Մատչելիության հղումներ

Լևոն Զուրաբյանը ավելի կոշտ արձագանք է ակնկալում իշխանություններից


ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանը «Ազատության» տաղավարում:
ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանը «Ազատության» տաղավարում:

Հայ ազգային կոնգրեսի փոխնախագահ Լևոն Զուրաբյանին չի գոհացրել բռնության քարոզի վերաբերյալ վարչապետի՝ այսօր կառավարությում արած հայտարարությունը։

Փաշինյանն իրավապահներին հանձնարարել է՝ ոչ թե թավշյա, այլ երկաթյա հակահարված հասցնել բռնություն քարոզողներին։

Զուրաբյանը, սակայն, ավելի կոշտ արձագանք է ակնկալում իշխանություններից․ - «Կարևոր է ոչ այնքան խոսքը, ոչ այնքան հոգեբանական ճնշումը: Դա վաղուց ոչ մեկին չի կարող բավարարել։ Կարևոր են մեր իրավապահ մարմինների կոնկրետ գործողությունները»:

Հակառակ Հայ ազգային կոնգրեսի՝ ՀՅԴ-ում գոհ են վարչապետի արձագանքից, բայց մեկ նկատառումով՝ Փաշինյանն ավելի վաղ պետք է խոսեր դրա մասին։

ՀՅԴ Հայաստանի գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը վարչապետի հայտարարությունը չի դիտարկում նաև իրենց քաղաքական ուժին ուղղված ուղերձ․ - «Մենք մեր վրա չենք կարա վերցնենք, որովհետև մենք երբևէ բռնության քարոզ չենք արել: Հակառակը․ եթե նկատի ունեն ոստիկանության դեմ ակցիան, որը Դաշնակցության կազմակերպածը չէր, բայց դաշնակցականներ էին մասնակցում, դա բռնության դեմ քարոզ էր»:

ՀՅԴ կուսակցության անդամներն երկու օր առաջ ոստիկանության Կենտրոնականի բաժնում մեկը մյուսի հետևից ցուցմունք էին տալիս, թե՝ իրենք են ծեծել ՀԱԿ ակտիվիստ Վարդան Հարությունյանին։ Մինչ այդ արդեն՝ Հարությունյանի ծեծի դեպքով դաշնակցական էր բերման ենթարկվել։

Իշխան Սաղաթելյան
Իշխան Սաղաթելյան

«Դաշնակցությունը հինգ հազար անդամ ունի, և եթե որևէ մի անդամ մի գործողություն անի, չի նշանակում, որ կուսակցության պաշտոնական տեսակետն է։ Էդ անողը դաշնակցական ա, շատ կարգին ընկեր ա, ապրիլյան պատերազմին մասնակցած երիտասարդ ա: Քննություն ա գնում, չեմ ուզում մանրամասնորեն խոսեմ: Բայց չի նշանակում, որ սա կուսակցության պաշտոնական քաղաքականությունն է», - նշեց Սաղաթելյանը:

Լևոն Զուրաբյանն այդ ակցիան հետևյալ կերպ մեկնաբանեց․ - «Նրանք ստիպված էին իրենց սեփական քաղաքական որոշման կատարողներին տեր կանգնել, փուռը չտալ։ Բայց եթե եղել բռնության կոչեր, ապա դրանց մասին պետք է բարձրաձայնել, դրա մասին պետք էր տալ հաղորդում համապատասխան իրավապահ մարմիններ և բողոքել՝ եթե օրինական ընթացք դրան չի տրվել»:

Հայ ազգային կոնգրեսն ավելի վաղ հայտարարություն էր տարածել Վարդան Հարությունյանի ծեծի դեպքերի և դրանց առնչությամբ ՀՅԴ Հայաստանի գերագույն մարմնի անդամների հայտարարությունների վերաբերյալ։ ՀԱԿ-ը մեղադրում է Դաշնակցությանը որպես քաղաքական պայքարի մեթոդ ահաբեկչությունը «որդեգրելու» համար։

Իշխան Սաղաթելյանը հայտարարությանը հակիրճ արձագանքեց՝ ՀԱԿ-ը լավ կանի լռի, քանի որ իրենց իշխանության տարիներից վատ հիշողություններ են կան։

ՀԱԿ փոխնախագահն արձագանքեց, թե բնական է, որ դաշնակցականները վատ հիշողություններ կունենան․ - «Բոլոր էն կուսակցությունները, որոնք խախտել են ժողովրդավարության կանոնները, զբաղվել են ահաբեկչությամբ և պատժվել են համապատասխանաբար օրինական կարգով, նրանք պետք է վատ հիշողություններ ունենան այդ ժամանակների մասին: Բայց վատը այն է, որ այդ վատ հիշողությունները նրանց դաս չծառայեցին»:

Երկու անգամ ծեծի ենթարկված ՀԱԿ անդամ Վարդան Հարությունյանի վարքագիծը դուր չէր եկել դաշնակցականներին։ Նրանք Հարությունյանի ֆեյսբուքյան գրառումները ապազգային էին համարել։

Նաև դա էր առիթը, որ ոստիկանության բաժնում, իրենց ներկայացմամբ, ինքնաբուխ ակցիա իրականացվեց։

Դաշնակցականները ՀԱԿ անդամին մեղադրում են նաև թոռների աչքի առաջ կուսակցության նախկին ղեկավար անդամ Հրանտ Մարգարյանի վրա հարձակվելու համար։ Ինքը՝ Հարությունյանը մեղադրանք անհիմն է որակում։

Սևազգեստ մարդկանց խմբեր ձևավորելու վերաբերյալ վարչապետի սկանդալային հայտարարությունից հետո, գործադիրի անդամները չբացեցին փակագծերը, թե ում մասին է խոսքը։ Հատկանշական է, որ սև հագուստով վերջին շրջանում աչքի են ընկել մի քանի անհատներ, որոնք տարբեր հակաիշխանական ակցիաների հեղինակ են։

Նրանցից մեկը «Բլոգնյուզ» կյաքի խմբագիր Կոնստանտին Տեր-Նակալյանն է։ Նա այսօր հրաժարվեց պատասխանել մեր հարցերին՝ պնդելով, թե «Ազատություն» ռադիոկայանը օտարերկրյա գործակալ է: Իսկ ավելի ուշ Ֆեյսբուքում գրեց․ - «Ռադիոկայանը չի սպասարկում Հայաստանի պետական շահերը, ինչպես նաև հանդիսանում է պետական հեղաշրջման գլխավոր ինֆորմացիոն հովանավորներից մեկը»:

Գրառման մեկնաբանություններում Տեր-Նակալյանը կարծիք էր հայտնել, թե պետք է մշակել օտարերկրյա գործակալների մասին օրենսդրություն, որը, ըստ նրա, չի կարող շրջանցել «Ազատությունը»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG