Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը այսօր ընդունել է Ֆրանսիայի Ազգային ժողովի նախկին պատգամավոր և Ալֆորվիլի նախկին քաղաքապետ Ռենե Ռուքեին՝ նրան հանձնելով ՀՀ քաղաքացու անձնագիրը։
Վարչապետը նշել է, որ 1989 թվականից ի վեր Ռուքեն արդեն ավելի քան 30 անգամ եղել է Հայաստանում և Արցախում: «Սակայն այս այցելությունը Ձեզ համար առանձնահատուկ է: Այսօր ստանում եք Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագիր և այսուհետ հանդիսանում եք ոչ միայն մեր անվերապահ բարեկամը, այլ նաև համաքաղաքացին», - նշել է վարչապետը և Ռենե Ռուքեին հանձնել ՀՀ անձնագիրը: Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է նրան և շնորհակալություն հայտնել հայանպաստ գործունեության համար:
«Մեծ պատիվ է Ձեր ձեռքից ստանալ Հայաստանի Հանրապետության անձնագիրը: Դեռևս 35 տարեկանից սկսել եմ խորհրդարանական գործունեությունս և եղել հայկական հարցի անվերապահ ջատագովը, քանի որ Ալֆորվիլում մշտապես շփվել եմ հայերի հետ ու հայ ժողովրդին ընդունում եմ որպես հարազատ և բարեկամ», - ասել է Ոուքեն:
Ըստ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության հաղորդման, Ալֆորվիլի նախկին քաղաքապետը վստահեցրել է, որ հետագա գործունեության ընթացքում ևս շարունակելու է հայանպաստ գործունեությունն ու նպաստելու է հայ ժողովրդի հիմնախնդիրների բարձրաձայնմանն ու լուծմանը:
Փաշինյանն էլ ընդգծել է, որ Հայաստանը բարձր է գնահատում Ռուքեի գործունեությունը, և այս անձնագիրն այդ գնահատանքի արտացոլանքն է:
Հանդիպման ընթացքում զրուցակիցները մտքեր են փոխանակել նաև հայ-ֆրանսիական բարեկամական հարաբերությունների հետագա զարգացման շուրջ: