Մատչելիության հղումներ

Ըստ Էդմոն Մարուքյանի, Արտակ Զեյնալյանի հրաժարականի պատճառը կառավարությունում ունեցած անհամաձայնություններն են


Արտակ Զեյնալյան, արխիվ
Արտակ Զեյնալյան, արխիվ

Ըստ «Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի, Արտակ Զեյնալյանի հրաժարականի պատճառը կառավարությունում ունեցած անհամաձայնություններն են։

«Ես կարծում եմ, որ պարոն Զեյնալյանը բավականին անհամաձայնություններ է ունեցել, իմ ինֆորմացիայով, և նրա հետ են անհամաձայնություններ ունեցել, հետևաբար, երբ որ դու կառավարության մի թիմի մեջ ես, որտեղ դու անհամաձայնություն ունես և չես կարող շարունակել, դու պետք է լքես էդ թիմը», - «Ազատության» «Ֆեյսբուքյան ասուլիս» հաղորդման ժամանակ ասաց Մարուքյանը։

Հարցին, թե ի՞նչ թեմաներով են եղել այդ անհամաձայնությունները, Մարուքյանը պատասխանեց. - «Բազմաթիվ՝ դատաիրավական բարեփոխումների, և այլն, և այլն։ Էս առումով ես կարծում եմ, որ Զենալյանը պետք է ավելի շուտ որոշումը կայացներ և շուտ հրաժարական տար, որովհետև եթե նրա հետ չեն ուզում աշխատել, ապա ինքն ինչո՞ւ է մնում, որ աշխատի։ Օրինակ՝ դատարանի մուտքերն ու ելքերն արգելափակելու հայտարարությունից հետո, նա արդեն կարող էր հրաժարական տալ, որովհետև որքանով որ հասկանում եմ, նա նաև չէր կիսում այդ մոտեցումը»։

Հունիսի 7-ին Արտակ Զեյնալյանը հրաժարականի դիմում ներկայացրեց արդարադատության նախարարի պաշտոնից։ Երեկ, պատասխանելով «Ազատության» հարցին, նա պարզաբանեց՝ հրաժարական տալու որոշում է կայացրել՝ «գնահատելով տեղեկատվական հոսքերը՝ մեդիայով և ոչ միայն մեդիայով»:

Իշխանությունը դեռևս չի հայտարարում, թե ով կլինի արդարադատության հաջորդ նախարարը։

Նախկին օմբուդսմեն Կարեն Անդրեասյանի ու Հայաստանի նախկին զինվորական դատախազ, գլխավոր դատախազի նախկին տեղակալ Գագիկ Ջհանգիրյանի անուններն են շրջանառվում որպես արդարադատության նախարարի թեկնածուներ։ Նրանք, սակայն, «Ազատության» հետ զրույցում հերքեցին այդ տեղեկությունները, թե կարող են նշանակվել արդարադատության նախարարի պաշտոնում։

Հաղորդումն ամբողջությամբ կարող եք դիտել այստեղ․

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG