Մատչելիության հղումներ

Աբովյանի քաղաքացին երեկվա ընտրություններին պարտվեց. Կոտայքի մարզպետ


Աբովյանի քաղաքացին երեկվա ընտրություններին պարտվեց, «Ազատության» հետ զրույցում հայտարարեց Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը։

«Ես կարող եմ պատասխանատու կերպով հայտարարել, որ Աբովյանի քաղաքացին երեկ, ցավով եմ նշում, պարտվեց այդ ընտրություններին, և Վահագն Գևորգյանը մեր գործընկեր երեկվա ընտրություններին չհաղթեց։ Ես պարզապես ուզում եմ հարց հնչեցնել՝ տղանե՛ր, ձեր դուրը գալի՞ս է ձեր հաղթանակը, այն հաղթանակը, որը դուք կերտել եք՝ Աբովյանի բակերում բակային հանդիպումներ անելիս խորոված ու քյաբաբ հյուրասիրելով իմ քաղաքացուն. դա իմ քաղաքացու հաղթանակը չէ, դա իմ քաղաքացու տեսակը չէ», - ասաց Պետրոսյանը, ով երկուշաբթի օրը հյուրընկալվել էր «Հարցազրույց Կարլեն Ասլանյանի հետ» հաղորդմանը:

«Նոր քաղաքական իրողության ֆոնին, նոր քաղաքական մշակույթ կրող քաղաքացին, ցավում եմ, երեկ պարտվեց, այն քաղաքացին, ով մեր շուրթերից լսել է բակերում, հանրահավաքներին, դահլիճային հանդիպումներին, որ Վահագն Գևորգյանը իր քաղաքական հովանավորների հետ բազմաթիվ հողային աճուրդներ է արել ապօրինի, բազմաթիվ հողային օտարումներ է արել Հողային օրենսգրքի խախտումներով, և այլն, և այլն։ Դրանց մասով բազմաթիվ քրեական գործեր են նույնիսկ հարուցված», - ընդգծեց մարզպետը:

«Ազատության» հարցին՝ նաև ի՞ր հաղորդման հիման վրա, Պետրոսյանը պատասխանեց. «Այո, նաև իմ հաղորդման հիման վրա։ Ավելին ասեմ՝ վերջապես երեկ ո՞վ է հաղթել Աբովյանում, հաղթել է Էդիկ Բաբայա՞նը, ով ինձ հարց է հնչեցնում հռետորական՝ «չենք ուզում քաղաքը տալ գործ տվողներին»։ Հարգելի պարոն Բաբայան, գործ տվողները ո՞ւմ ի նկատի ունեք՝ այն քաղաքացիներին, ում երեխաների, ընտանիքների անվտանգությունը Սահմանադրությամբ և օրենսդրությամբ կոչված է պահվելու, պաշտպանելու իրավապա՞հ մարմինները՝ այն իրավապահ մարմինները, ում աշխատակի՞ցն եք եղել Դուք երկար տարիներ»։

«Ես ուզում եմ հասկանալ Էդիկ Բաբայան երևույթի, խոսքը անձերի մասին չի՝ երևույթի, այդ ինստիտուցիոնալ առումով, էությունը առհասարակ։ Նման հարց հնչեցնող պատգամավորը ի՞նչ է հավակնում Աբովյանում անել, ի՞նչ է խորհուրդ տալիս իր ընտրողին, ինձ՝ որպես Աբովյանի քաղաքացի։ Եթե Աբովյանը չի ուզում թողնել գործ տվողներին, Աբովյանում գործ տվողները չլինեն, ապա Աբովյանում իրավակարգավորումները ո՞ր ինստիտուտները պիտի անեն, հարգելի օրենսդիրի ներկայացուցիչ», - ասաց Կոտայքի մարզպետը։

Աբովյանում երեկ անցկացված ընտրություններում, նախնական տվյալներով, հաղթել է գործող քաղաքապետ, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության աջակցությունը վայելող Վահագն Գևորգյանը, իսկ իշխանական «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության թեկնածու Գրիգոր Գուլյանը նրանից մոտ 400 ձայնով պակաս է ստացել:

Հարցազրույցը կարող եք դիտել այստեղ․

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG