Սանկտ Պետերբուրգում բացվել է 23-րդ միջազգային տնտեսական խորհրդաժողովը, որի մասնակիցների թվում են Ռուսաստանի և Չինաստանի նախագահներ Վլադիմիր Պուտինը, Սի Ծինփինը և մի շարք այլ երկրների բարձրաստիճան պաշտոնյաներ:
Եռօրյա համաժողովի ընթացքում Պուտինը հանդիպելու է Բուլղարիայի նախագահ Ռումեն Ռադևի, Սլովակիայի վարչապետ Պետեր Պելեգրինիի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ:
Վաղվա լիագումար նիստին կմասնակցի նաև ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը:
Լրատվական գործակալությունները հաղորդում են, որ Սանկտ Պետերբուրգի համաժողովին չեն մասնակցում Միացյալ Նահանգների պաշտոնյաները և ամերիկյան խոշոր ընկերությունների պատվիրակները:
Ռուսաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Հանթսմանը և ամերիկացի պաշտոնյաները բոյկոտում են համաժողովը՝ այդպես բողոք հայտնելով ամերիկացի ներդրող Մայքլ Քալվիին այս տարվա փետրվարին Մոսկվայում ձերբակալելու Ռուսաստանի իրավապահների որոշման դեմ:
Անցյալ տարվա համաժողովին ներկա էր 17 հազար մասնակից: Այս տարվա համաժողովը գումարվում է Ռուսաստանի տնտեսական իրավիճակի վատթարացման պայմաններում:
«Ռուսաստանի Հյուսիսային մայրաքաղաք» Սանկտ Պետերբուրգում միջազգային տնտեսական առաջին համաժողովը տեղի է ունեցել 1997 թվականին:
2006 թվականից այդ խոշոր հավաքի կազմակերպումը ստանձնել է Ռուսաստանի նախագահի վարչակազմը: