Պաշտպանության նախկին փոխնախարար Գագիկ Մելքոնյանի համոզմամբ, սահմանադրական կարգի տապալման մեջ մեղադրվող Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն ազատության մեջ կարող է ազդեցություն ունենալ դատական պրոցեսի, վկաների վրա։
«Ինքն անպայման ազդեցություն կունենա։ Ճանաչելով իրեն, աշխատել եմ, գիտեմ, որ ինքը կարող է ազդեցություն ունենալ։ Ինքը կարող է պայմանավորվել վկաների հետ և մասսաներ կարա հավաքի կաշառքի միջոցով՝ գումարներ խոսք տա, գումարներ վճարի, որպեսզի մարդիկ հավաքվեն, կարա նենց էլ լինի, որ մարդը հրաժարվի ցուցմունքից», - «Ազատության» «Քաղաքականությունը ներսից» հաղորդման ժամանակ ասաց Մելքոնյանն, ով Ռոբերտ Քոչարյանի պաշտոնավարման տարիներին է եղել պաշտպանության փոխնախարար։
Հարցին, թե իր տեղեկություններով՝ Մարտի 1-ի իրադարձությունների ժամանակ ի՞նչ ստորաբաժանումներ են տեղափոխվել Երևան, պաշտպանության նախկին փոխնախարարը պատասխանեց. - «Բոլոր կորպուսներից տեղափոխեցին մի-մի վաշտ՝ 100-ից 120 հոգիանոց վաշտ, և Ղարաբաղից տեղափոխվեցին էլի նորից զինվորներ, ու արդեն ամեն մի ստորաբաժանում ստացավ համապատասխան հրահանգ, թե ինչ պետք է կատարի ինքը էդ ընթացքում։ Ստորաբաժանումներն այդ ժամանակ պետք է ղեկավարեր պաշտպանության նախարար Միքայել Հարությունյանը, բայց թե դրանից հետո ո՞ւմ են ենթարկացրել, այ չգիտեմ»։
Մելքոնյանի խոսքով՝ այդ ստորաբաժանումները տեղափոխվում էին Երևան հիմնականում ցույցերը, միտինգները ցրելու համար։
«Նայած իրավիճակից՝ ֆիզիկական ուժ կկիրառվեր, թե չէր կիրառվի, բայց հիմնական նպատակը միտինգներ ցրելն էր», - ասաց պաշտպանության նախկին փոխնախարարը։
Հաղորդումն ամբողջությամբ կարող ենք դիտել այստեղ․