Չնայած ֆուտբոլի Եվրոպայի լիգայի եզրափակիչը Բաքվում անցկացնելը մի շարք խնդիրներ առաջացրեց, հնարավոր է, որ եվրոպական այդ մրցաշարի եզրափակիչը երկու տարի անց կրկին անցկացվի Հարավկովկասյան տարածաշրջանում: Հիմա էլ Վրաստանն է ցանկանում Եվրոպայի լիգայի եզրափակիչը 2021 թվականին անցկացնել Թբիլիսիում:
Հայտը դեռևս անցյալ տարի էր ներկայացվել, հիմա այդ խաղը հյուրընկալելու թեկնածու երկու քաղաք կա՝ Թբիլիսին և Իսպանիայի Սևիլիան:
«Վրաստա՞ն, թե՞ Իսպանիա» ընտրության հարցը ՈւԵՖԱ-ն որոշելու է գալիք սեպտեմբերին:
Թբիլիսիում հիշեցնում են, որ Վրաստանը ՈւԵՖԱ-ի մակարդակով խաղեր անցկացնելու փորձ ունի՝ 2015 թվականին Թբիլիսիում տեղի է ունեցել սուպերգավաթի հանդիպումը, որտեղ Չեմպիոնների լիգայի հաղթող «Բարսելոնա»-ն հաղթել է Եվրոպայի լիգայի գավաթակիր «Սևիլիա»-ին: 52 հազար տեղանոց թբիլիսյան մարզադաշտում իսպանական թիմերի միջև այդ խաղը լրացուցիչ ժամանակում ավարտվել է 5:4 հաշվով՝ հօգուտ «Բարսելոնա»-ի:
«Բոլորը հիշում են այդ խաղը, և բոլորը գոհ էին: Մենք հանրությանը ցույց տվեցինք, որ կարող ենք լավ հյուրընկալ տանտեր լինել», - Associated Press լրատվական գործակալությանն ասել է Վրաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի քարտուղար Դավիթ Մուջիրին:
Մուջիրին բերել է Բաքվի օրինակը, որը Եվրոպայի լիգայի եզրափակիչը հյուրընկալելու համար պայքարում հաղթել էր Ստամբուլին: Նրա կարծիքով՝ մեծ խաղերը չեն կարող միշտ անցկացվել ֆուտբոլային քաղաքներում: «Եթե ամեն ինչ կենտրոնացվի, դա ոչինչ չի տա ֆուտբոլի զարգացմանը», - նշել է Վրաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի քարտուղարը:
Ֆուտբոլի աջակիցների եվրոպական ինտերնետային ցանցը, որը համարվում է երկրպագուների հարցերով ՈւԵՖԱ-ի պաշտոնական խորհրդականը, համեմատել է խնդիրներ հարուցած Բաքուն և Թբիլիսին՝ գտնելով, որ Բաքվի համեմատ Թբիլիսին ավելի լավ վայր է:
Ֆաների խմբի անդամ Ռոնան Էվայնը Associated Press-ին ասել է, թե իր կարծիքով՝ Վրաստանը հրապուրիչ վայր է երկրպագուների համար, ուղիղ ավիաչվերթներով հեշտ է Վրաստան հասնել Գերմանիայից, Ավստրիայից, Ֆրանսիայից: Սակայն եզրափակիչը Բաքվում անցկացնելը, ֆուտբոլի զարգացումը ապակենտրոնացնելու քայլից բացի, խնդիրներ առաջացրեց ոչ միայն բրիտանացի ֆաների համար, այլև քաղաքական լարվածության, անվտանգություն ապահովելու առումներով խնդիրներ եղան, որոնց պատճառով Բաքու չմեկնեց «Արսենալ»-ի լավագույն խաղացողներից մեկը՝ Հենրիխ Մխիթարյանը:
«Եթե որոշվի 2021 թվականի եզրափակիչը Թբիլիսիում անցկացնել, կրկին կարող են ոչ-ֆուտբոլային բնույթի մտահոգություններ լինել», - ասել է Ռոնան Էվայնը՝ նշելով, որ Վրաստանի ֆաների շրջանում ծայրահեղ խմբեր կան:
Վրաստանի հավաքականի անդամ Գուրամ Կաշիան անցյալ տարի մի ակցիայի էր մասնակցել, որը հայրենիքում շատ վատ էր ընդունվել: Նա Հոլանդիայի առաջնության խաղում խաղադաշտ էր դուրս եկել թևին կապած ծիածանագույն ժապավենով՝ որպես ԼԳՏԲ համայնքի հետ համերաշխության նշան: Այդ օրը հոլանդական թիմերի բոլոր ավագները նման ժապավեն էին կապել: ՈւԵՖԱ-ն Կաշիային պարգևատրել էր խիզախ դիրքորոշում ցուցաբերելու համար, սակայն հայրենի Վրաստանում նրա ժեստը ծայրահեղ բացասական և թշնամական արձագանք էր ստացել որոշ շրջանակների կողմից: Այս մասին անցած ամռանը հայտարարել է ՈւԵՖԱ-ն: Անցյալ տարի Թբիլիսիում կայացած Վրաստան-Լատվիա խաղին ազգային ավանդական արժեքներ դավանող վրացիները «վրացական երթ» էին անցկացրել Կաշիայի դեմ, իսկ մի խումբ երկրպագուներ տրիբունայում բարձրացրել էին նրա լուսանկարով պաստառը՝ այդ կերպ աջակցություն հայտնելով ֆուտբոլիստին:
Ամեն դեպքում, Associated Press-ի մարզական մեկնաբանը հավանական է համարում, որ Եվրոպայի լիգայի առաջնության եզրափակիչը 2021-ին հյուրընկալի Սևիլիան, քանի որ Չեմպիոնների լիգայի եզրափակիչը հավանական է տեղի ունենա Սանկտ Պետերբուրգում: Մեկնաբանի կարծիքով՝ այդ դեպքում հավասարակշռություն պահելու համար Եվրոպայի լիգայի եզրափակիչի համար ՈւԵՖԱ-ն կընտրի ոչ թե Թբիլիսին, այլ Սևիլիան: