Մատչելիության հղումներ

Շահան Արծրունի․ Արվեստը ընդհանրապես ծառայում է մտքի զարգացմանը


Շահան Արծրունին Գյումրիի երաժշտական դպրոցի սաների հետ:

Նրան համարում են հայ երաժշտության քարոզիչ ամբողջ աշխարում՝ արևմուտքից արևելք ընկած բոլոր այն երկրներում, որտեղ հանդես է եկել և հանդես է գալիս համերգներով ու դասախոսություններով, վարպետության դասերով ու մանկավարժական գործունեությամբ:

Ստամբուլում ծնված, Նյու Յորքի հանրահայտ Ջուլիարդ կոնսերվատորիայում կրթություն ստացած, սփյուռքահայ անվանի երաժիշտ, դաշնակահար, կոմպոզիտոր, դիրիժոր Շահան Արծրունին այս տարի ապրիլին Նյու Յորքում նշեց ծննդյան 75-ամյա հոբելյանը:

Իր կեսդարյա ստեղծագործական ուղին անցել է աշխարհի ամենատարբեր հեղինակավոր բեմահարթակներով, դասախոսել է Հարվարդի, Կոլումբիայի և Միչիգանի համալսարաններում՝ ամենուրեք ներկայացնելով հայկական երաժշտությունը:

Նրա կյանքն անխզելիորեն կապված է եղել հայրենիքի հետ, որտեղ հատկապես անկախության տարիներին Շահան Արծրունին մշտապես հանդես է եկել թե՛ համերգներով և թե՛ բարեգործական աշխատանքով, նաև իհարկե վարպետության դասերով ոչ միայն մայրաքաղաքում, այլ նախևառաջ մարզերում:

Այսօր Շահան Արծրունին կրկին Հայաստանում է և երեք շաբաթ շարունակ համերգներ ու վարպետության դասեր է տալիս Հայաստանի գրեթե բալոր մարզերում: Առաջիկա օրերին նա կլինի Գյումրիիում և Վանաձորում, և վերջում միայն՝ հունիս 22-ին, մայրաքաղաքի Արամ Խաչատրյանի տուն թանգարանում, որի հիմնական հովանավորներից մեկն է:

Արգավանդի երաժշտական դպրոցում երկօրյա վարպետության դասերից հետո «Ազատության» հետ զրույցում Շահան Արծրունին շեշտեց, որ սա Հայ օգնության ֆոնդի արդեն երկրորդ նման խոշոր ծրագիրն է:

«Թե՛ Հայ օգնության ֆոնդի, թե՛ Մշակույթի նախարարության օժանդակությամբ իրականացվող ծրագիր է: Նպատակը ծանոթանալն ու ծանոթացնել է սփյուռքահայ երաժշտական աշխարհին, կապ հաստատել մանավանդ մարզերում բնակվող տաղանդների հետ: Իմ փափագս էր զանազան մարզեր այցելել, ես անձնապես ուզում եմ իմանալ, թե ինչ տաղանդներ կան մարզերում, և ուզում եմ, որ իրենք էլ իմանան, որ մի սփյուռահայ հետաքրքրված է իրենցով», - նշեց Արծրունին:

Մարզերի երաժշտական դպրոցների աշակերտները հաճելիորեն անակնկալի են բերել անվանի երաժշտին․ - «Պետք է ասել, որ զարմանում եմ, որ այդքան տաղանդավոր երիտասարդներ կան Երևանից դուրս»:

Այն փաստը, որ մարզերում այդքան շատ շնորհալի երեխաներ երաժշտությամբ են զբաղվում, Շահան Արծրունու համոզմամբ, չափազանց կարևոր է մեր երկրի, մեր հասարակության հետագա զարգացման համար․ - «Արվեստը ընդհանրապես ծառայում է մտքի զարգացմանը: Արվեստը խթան է հանդիսանում, որ անձի երևակայությունը ճոխանա, բռնկվի: Արվեստը շատ կարևոր մի հատվածն է մեր մշակույթի, և այն պետք է պահպանել և փոխանցել հաջորդ սերունդներին, որպեսզի նրանք էլ կարողանան պահպանել մեր հայկական երեքհազարամյա մշակույթը»:

Շահան Արծրունին մի կարևոր նկատառում ունի՝ կապված երաժշտական դպրոցների սաների ուսումնառության հետ․ հայ կոմպոզիտորների ստեղծագործությունները, ըստ նրա, բավարար չափով չեն ուսուցանվում․ - «Ես ցանկանում եմ, որ շատ ավելի շատ կարևորություն տրվեր հայ կոմպոզիտորներին՝ Բաբաջանյանին, Միրզոյանին, Ալեքսանդր Հարությունյանին, Խուդոյանին, Սարյանին․․․ Իրենց [երաժշտական դպրոցների սաների] համար նրանց գործերին ծանոթանալն է, որ կպահպանի մշակույթը: Նրանց գործին ծանոթանալը երիտասարդ տարիքում շատ ավելի կարևոր է, քան օտար կոմպոզիտորների գործերով զբաղվելը: Քոնը իմանալ, ճանաչել ու ծանոթացնելը շատ ավելի կարևոր է»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG