի հրաժարականի օրը, երկրորդ անգամ էլ՝ դասախոսական կազմի հետ հանդիպելու:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG