Մատչելիության հղումներ

Դատարանի դիմաց հավաքված Քոչարյանի աջակիցները վստահեցնում են՝ ծախսերն անում են սեփական միջոցներով


Ռոբերտ Քոչարյանի աջակիցների և ընդդիմախոսների խմբերը դատարանի շենքի դիմաց, Երևան, 14-ը հունիսի, 2019թ․

Վերաքննիչ դատարանում շարունակվում է Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանքից ազատելու և այդ գործը Սահմանադրական դատարան ուղարկելու դեմ բողոքների քննությունը։ Վաղ առավոտից՝ մինչ նիստի սկսելը, արդեն դատարանի առջև էին հավաքվել Քոչարյանի աջակիցները և նախկին նախագահի ազատազրկումը պահանջողների խումբը։

Երկու խմբերի միջև պարբերաբար ընդհարումներ էին տեղի ունենում, հնչում էին փոխադարձ վիրավորանքներ, ոստիկանները պարբերաբար հորդորում էին դադարեցնել դրանք: Դատարանի շենքի դիմաց գտնվող բազմահարկի պատշգամբներից մեկից փորձում էին կախել «Քոչարյան հերոս» գրությամբ պաստառ։ Րոպեներ անց ոստիկանները մոտեցան այդ քաղաքացիներին, և կարճ ժամանակ անց պաստառը հեռացվեց։

Այնտեղ էր նաև ակտիվիստ Վարդգես Գասպարին՝ ձեռքին Մարտի 1-ի 10 զոհերի լուսանկարները։ «Ազատության» հետ զրույցում նա ասաց, որ իրեն հետաքրքրում է, թե որտեղի՞ց Քոչարյանի աջակիցներին այդքան գումար։

«Մեկ կողմում առկա են ֆինանսական անսահմանափակ ռեսուրսներ, որոնք օգտագործվում են ամենուրեք, և մյուս կողմում կա հանրային հետաքրքրություն այնքանով, որքանով տեսնում եք։ Օրինակ, ես էդ միջոցները չունեմ, չեմ հատկացնի, որ հովանոց բերեմ և այլն, սառնարաններ։ Հետո արդեն համացանցում ներկայացված են էն դեպքերը, որ ուղղակիորեն մարդկանց վճարման խոստումներ են տվել, վճարել են, որ ներկա լինեն և այլն, էդ ամեն ինչը կա», - նշեց Գասպարին։

Քոչարյանի աջակիցները բարձրախոսներ էին տեղադրում մեքենաների վրա, մեծ պաստառներ էին պարզում, օրվա ընթացքում նրանց նաև տուփերով պիցաներ էին հյուրասիրում։

«15 տարեկան տղա երեխաներ են խմբով, իրենց հանեցին, տարան, պիցա տվեցին, կերան, ջուր խմեցին, սուրճ խմեցին, մեկ էլ հանկարծ փողոցն անցան ու ոգևորված եկան, ինչո՞ւ են օգտագործում 15, 14 տարեկան երեխաներին», - ասաց հավաքվածներից մեկը։

«Ազատության» հետ զրույցում Քոչարյանի աջակիցներից մեկը վստահեցրեց, որ դա իրենց սեփական միջոցներով է. «Գումար ենք հավաքել, գնել ենք, ոչ մեկ ո՛չ հովանավորել է, ո՛չ ինչ-որ կոմնակի հովանավորչություն ունենք։ Հովանոցներ ամեն անգամ չենք առնում, մի անգամ առնում ենք, և բավական է բոլոր դատական նիստերին»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG