Մատչելիության հղումներ

Ակսել Բակունցի 120-ամյակի հոբելյանական հիմնական միջոցառումներն անցկացվում են գրողի ծննդավայր Գորիսում


Այսօր՝ հունիսի 13-ին լրացավ Ակսել Բակունցի ծննդյան 120-ամյա հոբելյանը:

Մայրաքաղաքում մեծ գրողի հոբելյանը նշանավորվեց Գրողների միության անդամների և նրա արվեստի երկրպագուների կողմից Նալբանդյան 28 հասցեում՝ նրա ապրած տան մոտ գտնվող հուշաքարին ծաղիկներ դնելով և ի խորոց սրտի մեծարելով նրա հիշատակը որպես լավագույն գրող, մտավորական, որպես ստալինյան բռնատիրության զոհ, որ նույնիսկ շիրիմ չունեցավ:

Գրողի ծննդավայրում Գորիսում այսօր առավոտվանից մինչև կեսգիշեր բազմաթիվ միջոցառումներ էին նախատեսված նրա հոբելյանի կապակցությամբ, այդ թվում և գիտաժողով տեղի համալսարանում՝ նվիրված նրա կյանքին և թողած գրակական ժառանգությանը:

Հայաստանի գրողների միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանն այսօր մայրաքաղաքի Նալբանդյան փողոցով անցնող մեր համաքաղաքացիներին կոչ արեց մի պահ կանգ առնել․ - «Մի վայրկյան գլխի խոնարհումով հիշատակը հարգել մեր մեծ գրողի՝ Ակսել Բակունցի»:

«Ցավալիորեն կարելի է ասել, որ նրա կյանքը մի պատմվածք էր փոքր տարածությամբ՝ 37 տարի: Ինքը այստեղ 27 թվականից 36 թվականն է ապրել, և այստեղից են տարել նրան բանտ և հետո Հրազդանի ձորում սպանել են: Այդ փոքր պատմվածքի տարածությամբ կյանքի մեջ ինչեր ստեղծեց: Իր գրականությունը և իր ընթերցողը ապրում է և պիտի ապրի», - իր ելույթում նշեց Միլիտոնյանը:

Այս տարին հոբելյանաշատ է՝ Հովհաննես Թումանյանի, Կոմիտասի, Լևոն Շանթի, Երվանդ Օտյանի և մեր մյուս մեծերի հոբելյանների շարքն այսօր համալրվեց ևս մեկով:

Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի տնօրեն, գրականագետ Կարո Վարդանյանն ընդգծում է․ - «Հաճախ մեզ արդարացնում ենք, որ այս տարվա տասնյակ ու տասնյակ կարևոր հոբելյաններին պատշաճ չենք անդրադառնում կամ ընդհանրապես չենք անդրադառնում: Սովորաբար արդարանում ենք Թումանյանով ու Կոմիտասով: Այդպես չէ: Բարեբախտաբար, մենք անդրադարձանք և՛ Լևոն Շանթին 90-ամյակին, և՛ Օտյանի 150-ամյակին, և՛ իհարկե Ակսել Բակունցի 120-ամյակը: Արդեն ժամը 10-ից Գորիսում մեկնարկել են հանդիսությունները այն ծխական դպրոցի տարածքից, որտեղ սովորել է Բակունցը: Բուն կիզակետը մեր թանգարանի մասնաճյուղ Ակսել Բակունցի տուն-թանգարանն է, որտեղ ամբողջ օրվա ընթացքում կլինեն հանդիսություններ՝ ասմունք բակունցյան թեմաներով, բեմականացումներ, ցուցահանդես, ազգագրական երգ ու պար: Հետո հանդիսականները կշարժվեն Գորիսի կենտրոնական հրապարակ, որտեղ մինչև ուշ երեկո կլինի ժողովրդական տոնախմբություն»:

Վարդանյանը հավելեց․ - «Ամեն անգամ, երբ առնչվում եմ Բակունցի ստեղծագործությանը, էնպիսի տպավորություն եմ ունենում, որ արդյո՞ք նրանից առաջ մեր աշխարհում այսքան լույս, այսքան ջերմություն եղել է, թե՞ համատարած խավարի, անգրագիտության մեջ եղել է էդ լույսի պահանջը, և էդ պահանջով էլ աշխարհ եկավ Ակսել Բակունցը: Ու հետաքրքիր է, որ էդ շլացուցիչ լույսը նա բխեցրեց հենց Մթնաձորից, այն Մթնաձորից, որի խորխորատներում երբեք արևի լույս չի թափանցում, և էնպիսի լույս բխեցրեց, որը մինչև այսօր և հավերժ լուսավորելու է մեր արձակի, մեր գեղագիտության հորիզոնները»:

Ինչպես Եղիշե Չարենցը, Զապել Եսայանը և շատ ու շատ այլ գրողներ, մտավորականներ, Ակսել Բակունցը ևս բացարձակապես անընդունելի էր ստալինյան ռեժիմի համար և պատահական չէր, որ ընդամենը 37 տարեկանում պարզապես գնդակահարվեց ռեժիմի կողմից:

«Ամեն ինչ օրինաչափ է: Ցավոք, շատ օրինաչափ է: Նրա գրականությունը տոհմիկ, ազգային գրականություն է, որը, բնականաբար, 20-30-ականների հեղափոխական տրամադրությունները որ ահագնացան, 36-37-ին արդեն պատիժ դարձան, ոչ մի կերպ չէր տեղավորվում: Ի՞նչ էր գրում, ի՞նչ էր երգում Ակսել Բակունցը․ իր հարազատ բնաշխարհը, ավանդույթները, իր համերկրացիների կյանքը, նիստուկացը, որը իր ձևակերպումն ուներ խորհրդային այդ բոլշևիկյան մսաղացում՝ անցյալի իդեալականացում, նացիոնալիզմ, տրոցկիզմ: Իհարկե, և՛ Չարենցը, և՛ Բակունցը, և՛ մյուս բռնադատվածները այդ մթնոլորտում մեր այս լուսավոր գործիչները չէին կարող տեղավորվել և վաղ թե ուշ բոլորն էլ պիտի դառնային այդ ռեժիմի զոհերը», - նշեց Կարո Վարդանյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG