Մատչելիության հղումներ

Վերլուծաբան․ Հանրության վրա հենվող իշխանությունը քրեական տարրերը իր հենարանը դարձնելու անհրաժեշտություն չունի


Ձախից աջ՝ Վարդգես Գասպարի, Հակոբ Բադալյան, Սարգիս Հարությունյան, Աղասի Թադևոսյան
Ձախից աջ՝ Վարդգես Գասպարի, Հակոբ Բադալյան, Սարգիս Հարությունյան, Աղասի Թադևոսյան

«Ազատության» «Քաղաքականությունը ներսից» հաղորդաշարի հյուրերն են ազգագրագետ Աղասի Թադևոսյանը, քաղաքացիական ակտիվիստ Վարդգես Գասպարին և քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը:

«Ազատություն»․ - Նախորդ օրերին մի քանի անգամ լսեցինք «գործ տալու» մասին: Այդ մասին խոսեցին հանրային տրանսպորտում, այդ մասին հայտարարեց Ազգային ժողովի պատգամավորը, թե՝ Աբովյանը չի կարող լինել «գործ տվողների» քաղաք: Ավելի վաղ «գործ տալու» մասին հայտարարել էին Ազգային ժողովի ամբիոնից: Հարցը հետևյալն է․ ինչ ենք կառուցում՝ գաղո՞ւթ, քրեական հասարակա՞րգ, թե՞ ժողովրդավար հանրապետություն, ուր գերիշխում է օրենքը:

Աղասի Թադևոսյան․ - Պրոբլեմը գալիս է հենց Սովետական Միությունից, երբ որ արդեն առաջացավ այդ կրիմինալ մշակույթը Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո: Հայաստանում, հենց Երևանում էդ երևույթները սկսեցին նկատվել թաղային համայնքներում արդեն պատերազմից հետո: Որոշ մասնագետներ դա բացատրում են ակտիվ տարիքի տղամարդկանց քանակի անկումով: Եվ դա նպաստեց նրան, որ քրեական տարրերը, որոնց համայնքները վերահսկում էին և թույլ չէին տալիս, որ համայնքում տոն ստեղծեն, էդ տարրերը սկսեցին ակտիվանալ, որովհետև վերահսկող տղամարդկային տարրը քչացել էր, կամ ընդհուպ որոշ տեղերում բացակայել էր:

Վարդգես Գասպարի․ - Հասարակության ակտիվ, մտավորական խավը նույնիսկ շրջապատում մինչև այսօր հանցավոր մտածողությամբ է առաջնորդվում իրավապահների նկատմամբ: Ես կոնկրետ կհիշատակեմ Հունան Պողոսյանին: Երբ որ նա նշանակվեց մարզպետ, իմ ֆեյսբուքյան ընկերներից, մեծ մասամբ ձեզ էլ հայտնի մարդիկ են, փաստաբաններ, այնպիսի բառապաշարով խոսեցին, ներողություն եմ խնդրում՝ մենթ, մուսոր և այլն: Եվ դա նոր Հայաստանում: Ես նախկին Հայաստանում էլ դրան դեմ էի, ես որևէ ոստիկանի այդպես գողական բառապաշարով չեմ բնութագրել, որովհետև առավել ևս նոր Հայաստանում եթե ես տալիս եմ այդպիսի բարոյական նկարագիր, ի՞նչ իրավունք ունեմ նրանից պահանջել, որ նա հանցավորության դեմ պայքարի»:

Հակոբ Բադալյան․ - Փոխվել է շատ էական մի բան․ իշխանությունը հենված է հանրության վրա, այսինքն էդ քրեական տարրերը իր հենարանը դարձնելու անհրաժեշտություն չունի: Բայց սա պետք է զարգացնել, որովհետև եթե սա չի զարգանում, էդ տարրերը իրենց կարևորությունը վերականգնելու շանս են ստանալու: Եվ էստեղ մենք ունենալու ենք էլի խնդիրներ: Խոսքը էդ մասին է, պետք է ավելի ակտիվորեն աշխատել էս ուղղությամբ: Մեր հանրության մեջ մի խնդիր էլ կա․ մարդիկ էսքան տարի դժգոհել են իրավիճակից, դժգոհել են կոռուպցիայից, դժգոհել են գողությունից, բայց էդ դժգոհների մի մեծ շերտի համար ոչ թե ինքնին էդ երևույթն է դժգոհության առիթ եղել, այլ այն, որ իրենք չեն կարողացել մասնակցել էդ երևույթին: Շատերը դժգոհ են եղել, որովհետև իրենք չեն եղել օգտվող: Եթե իրենք լինեին օգտվող, էդքան էլ դժգոհ չէին լինի ո՛չ կոռուպցիայի, ո՛չ էլ գողությունից:

Հաղորդումն ամբողջությամբ կարող եք դիտել այստեղ․

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG