Մատչելիության հղումներ

Վարչապետի հայտարարությունից հետո ՃՈ-ն գիշերային ժամերին ուժեղացված ծառայություն է իրականացնում Երևանում


Արդեն մի քանի օր է, ինչ Ճանապարհային ոստիկանությունը գիշերային ժամերին մայրաքաղաքի փողոցներում ուժեղացված ծառայություն է իրականացնում:

Ուշ ժամերին Երևանի փոքր կենտրոնի գրեթե բոլոր անկյուններում բազմաթիվեն ՃՈ մեքենաներն և ծառայողները: Նրանց գործողություններին պարբերաբար հետևում է «Վարորդի ընկեր» հասարակական կազմակերպության փոխնախագահ Սերգեյ Ղահրամանյանը, ում տպավորությամբ ոստիկանները միջամտում են, երբ վարորդները կոպիտ խախտումներ են թույլ տալիս՝ այդպիսով վտանգելով երթևեկության այլ մասնակիցներին:

«Հստակ դեպքեր կան, որ մարդիկ կարծես դիտավորյալ են այդ ամենն անում՝ փորձելով իրավիճակը լարել», - ասաց Ղահրամանյանը:

Ոստիկանությունն ուժեղացված ծառայության անցավ կառավարության նիստում վարչապետի արած հայտարարությունից հետո, Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով գիշերային ժամերին մայրաքաղաքում վարորդների թույլ տված կոպիտ խախտումներին, մասնավորապես Ազատության հրապարակը երթևեկելի գոտի դարձնելուն, ասել էր, թե դա արվում է իբրև թե ցույց տալու համար, թե երկրում անիշխանություն է հաստատված՝ այսպիսի խախտումները որակելով որպես բացահայտ արհամարհանք հասարակության հանդեպ։

Սերգեյ Ղահրամանյանի գնահատմամբ, վարչապետի հայտարարությունը ուշացած էր, բայց անչափ սպասված․ - «Այն մակարդակի էր հասել, որ հասարակության մեջ այլևս հանդուրժողականություն չկար այդ առումով: Լինում էին դեպքեր, որ միջանձնային հարաբերությունների ոտնահարում էր տեղի ունենում, և մարդիկ իրենք էին հաշիվներ պարզում»:

«Վարորդի ընկեր» հասարակական կազմակերպության փոխնախագահը թեև ողջունում է ոստիկանության գործողությունները, այդուհանդերձ ընդգծում է, որ դրանք անթերի չեն․ որոշ տրանսպորտային միջոցների համար ՃՈ-ն համապատասխան էվակուատորներ չունի․ - «Մոտոցիկլի էվակուատոր գոյություն չունի: Դեպքեր են լինում, որ ուղղակի չեն կարող մոտոցիկլը էվակուացնել: Տրանսպորտային միջոցի սեփականատերն էլ թույլ չի տալիս, որ այլ միջոցով տեղափոխեն»:

Գիշերային ժամերին ոստիկանությունը լայնամասշտաբ ուժեղացված ծառայություն առայժմ միայն կենտրոնական փողոցներում է իրականացնում, ինչը, ըստ Ղահրամանյանի, բավարար չէ․ - «Քանի որ միայն Կենտրոնում ուժեղացված ծառայություն իրականացնելիս Երևանի մյուս հատվածներն ուղղակի տեսադաշտից դուրս են գտնվում, ինչը որ նման վարորդների, որոնք ձգտում են կարգազանցության, ազատություն է տալիս»:

«Ազատությունը» ոստիկանության գործողությունների մասին հարցում անցկացրեց քաղաքացիների շրջանում՝ ուժեղացված ծառայության կարիք կա՞ր։

Կարծիքները տարբեր էին, թեև գերակշռում էին ոստիկանության գործողությունները ողջունողները:

Ոստիկանության լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը «Ազատությանը» հայտնեց, որ ուժեղացված ծառայության իրականացման վերջնաժամկետ դեռևս չկա, կորոշեն ըստ անհրաժեշտության։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG