Մատչելիության հղումներ

Քարաձորի համայնքապետն ընտրվելուց հետո է իմացել, որ իշխող «Քաղաքացիական պայմանագրի» անդամ չէ


Քարաձորի ընտրված համայնքապետ Հրանուշ Ռոստոմյան

Նախօրեի համայնքային ընտրություններում Լոռու մարզի Քարաձոր համայնքում հաղթած թեկնածու Հրանուշ Ռոստոմյանն այսօր իմացավ, որ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ չէ:

Մինչդեռ Քարաձորում երկու անկուսակցական թեկնածուի հետ համայնքապետի պաշտոնի համար պայքարել է որպես «Քաղաքացիական պայմանագրի» ներկայացուցիչ․ - «Չգիտեի, որ չեն վերցրել: Եթե իմանայի չեն վերցրել, ես չէի նշի կուսակցությունը»:

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունում Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կայքից են տեղեկացել, որ հունիսի 9-ի ընտրություններում Աբովյանից բացի ևս մեկ պարտություն, ինչպես նաև մեկ հաղթանակ են արձանագրել:

Լոռու մարզի Շենավան համայնքից էլ պարտված թեկնածու Անդրանիկ Դունամալյանն է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից ներկայացել:

Իշխող կուսակցության վարչության անդամ Վահագն Հովակիմյանը դեռ երեկ «Ազատության» հետ զրույցում ասել էր, որ լոռեցի թեկնածուների կուսակցական պատկանելությունն իրենց համար տարակուսելի է: Շենավանի պարտությունն էլ, Քարաձորի հաղթանակն էլ իրենցը չեն: 15 համայնքից միայն Աբովյանի քաղաքապետի համար են պայքարել:

«Ռոստոմյան Հրանուշ, կրկին Լոռու մարզ, Քարաձոր: Ինքը նույնպես մեր կուսակցականների մեջ չկա: Դիմում տվել է, չի տվել՝ չեմ կարող էդ հարցին [պատասխանել], բայց որ կուսակցական չի, դա միանշանակ է», - ասել էր Հովակիմյանը:

Հրանուշ Ռոստոմյանն էլ պատգամավորի պարզաբանումներից է անակնկալի եկել․ - «Ես էդ շարժմանը մասնակցել եմ մինչև վերջ: Երբ որ ընտրվեց վարչապետը, դրանից հետո գնացել եմ, դիմում տվել: Երեք անգամ գնացել եմ էդ նույն աղջկա մոտ, ասեց՝ արդեն Ձեզ վերցրել ենք կուսակցության շարքերը»:

Նորընտիր համայնքապետը Քարաձորի բուժքույրն է, վստահեցնում է, որ գյուղում իրեն լավ են ճանաչում, իշխանական կուսակցությունից շահադիտական նպատակով չի ներկայացել․ - «Կարող ա դա էլ շատ մեծ օգուտ ա բերել ինձ: Չգիտեմ: Բայց ես չեմ մտածել, որ դա ինձ պետք է օգուտ պետք է բերի: Ուղղակի նշել եմ»:

Մինչև նախկին գյուղապետի հրաժարականը Ռոստոմյանն ավագանու անդամ է եղել: Ասում է՝ նախկինում մշտապես ընդդիմությանն է համակրել: «Քաղաքացիական պայմանագրին» անդամակցելու ցանկությունը հեղափոխությունից անմիջապես հետո է բորբոքվել, և Ստեփան Դեմիրճյանի գլխավորած ՀԺԿ-ից դուրս է եկել ու իշխող ուժի Լոռու տարածքային կառույցում մի քանի դիմում գրել:

Հարցին, թե ինչու է ուզում անպայման իշխանական կուսակցության անդամ դառնալ, Ռոստոմյանը պատասխանեց․ - «Չգիտեմ: Ինձ դուր ա գալիս Փաշինյանը, իրան շատ եմ սիրում»:

ՔՊ-ին անդամակցելու ցանկությունը դեռ ուժի մեջ է: Կուսակցության վարչությունից իր դիմումներին հստակ պատասխան է ակնկալում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG