Մատչելիության հղումներ

Գյումրիի երաժշտական դպրոցի սաները իրենց համերգով զարմացրին ռոքի լեգենդներին


Ռոքի համաշխարհային լեգենդներ Իեն Գիլանը և Թոնի Այոմին այսօր Գյումրիի թիվ 6 երաժշտական դպրոցի հյուրերն էին: Սա այն դպրոցն է, որի կառուցման համար ռոքի համաշխարհային աստղերը 3 տարի շարունակ բարեգործական համերգներով են հանդես եկել՝ հանգանակելով 100 հազար դոլար: «Մարդիգյան ընտանիք» հիմնադրամը Հայ օգնության ֆոնդի միջոցով եռապատկել էր «Ռոքն օգնում է Հայաստանին» ծրագրով հանգանակած գումարը՝ հնարավոր դարձնելով դպրոցի շենքի կառուցումը։ Կառավարությունն էլ 10 մլն դրամ տրամադրեց ու 6 տարի առաջ տնակային անհարմար պայմաններից դպրոցը տեղափոխվեց քարաշեն շենք:

Իեն Գիլանին և Թոնի Այոմիին դպրոցի սաները իրենց կատարումներով զարմացրին:

Մոտ կես ժամ տևած համերգին հետևելուց հետո Deep Purple երգիչ Իեն Գիլանն ասաց՝ տեսնում է, թե որքան կարևոր է այդ ամենը դպրոցի սաների համար․ - «Տպավորիչ է ու ֆանտաստիկ: Կարծում եմ՝ երաժշտության ոգին կրկին այստեղ է, և դպրոցի սիմվոլիզմն ու երաժշտությունը իրականում հրաշալի են: Երկրաշարժից հետո ծնված սերնդին տեսնելը շատ առանձնահատուկ է ինձ համար: Տեսնել երաժշտությունը որպես մարդկանց կյանքի մի մաս, շատ կարևոր է: Կան նաև այլ կարևոր բաներ` սեր և խաղաղություն, ընտանիքն ու կրթությունը և այդ ամենը: Բայց երաժշտությունը, հավանաբար, ամենահեշտ բանն է, որ մարդկանց ուրախացնում է և պահում համախմբված: Այնպես որ, սա լավագույն լինելու մասին չէ, սա այն մասին է, որ մարդիկ լինեն համատեղ մեկ նվագախմբի կամ երաժշտական խմբի մեջ․․․ Եվ նույնիսկ եթե պրոֆեսիոնալ չդառնան, երաժշտությունը կլինի նրանց ընկերը ողջ կյանքի ընթացքում։ Այսօր ինձ համար շատ կարևոր օր էր»:

Black Sabbath կիթառահար Թոնի Այոմին դպրոցի բացմանը չէր կարողացել մասնակցել և այսօր այն առաջին անգամ տեսավ․ - «Սա իմ առաջին այցելությունն է դպրոցի կառուցումից ի վեր և ես շատ ուրախ եմ, որ այստեղ ապրում են երաժշտությամբ, ամեն ինչ բխում է սրտից: Շարունակեք նվագել»:

Գյումրիի վերակառուցմանը մասնակցած բարերարներին ոչ ոք չի մոռանա, ընդգծեց Գյումրիի քաղաքապետ Սամել Բալասանյանը և «Նարեկ» նվիրեց Իեն Գիլանին:

«Մեզ համար մեծ երջանկություն է, որ դուք եկել եք Գյումրի: Մենք ձեզ հարգում ենք, ընդունում ենք և ձեր կատարածը երբեք չենք մոռանա», - ասաց Գյումրիի քաղաքապետը ու անգլերենով հավելեց՝ Thank you very well, welcome in our city Gyumri:

Լուսանկարներ, ինքնագրեր… ռոք աստղերը մեծ դժվարությամբ դուրս եկան դպրոցից:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG