Մատչելիության հղումներ

Վանաձորցի տղան նռնակի պայթյունի հետևանքով զրկվել է երկու մատից, բժիշկները փորձում են փրկել երրորդը


Վանաձորի բժշկական կենտրոնը, արխիվ

Նռնակի պայթյունի հետևանքով երկու մատից զրկված 14-ամյա վանաձորցի տղայի առողջական վիճակը լավ է։ Վանաձորի բժշկական կենտրոնի մանկական վնասվածքաբան Ռուբեն Հակոբյանն «Ազատությանն» ասաց՝ մոտ չորս ժամ տևած վիրահատությամբ փորձել են պահպանել տղայի աջ ձեռքի երրորդ մատը, հնարավորինս վերականգնել են փափուկ հյուսվածքները։

«Վիճակը բավարար է, ակտիվ է, աշխույժ է, խոսակցության խնդիր չկա, և հիմա ամբողջ խնդիրը բուժման՝ դա երրորդ մատի պահպանման խնդիրն է», - փոխանցեց Հակոբյանը:

Վանաձորի բժշկական կենտրոնում բուժվող պատանու մայրը հրաժարվեց հարցազրույցից։ Դեմ էր նաև երեխային նկարահանելուն։ Ասաց՝ տղան սովորում է Նուբարաշենի մարզառազմական մասնագիտացված դպրոցում։ Սակայն, ըստ նրա, նռնակի երեք մասերը գտել է Վանաձորի իրենց բնակելի շենքի հարակից տարածքից և փորձել տանը հավաքել ու ամբողջացնել պայթուցիկ սարքը, բայց այն պայթել է՝ պատճառելով լուրջ վնասվածք։

Բակում խաղացող բոլոր երեխաները գիտեին ավագ ընկերոջ հետ տեղի ունեցածի մասին։ «Տանը ուզեցել ա կտրի՝ տենա ինչ ա մեջը, իրեք մատը թռել ա․․․ Հա, տանը տրաքել ա», - ասացին նրանք:

Տարածքի տարեց բնակիչները ցույց տվեցին մոտակայքում գտնվող զորամասը, բայց բացառեցին, թե հնարավոր էր այնտեղից ձեռք բերել նռնակը․ - «Մենք չենք կարող իմանալ՝ գտել ա, թե ինչ-որ մեկն ա տվել, դա մեզ համար էլ ա անհայտ»: Ի պատասխան «Ազատության» հարցի՝ նրանք հավաստիացրեցին, որ հարակից զինվորական մասը երբևէ անվտանգության հետ կապված խնդիր չի առաջացրել բնակիչների համար․ - «Չէ, չի եղել տենց բան: Կապի զինվորական մաս ա, փակ տարածք ա՝ հսկողության տակ, ոչ ոք չի կարա մտնի տարածք: Մեր թոռները ազատ պտտվում են ամեն տեղ, ոչ մի անգամ կասկածելի իր չեն գտել»:

Խոսքին խառնվեց նաև թաղամասի նախկին բնակիչներից մեկը։ Հիշեցրեց՝ խորհրդային տարիներին ոչ հեռու ռազմական պահեստ էր գործում, որտեղ տարիներ առաջ մանկապարտեզի տարիքի մի երեխայի ձեռքին ևս պատահաբար գտած նյութը պայթել էր։ Արդյունքում, մինչև այսօր երեխայի ձեռքը վնասված է, մատները՝ անդամահատված։

Զորամասից պայթուցիկ սարքի ձեռքբերման հավանականությունը հերքեց նաև Պաշտպանության նախարարության խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը։

«Քննություն կլինի՝ թող պարզեն, եթե կպարզվի, որ ինչ-որ մեկը մեղավոր է, կպատժվի իհարկե», - «Ազատության» հետ զրույցում ասաց Հովհաննիսյանը:

Դատախազությունից «Ազատությանը» տեղեկացրին, որ դեպքի առթիվ դեռևս քրեական գործ չի հարուցվել։ Նյութեր են նախապատրաստվում՝ պարզելու նռնակի ձեռքբերման աղբյուրը։ Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG