Հաջորդ գումարման Գերագույն ռադայում, ըստ ամենայնի, հինգ կուսակցություն ներկայացված կլինի. դա են վկայում Կիևում գործող «Ռեյտինգ» սոցիոլոգիական ծառայության նախօրեին հրապարակած հարցման արդյունքները:
Հետազոտության համաձայն՝ Ուկրաինայի հաջորդ խորհրդարանում մանդատների մեծամասնությանը տիրանալու է նորընտիր նախագահ Վլադիմիր Զելենսկու «Ժողովրդի ծառա» կուսակցությունը: Ընդամենը մի քանի ամիս առաջ երկրի արդարադատության նախարարությունում գրանցված այս կուսակցության օգտին պատրաստ է քվեարկել ուկրաինացի ընտրողների 47 տոկոսից ավելին:
Երկրորդ տեղում ռուսամետ «Ընդդիմադիր պլատֆորմ - հանուն կյանքի» նախընտրական դաշինքն է, որի օգտին քվեարկելու պատրաստակամություն է հայտնել ուկրաինացի ընտրողների առնվազն 10 տոկոսը: «Քաղաքական այս ուժի հիմնական ընտրազանգվածը կենտրոնացած է Ուկրաինայի արևելքում», - նշում են սոցիոլոգները:
Հետազոտության հեղինակների պնդմամբ՝ նախկին նախագահ Պետրո Պորոշենկոյի կողմնակիցները հաջորդ գումարման խորհրդարանում ևս ներկայացված են լինելու: Ուկրաինան 2014-2019 թվականներին ղեկավարած Պորոշենկոյի «Եվրոպական համերաշխություն» կուսակցությունը, հարցման հեղինակների պնդմամբ, կարող է հավակնել քվեների մոտ 8 տոկոսին:
«Ուկրաինայի քաղաքական դաշտի մեկ այլ հնաբնակի` նախկին վարչապետ Յուլիա Տիմոշենկոյի «Բատկիվշչինա» կուսակցությունը արտահերթ խորհրդարանական ընտրություններին կարող է ստանալ ձայների ավելի քան 7 տոկոսը», - նշում են «Ռեյտինգ» սոցիոլոգիական ծառայության մասնագետները` հավելելով, թե մեծ է հավանականությունը, որ Զելենսկու կուսակցությունից բացի նոր խորհրդարանում խմբակցություն ձևավորի ևս մեկ նոր ուժ: Խոսքը հայտնի ռոք երաժիշտ, «Օկեան Էլզի» խմբի մենակատար Սվյատոսլավ Վակարչուկի «Գոլոս» կուսակցության մասին է, որի հիմնադիր համագումարը կայացավ մի քանի շաբաթ առաջ` մայիսի 16-ին: Սոցիոլոգների համոզմամբ՝ «Գոլոս»-ի օգտին պատրաստ են քվեարկել նախևառաջ արևմտամետ հայացքներ ունեցող երիտասարդները. կուսակցության վարկանիշը, ըստ վերջին հարցումների, գերազանցում է 6 տոկոսը:
«Ռեյտինգ» սոցիոլոգիական ծառայության տվյալներով, ի դեպ, հուլիսին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրությունների ընթացքում քվեարկողների մասնակցության ցուցանիշը բավական բարձր է լինելու՝ չնայած այն հանգամանքին, որ դրանք արձակուրդային սեզոնի հետ են համընկնում: Ուկրաինացի ընտրողների 69 տոկոսը, սոցիոլոգների հարցերին պատասխանելով, հայտնել է, որ հաստատապես որոշել է մասնակցել առաջիկա քվեարկությանը:
Հավելենք, սակայն, որ հուլիսի 21-ին նշանակված արտահերթ խորհրդարանական ընտրությունները ընդհանրապես կարող են չեղարկվել: Դա տեղի կունենա այն դեպքում, եթե Ուկրաինայի Սահմանադրական դատարանը Գերագույն ռադայի լուծարման մասին նախագահ Զելենսկու հրամանագիրը երկրի հիմնական օրենքին հակասող ճանաչի: Մի խումբ պատգամավորներ նման հայցով դատարան էին դիմել դեռ մայիսի վերջին: