Ուկրաինայի նորընտիր նախագահը ի սրտե շնորհակալություն է հայտնել Գերագույն ռադայի պատգամավորներին՝ «իրենց իրական դեմքը ցույց տալու և է՛լ ավելի արժեզրկվելու համար»:
«Նախագահը պետք է անաչառ լինի, և գովաբանի, երբ դրա կարիքը կա: Ըստ այդմ, ուզում եմ գովել ու ի սրտե մեծ շնորհակալություն հայտնել մեր Գերագույն ռադային», - հեռուստատեսությամբ տարածված տեսաուղերձում ասել է Վլադիմիր Զելենսկին՝ հավելելով. «Խորհրդարանը ցրելու մասին որոշումից հետո մտածում էի՝ չե՞մ սխալվել արդյոք, սակայն պատգամավորների գործողություններն ապացուցեցին, որ ճիշտ եմ վարվել: Ի՞նչ են արել նրանք այս օրերին՝ ուժի մեջ են թողել մեծամասնական ընտրակարգը, անձեռնմխելիությունը, պաշտոններում վերահաստատել նախկին նախարարներին, նախկին ուժայիններին, հնարավորություն տվել, որ ապօրինի հարստացածները պատասխան չտան իրենց արածների համար: Շնորհակալություն, որ ձեր արդյունավետ ջանքերով ապացուցում եք իմ որոշման ճշմարտացիությունը, շնորհակալություն, որ չեք մոլորեցնում ժողովրդին ընտրություններից առաջ և ցույց եք տալիս ձեր իրական դեմքը»:
Զելենսկին Ուկրաինայի նախագահի պարտականությունները ստանձնել է մայիսի 20-ին, և հենց այդ օրը՝ երդմնակալության ելույթում հայտարարել նախկին նախագահի օրոք ձևավորված խորհրդարանը լուծարելու մասին: Արտահերթ ընտրությունները երկրում տեղի կունենան հուլիսի 21-ին: