Մատչելիության հղումներ

Մեր նպատակն այն է, որ Արամ Խաչատրյանի մրցույթի հեղինակությունն ավելանա. Վահագն Պապյան


Գալա համերգ Արամ Խաչատրյան համերգասրահում, արխիվ
Գալա համերգ Արամ Խաչատրյան համերգասրահում, արխիվ

Մեր լավագույն երաժիշտներից մեկը՝ դաշնակահար, դիրիժոր Վահագն Պապյանը, 1990 թվականից ի վեր բնակվում է Իսրայելում, որտեղ մի շարք նվագախմբեր է ղեկավարել, մենահամերգներով հանդես եկել, բայց գրեթե երեք տասնամյակների ընթացքում նրա ստեղծագործական ուղին անքակտելիորեն կապված է եղել նաև հայրենիքի հետ:

Այստեղ ևս նա մշտապես հանդես է եկել թե՛ փառատոների ժամանակ՝ որպես դիրիժոր և դաշնակահար, թե՛ մենահամերգներ է ունեցել ինչպես Հայաստանում, այնպես էլ Ռուսաստանում և եվրոպական մի շարք երկրներում:

Իսկ այս պահին էլ Վահագն Պապյանը «Արամ Խաչատրյան» 15-րդ միջազգային մրցույթի ժյուրիի նախագահն է: Մրցույթը, հիշեցնենք մեկնարկում է ամեն տարի հունիսի 6-ին՝ Արամ Խաչատրյանի ծննդյան օրը:

Ի պատասխան «Ազատության» հարցին, թե ի վերջո, որո՞նք են այս 15 տարիների ընթացքում մրցույթի կարևորագույն ձեռքբերումները, անվանի երաժիշտն ասաց. «Յուրաքանչյուր մրցույթի կարևորությունը նա է, որպեսզի բացահայտվեն երիտասարդ, խոստումնալից, տաղանդավոր կատարողներ, որոնք նոր են սկսում իրենց արտիստիկ կյանքը։ Արամ Խաչատրյանի մրցույթը հիմնադրվել է որպես մեծ մրցույթ՝ մեծ նվագախմբի մասնակցությամբ, շատ լուրջ, դժվար ծրագրերով, շատ հեղինակավոր ժյուրիի անդամներով և այլն»։

Հարցին էլ, թե այս 15 տարիների ընթացքում մրցույթի ամենամեծ ձեռքբերումը ինչպե՞ս կգնահատի, պատասխանեց. «Ամենամեծ ձեռքբերումը դեռ առջևում է, որովհետև 15 տարվա պատմությունը մրցույթի համար՝ համեմատական երիտասարդ մրցույթ է։ Ձեռքբերումները շատ են, բայց խնդիրը նա է, որ այդ ձեռքբերումները պահպանենք, այսինքն՝ շարունակենք զարգանալ, որ մրցանակային ֆոնդը մեծանա, որպեսզի գրավի ամենատաղանդավորներին, ամենաուժեղներին։ Հիմնական մեր նպատակը այն է, որ Արամ Խաչատրյանի մրցույթը շարունակվի, զարգանա, հեղինակությունն ավելանա, հնարավորությունները մեծանան, և եթե հնարավոր կլինի, նույնիսկ հետմրցույթային շրջանում էլ որպեսզի մենք մեր դափնեկիրներին կարողանանք նաև աջակից լինել, սատարել, որ իրենք ելույթ ունենան արդեն հետմրցանակաբաշխային կյանքում»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG