Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը պաշտոնանկ է արել ներքին գործերի նախարարության Մոսկվայի գլխավոր վարչության թմրադեղերի ապօրինի շրջանառության բաժնի պետ գեներալ-մայոր Յուրի Դևյատկինին և Մոսկվայի Արևմտյան տարածքի ոստիկանապետ գեներալ-մայոր Անդրեյ Պուչկովին:
Երկու պաշտոնյաները պատժվել են հետաքննող լրագրող Իվան Գոլունովին թմրադեղ պահելու կեղծ մեղադրանքով հունիսի 6-ին ձերբակալելու համար:
Գոլունովի ձերբակալությունը զանգվածային բողոքների առիթ է դարձել: Ակցիաներին մասնակցել են մեծ թվով քաղաքացիներ, տարբեր լրատվամիջոցներ ներկայացնող լրագրողներ և մտավորականներ:
Բողոքի ակցիաներ են տեղի ունեցել նաև արտասահմանում: Լրագրողին հունիսի 11-ին ազատ են արձակել և մեղադրանքը կարճել են:
Գեներալ-մայորներին աշխատանքից ազատելու միջնորդությունը նախագահին ներկայացրել է Ռուսաստանի ներքին գործերի նախարար Վլադիմիր Կոլոկոլցևը:
Գոլունովի աջակիցները և իրավապաշտպանները պնդում են, որ իշխանությունները լրագրողին հետապնդել են կոռուպցիայի թեմայով վերլուծական հոդվածների համար:
36-ամյա Գոլունովը Ռիգայում տեղակայված «Մեդուզա» համացանցային հանդեսի լրագրող է:
Երեկ Մոսկվայում տեղի են ունեցել չարտոնված ցույցեր խոսքի ազատության կարգախոսի ներքո:
Ոստիկանները բերման են ենթարկել առնվազն 513 ցուցարարի: Առնվազն 7-ին ներկայացրել են հանրային կարգուկանոնը խախտելու մեղադրանք, որով նրանք կարող են դատապարտվել 15 օրվա ազատազրկման: