Մատչելիության հղումներ

Freedom House-ի զեկույցում Հայաստանը ժողովրդավարության առաջընթաց արձանագրած երկրների հնգյակում է


Freedom House-ի հունիսի 5-ին հրապարակած «Ազատություն և մեդիա-2019» զեկույցը, ընդհանուր առմամբ, աշխարհի տարբեր մասերում մամուլը ճնշելու նոր մեթոդների, նոր գործիքների մասին է, բայց նշված է, որ աշխարհում մամուլի ազատության վիճակն այնքան էլ մռայլ չէ ու որպես դրական օրինակ բերված է նաև Հայաստանը:

Հուսադրող 5 երկիր է նշված, որտեղ ժողովրդավարության ոգևորիչ առաջընթաց է արձանագրվել՝ Հայաստան, Եթովպիա, Մալազիա, Էկվադոր ու Գամբիա: Միաժամանակ նշվում, որ այս երկրներից միայն Հայաստանը չի կարողացել նույն տարում արձանագրել մամուլի ազատության բարելավումը, ինչպես քաղաքական փոփոխությունների դեպքում:

«Անցած տարում Հայաստանը շատ ավելի մեծ առաջընթացի է հասել ժողովրդավարական վերափոխումների ոլորտում: Բողոքի ակցիաները հանգեցրեցին նոր ընտրությունների և բարեփոխական նոր կառավարության, բայց ինչպես Սուդանում, հեռուստաալիքների մեծ մասը սկզբնական շրջանում խուսափում էին լուսաբանել զանգվածային հանրահավաքները: Միայն քիչ թվով անկախ լրատվամիջոցներ, ներառյալ «Սիվիլնեթ»-ն ու «Ազատություն»-ը կարողացան ապահովել իրադարձությունների բազմակողմանի, մանրամասն ու կայուն լուսաբանումը՝ ներառյալ ուղիղ հեռարձակումներով և սոցիալական մեդիան խելացի օգտագործելով: Տեղեկատվական այդ հոսքը օգնում էր ժողովրդական շարժմանը թափ հավաքել, ուժեղացնել ճնշումը գործող վարչակազմի ուժերի վրա և օրինականացնել աճող նոր ղեկավարությանը: Այս աղբյուրները նաև օգնել են կասեցնելու նախկին ռեժիմի կողմից տարածվող ապատեղեկատվությունը», - նշված է զեկույցում:

Իրավապաշտպան կազմակերպությունը զգուշացնում է մամուլը ճնշելու համաշխարհային նկատելի նոր միտումների մասին: Իշխանությունը իրենց ձեռքում կենտրոնացնելու հակված առաջնորդները նոր ուղիներ են գտնում մամուլը ճնշելու համար: Այդ երևույթը տեսանելի է ինչպես ավտորիտար, այնպես էլ ժողովրդավարական երկրներում:

Freedom House-ը նշում է, որ որոշ հակաժողովրդավարական առաջնորդներ ֆինանսական և իրավական տարբեր գործիքներ են օգտագործում լռեցնելու համար անկախ լրագրողներին:

«Վերջին տարիների ընթացքում ի հայտ են եկել նոր գործիքներ, որոնց միջոցով ոչ ազատական առաջնորդները փխրուն ժողովրդավար համակարգերում փորձում են վերահսկել մամուլը՝ ապահովելու իրենց իշխանությունը», - նշել է իրավապաշտպան հեղինակավոր կազմակերպությունը, որի կենտրոնակայանը գտնվում է Նյու Յորքում:

Զեկույցում մի շարք դիտարկումներ են արված: Մասնավորապես, Հունգարիայում վարչապետ Վիկտոր Օրբանի իշխող կուսակցությունը գործնականում համախմբված վերահսկողություն է սահմանել մամուլի հանդեպ, ստեղծվել է զուգահեռ իրականություն, որտեղ կառավարության ուղերձներն ու սխալ տեղեկատվությունը ձայնակցում են միմյանց: Հունգարիայում մեդիայի մոտավորապես 80 տոկոսը սեփականաշնորհել են կառավարության դաշնակիցները: Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը գնում է Օրբանի հետքերով: Չնայած սերբական մամուլի հանդեպ դեռ համախմբված վերահսկողություն չկա, բայց վախեցնող միջավայրը խանգարում է լրագրողների ամենօրյա աշխատանքին:

«Օրբանի կառավարությունը և Վուչիչի վարչակազմը մեծ հաջողությունների են հասել քննադատող լրագրողներին ճնշելու գործում», - նշված է Freedom House-ի զեկույցում:

Ռուսաստանի մասով իշխանությունները քննադատվում են Telegram հաղորդակցությունների հավելվածի հասանելիությունը արգելափակելու փորձերի համար:

«Դիմակայության ձայների հանդեպ շարունակվում է պտուտակների սեղմումը, քանի որ լրատվամիջոցներում իշխանությունների տիրապետությունը խարխլելու ցանկացած փորձ կարող է խախտումներ բացահայտել: Իրավիճակն ավելի է խորացնում այն փաստը, որ ռուսաստանցիների միայն մեկ քառորդն է վստահում լրագրողներին», - նշված է «Ազատություն և մեդիա-2019» զեկույցում:

Զեկույցի հեղինակները ժողովրդավարական երկրների քաղաքական գործիչներին ու առաջնորդներին նաև առաջարկներ են ներկայացնում՝ ապահովելու մամուլի անկախությունը: Մասնավորպես, առաջարկվում է աջակցել սոցիալական մեդիային, որպես ազատ արտահայտվելու այլընտրանքային միջոց ռեպրեսիվ միջավայում: Նշվում է, որ սոցիալական մեդիայում պարբերաբար հայտնվում են պետական վերասկողության տակ գտնվող մամուլն ու գրաքննությունը շրջանցող նորարարական այլընտրանքներ՝ ինչպես վերջերս Վենեսուելայում, Հայաստանում և Սուդանում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG