Մատչելիության հղումներ

Պուտինն Արևմուտքի առաջնորդներից չի նեղացել


Արևմուտքի առաջնորդներից չեմ նեղացել, ամերիկյան ընտրություններին երբեք չեմ միջամտել, և միջամտելու միտք չունեմ՝ այսօր պնդել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը՝ միջազգային լրատվական գործակալությունների ղեկավարներին տված հարցազրույցում:

Սանկտ Պետերբուրգ՝ միջազգային տնտեսական համաժողովին մասնակցելու եկած լրագրողները փաստել են՝ արևմտյան տասնհինգ երկրների առաջնորդներն այս օրերին Նորմանդիայում մեծ հանդիսավորությամբ նշում են դաշնակից զորքերի ափհանման 75- ամյակը, մինչդեռ Ռուսաստանի նախագահը այդ միջոցառումներին չի մասնակցում: - «Մտահոգված չե՞ք, որ Ձեզ չեն հրավիրել», - հարցին Պուտինը պատասխանել է՝ ամենևին:

«Մենք էլ բոլորին չէ, որ հրավիրում ենք, և ոչ բոլոր միջոցառումներին: Ինչո՞ւ պետք է անպայման ինձ հրավիրեին, ես ինչ է՝ հարսանիքի գեներալ ե՞մ: Առանց այդ էլ լիքը գործ ունեմ», - պնդել է Ռուսաստանի նախագահն ու տեղում շրջանառության մեջ դրել սեփական վարկածը. - «Եթե առաջնորդվենք դավադրապաշտպանության տեսությամբ, կարելի է ենթադրել, որ արևմտյան առաջնորդները ցանկացել են իրար ականջին ինչ-որ բան փսփսալ՝ մեզ հետ շփումներ սկսելուց առաջ»:

Արևմտյան առաջնորդները հաղթանակի հանդիսավոր արարողություններն այս անգամ անցկացնում են Մեծ Բրիտանիայում, որի հետ Ռուսաստանի հարաբերությունները ավելի քան մեկ տարի է՝ լարված են ռուսաստանցի նախկին լրտես Սերգեյ Սկրիպալի և նրա դստեր թունավորման պատճառով: Լոնդոնը վստահ է, որ Սկրիպալները նյարդապարալիտիկ նյութով թունավորվել էին Կրեմլի գիտությամբ ու թույլտվությամբ: Նախագահ Պուտինը, ով մինչ օրս կտրականապես հերքում էր այդ մեղադրանքները, այսօր պնդել է՝ մենք պետք է փակենք լրտեսների ու մահափորձերի հետ կապված էջը. տնտեսական, սոցիալական ու միջազգային անվտանգության ոլորտներում մեր շահերը լրտեսական կրքերից ավելի կարևոր են: Անհրաժեշտ է վերջիվերջո գործով զբաղվել»:

Պուտինն ընդգծել է՝ Սկրիպալը Ռուսաստանի դեմ է լրտեսել, բայց Կրեմլում պատրաստ են անգամ դրա հետ համակերպվել: Ընդ որում, այս թեմայով խոսելիս Վլադիմիր Վլադիմիրովիչը, ըստ ՏԱՍՍ գործակալության, հիշեցրել է հատուկ ծառայություններում իր աշխատանքի փորձն ու ընդգծել՝ ես այս մասին խոսում եմ որպես փորձագետ:

«Սկրիպալը ձեր գործակալն է, չէ՞, ոչ թե՝ մեր։ Նշանակում է՝ դուք եք մեզ լրտեսել, իսկ թե դրանից հետո նրա հետ ինչ է եղել՝ դժվարանում եմ ասել: Բայց անհրաժեշտ է այս ամենը մոռանալ վերջիվերջո. մենք 22 միլիարդ դոլարի բրիտանական ներդրում ունենք, մարդիկ իրենց անվտանգ են ուզում զգալ և շահագրռգված են, որ մեր հարաբերությունները զարգանան դրական ուղղությամբ», - ասել է Ռուսաստանի նախագահը:

Սկրիպալների հետ կապված աղմկահարույց դեպքից հետո արևմտյան մի շարք գերտերություններ պատժամիջոցներ սահմանեցին Ռուսաստանի դեմ՝ էլ ավելի խորացնելով այդ երկրի տնտեսական մեկուսացումը: Ավելի վաղ Վաշինգտոնն էր մի շարք սահմանափակումներ մտցրել Մոսկվայի նկատմամբ՝ ամերիկյան ընտրություններին միջամտելու համար: Այսօր անդրադառնալով այդ մեղադրանքներին՝ Պուտինը կրկին պնդել է՝ որևէ երկրի ներքաղաքական կյանքին չի խառնվել ու չի խառնվելու:

Անցնելով Վենեսուելային՝ արևմտյան լրագրողները հետաքրքրվել են՝ ինչ են անում ռուս զինծառայողները հարավամերիկյան այդ երկրում և ինչպես է Պուտինը վերաբերվում ընդդիմության՝ ամիսներ շարունակվող ցույցերին ու ընդդիմության առաջնորդ Խուան Գուիդոյին, որին արևմտյան մի շարք երկրներ ճանաչել են Վենեսուելայի ժամանակավոր նախագահ:

«Ուզում եմ հարցնել նրանց, ովքեր աջակցում են նրան՝ դուք ինչ է, խելքներդ թռցրել ե՞ք, հասկանում ե՞ք ինչի սա կհանգեցնի: Ինչ-որ կանոններ պետք է լինե՞ն, թե՞ ոչ», - արձագանքել է Պուտինն ու վստահեցրել․ - «Ռուսաստանը Վենեսուելայում ռազմական բազաներ չի հիմնում, ընդամենը մասնագետներ է ուղարկում՝ նախագահ Մադուրոյի հետ կնքված միջկառավարական պայմանագրերի շրջանակներում»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG