Մատչելիության հղումներ

ԼՂ հարցում Փաշինյանի և Արցախի իշխանությունների միջև տարակարծություններ կան. Սերգեյ Բագրատյան


Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյան, ԼՂ նախագահ Բակո Սահակյան, արխիվ
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյան, ԼՂ նախագահ Բակո Սահակյան, արխիվ

Ազգային ժողովի ընդդիմադիր ուժերի համոզմամբ, վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ղարաբաղի ղեկավարությունը պետք է գոյություն ունեցող հարցերը քննարկումների միջոցով լուծեն:

Միմյանց հասցեին արվող հրապարակային սուր հայտարարություններն, այն էլ չավարտված պատերազմի պարագայում, ըստ ընդդիմադիր պատգամավորների, լավ տեղ չի տանելու։

Հիշեցնենք՝ օրերս վարչապետ Նիկոլ Փաշինյանը պարզաբանեց, թե ովքեր են այն դավադիր ուժերը, որոնք փորձում են պատերազմ հրահրել, հողեր հանձնել և տեղի ունեցածի ողջ պատասխանատվությունը դնել իր իշխանության վրա:

Փաշինյանը սլաքներն ուղղեց դեպի Ղարաբաղի ռազմաքաղաքական ղեկավարությունն՝ ասելով՝ թեև վերջիններս ընդունում են ղարաբաղյան խնդրի կարգավորման հարցում իր տեսլականը, սակայն, հետո իրենց օգնականների միջոցով ապատեղեկատվություն են տարածում, թե իբր Փաշինյանը հողեր է հանձնում։

Սերգեյ Բագրատյան, արխիվ
Սերգեյ Բագրատյան, արխիվ

Այն, որ Ղարաբաղի ռազմաքաղաքական իշխանության և Փաշինյանի միջև ի հայտ եկած հակասությունների պատճառը հենց ղարաբաղյան խնդիրն է, «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը կասկած չունի։

Ըստ Բագրատյանի, խնդրի լուծման հարցում ի հայտ եկած տարաձայնություններ են հենց հիբրիդային պատերազմի պատճառը, ինչի մասին և երեկ խոսեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Վարչապետի էս բնութագրումը ճիշտ եմ համարում՝ հիբրիդային պատերազմի էլեմենտներ են, երբ որ ապատեղեկատվություն է տարածվում։ Իհարկե ես դա չէի բնութագրի որպես դավաճանություն, ես կբնութագրեի այլ ուղղվածություն, այսինքն՝ չեմ կարծում, որ հող հանձնողներ կան։ Վստահ եմ, որ հարցի լուծման այլ կերպ մտածողներ կան, որի հիմքը դրվել է դեռ 97 թվականին, երբ որ Լևոն Տեր-Պետրոսյանն ասում էր՝ «եկել է պատերազմի կուսակցությունը»։ Այսինքն՝ խաղաղության և պատերազմի ձգտող ուժերն այսօր նույնպես շարունակում են այդ բանավեճը։ Ես վստահ եմ, որ խնդիրը հենց այդտեղ է՝ խնդրի կարգավորման տարբերակների մեջ է, և այդ տրամաբանության մեջ են նաև այդ հայտարարությունները», - ասաց ԲՀԿ-ական պատգամավորը՝ շարունակելով. - «Կարծում եմ տարակարծություններ կան այդտեղ։ Պատկերացրեք, ասենք, Արցախի ղեկավարությունը՝ մի հատվածը, հստակ կողմնորոշված է տարիներ շարունակ աշխատել որոշակի պայմաններով։ Ես չեմ ցանկանա դա մեկնաբանել, որովհետև այդտեղ որոշակի գաղտնիքներ նաև կան, որ միգուցե պետք չէ դրա մասին խոսել, բայց տարբեր մոտեցումներ են, մյուս հատվածն, այլ մոտեցում ունի։ Խնդիրը միայն մոտեցումների տարբերության մեջ է, որևէ մեկը թե՛ Հայաստանի Հանրապետությունում, թե՛ Արցախի Հանրապետությունում հողեր հանձնելու մասին չի մտածել և չի կարող մտածել, դա բացառված է, բայց այլ տարբերակ մոտեցումը կարող է գնահատվել որպես այդպիսին»։

«Ազատության» հարցին, թե հնարավո՞ր է խնդրի կարգավորման շուրջ որոշակի դիրքորոշումներ են փոխվել, որին և հակառակվում են Ղարաբաղի իշխանությունները, և եթե այդպես է, որո՞նք են այդ տարբերությունները, ԲՀԿ-ական պատգամավորը պատասխանեց. - «Վստահաբար այդպես է եղել՝ այլ մոտեցումներ կան։ Ղարաբաղի իշխանությունների հետ հանդիպումներում մենք որոշակի քննարկումներ ունեցել ենք, և ինձ հասկանալի են այդ տարբերությունները։ Մոտեցումների տարբերությունը մարտավարական է»։

Գևորգ Գորգիսյան, արխիվ
Գևորգ Գորգիսյան, արխիվ

​Ընդդիմադիր «Լուսավոր Հայաստան» խմբակցության քարտուղար Գևորգ Գորգիսյանը դժվարանում է ասել, թե որոնք են Ղարաբաղի և Հայաստանի իշխանությունների միջև ի հայտ եկած հակասությունների պատճառը, սակայն, շեշտում է՝ նրանք պետք է գտնեն «միմյանց հետ շփվելու ճիշտ մեխանիզմը»:

Գորգիսյանի համոզմամբ, գոյություն չունի առանձին Արցախի հարց, կա հայկական հարց:

«Լարվածությունը միգուցե անորոշությունից է մի քիչ գալիս, երբ սպասվում են առաջիկայում Արցախում ընտրություններ, ու դեռևս պարոն Փաշինյանի համար, կամ նույնիսկ արցախյան ուժերի համար, հստակ չէ, թե ով է լինելու հաջորդ իշխանությունը և այլն։ Սա կարող է լինել լարվածության պատճառ, բայց ցանկացած լարվածություն պետք է հաղթահարվի, որովհետև մենք միայն միասին կարող ենք որևէ հարց լուծել։ Առանձին Արցախը գոյություն ունենալ չի կարող, Հայաստանը, կարծում եմ, լրջագույն խնդիրների առաջ կկանգնի, եթե մենք ունենանք խնդիրներ Արցախի հետ», - ասաց Գորգիսյանը։

Հարցին, թե չի կարծո՞ւմ, որ խնդիրը կարող է արցախյան հարցի կարգավորմանը վերաբերվել, ԼՀԿ խմբակցության քարտուղարը պատասխանեց. - «Չեմ կարծում, չեմ մտածում, որ Հայաստանը կարող է ունենալ այնպիսի ղեկավար, որը փորձի խնդրի կարգավորման այնպիսի տարբերակ առաջ քաշել, որն ընդունելի չլինի Արցախի ժողովրդի համար։ Ես ուղղակի բացառում եմ նման ղեկավարի գոյությունը Հայաստանի Հանրապետությունում»։

Անդրանիկ Քոչարյան, արխիվ
Անդրանիկ Քոչարյան, արխիվ

Իշխանական «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, Ազգային ժողովի Պաշտպանության և անվտանգության հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը մինչդեռ նշում է՝ Ղարաբաղում որոշ մարդիկ անհանգստություններ ունեն կապված Հայաստանում կատարվող բարեփոխումների հետ:

«Տեսեք՝ մեկը մյուսի հետևից հիմա բացահայտումների մթնոլորտ է ձևավորվում Հայաստանում, դատաիրավական համակարգի բարեփոխումների օրակարգ է ձևավորվում Հայաստանում, ունեն լիքն անհանգստություններ, նաև ապրիլյանից գուցե ունեն անհանգստություններ, հետագա ամբողջ այս կարգավորման գործընթացների, պրոցեսի ամբողջ ընթացքից ունեն մտահոգություններ, և էդ մարդիկ նաև քաղաքական օրակարգ չունեն։ Ընտրություններից հետո իրենք ձևավորում են իրենց քաղաքական օրակարգը և հարթակը ոնց որ թե վերցրել են Արցախի տարածքը, կամ օգտագործում են Հայաստան-Արցախ ինչ-որ պրոբլեմների հնչեցման ձևաչափի մեջ, երբ որ էդ պրոբլեմները պարզապես չկան, որովհետև պարոն Փաշինյանի ասածն այն մասին էր, որ պրոբլեմներ չկան նախ այն առումով, որ Արցախի իշխանությունները ամբողջությամբ են տեղեկացված Արցախի բանակցային գործընթացից», - ասաց Քոչարյանը։

Հիշեցնենք՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շեշտել էր՝ ինքն է Ղարաբաղի իշխանություններին փոխանցել բանակցային գործընթացին վերաբերող փաստաթղթղերը, մինչդեռ նախկին իշխանությունը, կամ, ինչպես Փաշինյանն էր ձևակերպել, Բակո Սահակյանի «պարի ընկերը», Ղարաբաղի ղեկավարությանն անգամ հարկ չի համարել տեղյակ պահել, թե ինչ է տեղի ունենում բանակցային գործընթացում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG