Մատչելիության հղումներ

CONIFA-ի հաղթող թիմը Ղարաբաղից տունդարձի ճանապարհին կռվի մեջ է ընկել


Ղարաբաղում անցկացված չճանաչված երկրների ֆուտբոլի առաջնության հաղթող Հարավային Օսիայի թիմը Ցխինվալիում չեմպիոնական մեծարման միջոցառմանը երեկ մասնակցել է ոչ լրիվ կազմով:

Նրանք տուն են հասել կորուստներով, թիմի անդամներից մի քանիսին թողնելով Վլադիկավկազի ոստիկանությունում: Ղարաբաղից տունդարձի ճանապարհին Հյուսիսային Օսիայի մայրաքաղաք Վլադիկավկազում Հարավային Օսիայի ֆուտբոլի հավաքականի անդամները կռվի մեջ են ընկել: Ինքնաձիգի կրակոցներ են հնչել, հրազեն է օգտագործվել, սառը զենք:

Հյուսիսային Օսիայի ոստիկանությունը հաղորդել է, որ միջադեպի մասնակիցները բերման են ենթարկվել, զենքն առգրավված է, տուժածներ չկան, քրեական գործ է հարուցվել՝ խուլիգանության և ապօրինի զենք օգտագործելու հոդվածներով: Ինքնաձիգից կրակած մարդը ոստիկանությունում ասել է, թե նման կերպ փորձել է բաժանել կռվողներին, որոնք արդեն սկսել էին դանակներ օգտագործել, կրակոցները ոչ մեկի վրա չի ուղղել, գետնին է կրակել:

Օսական լրատվամիջոցները հաղորդում են, որ կռվի պատճառը խաղադրույքներն են, որ տեղացի երիտասարդները դրել էին Հարավային Օսիայի թիմի խաղերի վրա: Կարող էին 140 հազար ռուբլի շահել, դա մոտավորապես 2 հազար 350 դոլար է, բայց իրենց ուզած արդյունքը չի գրանցվել, ու ֆուտբոլիստների տունդարձի ճանապարհին կռիվ է սկսվել:

Հարավային Օսիայի երիտասարդության, սպորտի և զբոսաշրջության կոմիտեի նախագահ Սերգեյ Զասեևը պետական Pec լրատվական գործակալությանը ասել է, թե որքանով իրեն հայտնի է, եզրափակիչ խաղում ինչ-որ մարդիկ խաղադրույք են դրել Հարավային Օսիայի թիմի դեմ, Վլադիկավկազի փողոցներում տեսնելով ֆուտբոլիստներին, ճշտել էին նրանց մնալու տեղը, գնացել հաշիվ մաքրելու, ու կռիվ էր սկսվել:

«Այսօր Ցխինվալիում մեծարեցին թիմին, իրենց հաղթանակով նրանք արժանի են մեծարման, բայց, ցավոք, այդպես ստացվեց», - հունիսի 12-ին ասել է նա՝ նշելով, որ կապ են պահում Վլադիկավկազում մնացած ֆուտբոլիստների հետ:

«Միջադեպի առթիվ քրեական գործ է հարուցվել, մեր ֆուտբոլիստները ներգավված են որպես վկաներ», - ասել է Հարավային Օսիայի երիտասարդության, սպորտի ու զբոսաշրջության կոմիտեի նախագահը:

Մեկ այլ վարկածով եզրափակիչ խաղից հետո Հարավային Օսիայի ֆուտբոլիստները հեռախոսով սկսել են վիրավորական մեսիջներ ստանալ: Հարցերը լուծելու համար պայմանավորվել են հանդիպել Վլադիկավկազում:

Ղարաբաղում անցկացված ConIFA-2019 չճանաչված երկրների ֆուտբոլի առաջնությունում Հարավային Օսիայի թիմը չեմպիոն է դարձել՝ եզրափակիչում 1:0 հաշվով հաղթելով Արևմտյան Հայաստանի հավաքականին:

ConIFA հապավումը նշանակում է Ֆուտբոլային ընկերակցությունների անկախ կոնֆեդերացիա: Այն ստեղծվել է 2013 թվականին ու միավորում է չճանաչված երկրների, ազգային փոքրամասնությունների և ինքնավարությունների ֆուտբոլային կազմակերպություներին, որոնք ՖԻՖԱ-ի կազմից դուրս են, իսկ այդպիսի մոտավորպես չորս տասնյակ թիմեր կա, որոնք կազմակերպում ու անցկացնում են իրենց առաջնությունները:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG