«Չեմ կարծում, թե Դատախազությունն ու Հատուկ քննչական ծառայությունն (ՀՔԾ) այնքան միամիտ են, որ ուղղակի վրեժխնդրության մղումով փորձեն ինչ-որ բաներ անել», - «Ազատության» «Հարցազրույց Կարլեն Ասլանյանի հետ» հաղորդման ժամանակ ասաց Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ Լևոն Բարսեղյանը՝ պատասխանելով հարցին, թե կարո՞ղ է սահմանադրական կարգի տապալման մեջ մեղադրվող Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործում քաղաքական շարժառիթ լինել, քանի որ Քոչարյանը պնդում է, որ ինքը վրիժառության զոհ է։
«Մեղադրող կողմը՝ ՀՔԾ-ն, Դատախազությունը, շատ լավ գիտեն, թե ում հետ գործ ունեն, շատ լավ գիտեն, թե ինչ ֆինանսական և նյութական միջոցների է տիրապետում գլխավոր մեղադրյալը, շատ լավ գիտեն, որ փաստաբանները մասնագետներ են բարձր մակարդակի, և վրեժխնդրության որևէ դրվագ դատաքննության ծավալում անմիջապես կբացահայտվի, և իշխանությունը Հայաստանի Հանրապետության ստիպված կլինի պատասխանատվություն կրել այս մասով։ Չեմ կարծում, թե Դատախազությունն ու ՀՔԾ-ն այնքան միամիտ են, որ ուղղակի վրեժխնդրության մղումով փորձեն ինչ-որ բաներ անել։ Հիմա սա դեռ նախերգանքն է՝ կալանավորման հարցը, բայց բուն գործի ժամանակ կարող է մի 5-ից 7 տարի տևի՝ հազար վկա, երեկ, կարծեմ, դատախազն ասաց, և մի հազար էլ, ասում է, դեռ կարող է հրավիրենք։ Դե պատկերացրեք էդ վկաներին լսելու պրոցեսն ինչքան կարող է տևել, սա տանջալի պրոցես է, որովհետև մենք ունեցել ենք այդ տանջալի պատմությունը։ Տասը մարդ է զոհվել առնվազն, հիմա դա պետք է քննվի՞, թե՞ պետք է էջը ծալենք, անցնենք առաջ», - ասաց Բարսեղյանը։
Նա ընդգծեց՝ Մարտի 1-ի իրադարձությունների պատճառը 2008-ի ընտրակեղծարարությունն էր, որը զանգվածային բնույթ ուներ, իսկ բիրտ ուժի, զրահատեխնիկայի, զենքի կիրառման գլխավոր պատասխանատուն հասարակական, քաղաքական իմաստով իհարկե երկրի գերագույն գլխավոր հրամանատարն է։
«Չի կարող որևէ պաշտպանության բանակի կամ պաշտպանության նախարարության զորաշարժ լինել առանց գերագույն գլխավոր հրամանատարի իմացության, և անկախ էդ զորաշարժից, ինչպե՞ս կարող է ինքը չունենալ պատասխանատվություն այդ մասով։ Հիմա խոսենք պատասխանատվության չափի մասին՝ առայժմ ինչ որ հետևում եմ, իմ տպավորությունն այն է, որ ինքն իրեն այդ ամբողջի համար պատասխանատու չի համարում։ Շատ դրվագներով էլ ասում է՝ «տեղյակ չեմ»։ Հա, տեղյակ չէ, տեղյակ չէ, բայց, կներեք էլի, ո՞վ է տեղյակ, ասեք՝ ով է տեղյակ, իրենից հարցնենք», - ասաց Բարսեղյանը։
Նշենք, որ Ռոբերտ Քոչարյանը մեղադրվում է 2008-ի արյունալի իրադարձությունների ժամանակ սահմանադրական կարգը տապալելու, ինչպես նաև գործարար Սիլվա Համբարձումյանից առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու մեջ։ Քոչարյանը չի ընդունում մեղադրանքները։
Հաղորդումն ամբողջությամբ կարող եք դիտել այստեղ.