Մատչելիության հղումներ

ԵՄ-ն հավելյալ 25 միլիոն եվրո կհատկացնի Հայաստանին


ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը և ԵՄ բարձր ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինին նիստի մեկնարկին, Բրյուսել, 13-ը հունիսի, 2019թ.

Եվրամիությունը հավելյալ 25 միլիոն եվրո կհատկացնի Հայաստանին տրամադրվող աջակցության 2019 թվականի Տարեկան գործողությունների ծրագրի շրջանակներում: Այս մասին ասված է Եվրամիության և Հայաստանի միջև Գործընկերության խորհրդի՝ այսօր Բրյուսսելում կայացած երկրորդ նիստի արդյունքներով համատեղ մամուլի հայտարարությունում:

Խորհուրդը վերահաստատել է Եվրամիության և Հայաստանի հանձնառությունը՝ արդյունավետորեն կիրարկելու Համապարփակ և ընդլայնված գործակցության համաձայնագիրը (ՀԸԳՀ):

Խորհուրդն ընդգծել է, որ Եվրամիությունը ավելի քան 160 մլն եվրոյի աջակցություն է հատկացրել Հայաստանին 2017-2020 թվականների համար: Արժևորելով բարեփոխումների օրակարգին հետամուտ լինելու և ՀԸԳՀ-ը արդյունավետորեն կիրարկելու Հայաստանի վճռականությունը՝ ԵՄ-ը հավելյալ 25 միլիոն եվրո կհատկացնի Հայաստանին տրամադրվող աջակցության 2019-ի Տարեկան գործողությունների ծրագրի շրջանակներում: Խորհուրդն ընդգծել է այդ ռեսուրսների հնարավորինս արդյունավետ օգտագործման անհրաժեշտությունը` առավելագույնի հասցնելու բարեփոխումների ազդեցությունը, ինչպես նաև տեսանելի ու շոշափելի կերպով բարելավելու քաղաքացիների կենսապայմանները:

Հայաստանը և Եվրամիությունը կշարունակեն սերտորեն համագործակցել առաջընթացի մշտադիտարկման և ՀԸԳՀ- ի հաջող կիրարկումն ապահովելու ուղղությամբ, այդ թվում` ԵՄ աջակցության միջոցով։

Խորհուրդն ընդգծել է անկախ, արդյունավետ և հաշվետու դատական համակարգի կարևորությունը, որը նպաստում է ոչ միայն մարդու իրավունքների պաշտպանությանը, այլ նաև տնտեսական զարգացմանը և օտարերկրյա ներդրումների համար բարենպաստ բիզնես միջավայրին։ Ողջունել է նաև ներկայումս Հայաստանում համապարփակ դատական բարեփոխումների ուղղությամբ գործադրվող ջանքերը՝ Հայաստանի Սահմանադրությանը և միջազգային չափանիշներին համապատասխան։։

Քաղաքացիների շարժունակությունը և մարդկանց միջև շփումները բարելավելու նպատակով ԵՄ-ն և Հայաստանը շարունակելու են քաղաքացիների շարժունակության խթանումը Մուտքի արտոնագրերի դյուրացման և Հետընդունման մասին համաձայնագրերի միջոցով, ինչպես նաև պատեհ ժամանակին դիտարկելու են Մուտքի արտոնագրերի ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկը՝ պայմանով, որ լավ կառավարվող և անվտանգ շարժունակության պայմաններն ապահովվեն:

Խորհուրդը քննարկել է նաև տարածաշրջանային և միջազգային հարցեր: Եվրամիությունը վերահաստատել է իր աջակցությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ հանգուցալուծմանն ուղղված ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերին: ԵՄ-ն պատրաստակամ է աջակցելու հակամարտության ջրբաժանը հաղթահարելուն և ժողովրդներին խաղաղությանը պատրաստելուն ուղղված նախաձեռնություններին, ասված է նիստի արդյունքներով համատեղ մամուլի հայտարարությունում:

Խորհուրդը նախագահել է ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը: Եվրոպական միությունը ներկայացրել է Եվրոպական միության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության բարձր ներկայացուցիչ, Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Ֆեդերիկա Մոգերինին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG