Մատչելիության հղումներ

Ղարաբաղյան վերնախավում կադրային փոփոխություններ են կատարվել


2020 թվականին սպասվող նախագահական ընտրություններից առաջ և Հայաստանի իշխանությունների անթաքույց քննադատությունից հետո Ղարաբաղի ղեկավար Բակո Սահակյանը այսօր մի քանի հրամանագրերով կադրային փոփոխություններ է կատարել:

Մասնավորապես, Արցախի Անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնից ազատվել է Վիտալի Բալասանյանը, Արտակարգ իրավիճակների նախարար Լևոն Մնացականյանը նշանակվել է Արցախի ոստիկանապետի պաշտոնում: 2015-2018 թվականներին Մնացականյանը ղեկավարում են Ղարաբաղի պաշտապնության նախարարությունը:

Արցախի նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը «Ազատությանը» վստահեցրեց, թե սրանք պարզապես ընթացիկ կադրային փոփոխություններ են՝ միևնույն ժամանակ չհերքելով, որ Բալասանյանի հեռացման պատճառը առաջիկա ընտրություններին մասնակցելու վերջինիս մտադրությունն է:

«Պարզապես փոփոխություններ են, կադրային տեղաշարժ է, որևէ քաղաքական ենթատեքստ և այլն այստեղ չկա: Կադրային համակարգը շատ դինամիկ համակարգ է և պարբերաբար փոփոխության է ենթարկվում: Պարոն Բալասանյանը որոշում է կայացրել ավելի ակտիվորեն ներգրավվել քաղաքական գործընթացներում: Դա է եղել միակ պատճառը․ ինքը զբաղվելու է ընտրություններով և այս պարագայում որոշում է կայացրել, որպեսզի այս ճանապարհը ընտրի», - նշեց Բաբայանը:

Բալասանյանի հետ այսօր կապ հաստատել չհաջողվեց:
Արցախի նախագահ դառնալու իր հավակնությունները բարձրաձայնած Վիտալի Բալասանյանը ավելի վաղ արած հայտարարություններով անվստահութուն էր հայտնել Նիկոլ Փաշինյանի ղարաբաղյան հարցով վարած բանակցությունների գործընթացին և իր աջակցությունն էր հայտնել երկրորդ նախագահ, Սահմանադրական կարգի տապալման մեջ մեղադրվող Ռոբերտ Քոչարյանին:

Այս համատեքստում Փաշինյանը մեկ անգամ չէ, որ խոսել է որոշ ուժերի մասին, որոնք փորձում են թշնամանք հրահրել Արցախի և Հայաստանի ժողովրդի միջև:

Բաբայանը հակադարձում է, որ Փաշինյանը անուններ չի հնչեցրել, և սխալ է հրամանագրերը այդ հայտարարությունների հետ կապելը․ - «Ինտրիգ մի ման էկեք»:

Ինչ վերաբերում է Լևոն Մնացականյանի վերադարձին ուժային կառույց, Բաբայանը ասաց, որ պայմանավորված չէ մտահոգությամբ, թե ընտրություններից առաջ Արցախում կարող է լարվածություն լինել, և ուժեղ ոստիկաանպետի անհրաժեշտություն կա:

Մնացականյանը, հիշեցնենք, 2018 թվականի դեկտեմբերին Պաշտպանության նախարարի պաշտոնից հեռացվել էր այն բանից հետո, երբ, ի թիվս ղարաբաղցի այլ պաշտոնյաների, քննադատել էր «Իմ քայլը» դաշինքի պատգամավոր Սասուն Միքայելյանի հայտարարությունը, թե հեղափոխությունն ավելի կարևոր էր, քան արցախյան ազատամարտը: Նիկոլ Փաշինյանը Ղարաբաղից հնչող գնահատականներին կոշտ էր արձագանքել՝ հրապարակավ հորդորելով Բակո Սահակյանին կարգի հրավիրել իր կառավարության ներկայացուցիչներին:

Բաբայանը պնդում է, որ Արցախի պաշտոնական տեսակետը հնչում է նախագահականից, այլ հայտարարությունների վրա կենտրոնանալ պետք չէ․ - «Որևէ մեկը իրավունք չունի սադրիչ քաղաքականություն կամ քայլեր կատարել մեր հայկական միասնականությունը խարխլելու համար: Սա անթույլատրելի է: Ով ուզում է լինի»:

Հայաստանի խորհրդարանի իշխանական խմբակցության պատգամավոր Տաթիկ Հայրապետյանի կարծիքը համընկնում է Բաբայանի հնչեցրածի հետ:

Հայրապետյանն ասում է՝ թե՛ պաշտոնական Երևանը, թե՛ Ստեփանակերտը կողմ են խնդիրների լուծմանը․ - «Խոսքը զուտ Արցախի իշխանությունների գործելակերպի մասին չէ, այլ շատ հաճախ այն մարդկանց, որոնց հանրային խոսքը տարածվում է երբեմն Արցախի իշխանությունների վրա: Ես կարծում եմ, այն մարդիկ, որոնք ակնհայտորեն ինչ-որ ճամբարի են պատկանում, պետք է հենց իրենք հասկանան, որ չարժի, որպեսզի իրենք զբաղեցնեն պետական պաշտոններ: Որովհետև եթե իրենք դիրքավորվել են, օրինակ, քոչարյանական ճամբարում, իրենց հանրային խոսքը ազդում է նաև Արցախի իշխանությունների հանդեպ վերաբերմունքի [վրա]: Եվ խոսքը ոչ թե Երևանի կամ մեր ղեկավարած իշխանության մասին է, այլ ընդհանուր հանրային ընկալումների մասին է»:

Նիկոլ Փաշինյանը ավելի վաղ կոչ էր արել Արցախի ժողովրդին աջակցել միայն այն ուժերին, ովքեր հանդես են գալիս Հայաստանի ժողովրդի և նրա լեգիտիմ ներկայացուցիչ կառավարությանն աներկբա աջակցության դիրքերից՝ առանց հստակեցնելու, թե որոնք են այդ ուժերը:

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Տաթևիկ Հայրապետյանը ևս չի հնչեցնում անուններ, ասում է, որ ամեն ինչ անելու են Արցախում ժողովրդավարական ընտրությունների անցկացման համար, բայց ներքաղաքական հարցերին որևէ կերպ չեն միջամտի։

Հարցին, թե ընտրություններին մասնակցելու մասին արդեն իսկ հայտարարած անձանցից ովքեր են ամենամոտը ժողովրդավարական արժեքներին, Հայրապետյանը պատասխանեց․ - «Իմանալով, թե որքան նրբանկատ են և որքան զգայուն են Արցախի մեր հայրենակիցները Երևանից հնչող կարծիքների հանդեպ՝ ես զերծ կմնան դրա հետ կապված որևէ անուն կամ մեկնաբանություն նշելուց»:

Արցախի Ազգային ժողովի ընդդիմադիր պատգամավոր Հայկ Խանումյանը կադրային այս փոփոխությունները քաղաքական գործընթացներով է պայմանավորում, բայց՝ ոչ թե Հայաստանից հնչած ազդակների արդյունքում կատարված, այլ Արցախի ներքաղաքական խնդիրներով պայմանավորված․ - «Բալասանյանը երբեք էլ յուրային չի եղել Բակո Սահակյանի թիմում, օտար ա եղել, և2016 թվականին գնալով Անվտանգության խորհրդի քարտուղար՝ ինքը ճակատագրական սխալ ա գործել, որովհետև մտնելով Բակոյի թիմը, կորցրել է իր նախկին թիմը և ձեռք չի բերել նորը: Եվ կորցրել է նաև աջակցությունը հասարակության լայն շրջանում: Բայց ինքը որոշել ա մասնակցել նախագահական ընտրություններին, առանձին գրասենյակ ա բացել»:

Առաջիկայում այլ կարդային փոփոխությունները ևս Արցախում չեն բացառում, իսկ գործընթացը սկսվել էր դեռ երեկ, երբ Բակո Սահակյանը ստորագրել էր Արթուր Աղաբեկյանի դիմումը նախագահի խորհրդականի պաշտոնից ազատվելու մասին:

Աղաբեկյանը «Ազատությանը» փոխանցեց, որ դիմում է գրել հանգստանալու նպատակով:

Քաղաքականությունից հեռանալ պատրաստվող Աղաբեկյանը, սակայն, չի թաքցնում, որ առաջիկա ընտրություններին սատարելու է Արցախի նախկին պետնախարար Արայիկ Հարությունյանին․ - «Ես գտնում եմ, որ Արայիկ Հարությունյանը, որպես ապագայում նախագահի թեկնածու, ալտերնատիվ չունի»:

Գործող նախագահ Բակո Սահակյանը դեռ 2018 թվականի հունիսին էր հայտարարել, որ չի պատրաստվում մասնակցել 2020-ի նախագահական ընտրություններին:

Մասնակցության մտադրության մասին արդեն իսկ հայտարարել են Վիտալի Բալասանյանը և Արայիկ Հարությունյանը: Իսկ Արցախի պաշտպանության նախկին նախարար Սամվել Բաբայանն ստորագրահավաք է սկսել սահմանադրական բարեփոխումների պահանջով, քանի որ գործող Սահմանադրության համաձայն, Արցախի նախագահի թեկնածուն պետք է վերջին 10 տարին Արցախում ապրած լինի: Այս պահանջին Բաբայանը չի բավարարում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG