Մատչելիության հղումներ

Հնարավոր է՝ Սաակաշվիլին մասնակցի Ուկրաինայի Ռադայի արտահերթ ընտրություններին


Միխեիլ Սաակաշվիլին վերադառնում է Ուկրաինա, 29-ը մայիսի, 2019թ․
Միխեիլ Սաակաշվիլին վերադառնում է Ուկրաինա, 29-ը մայիսի, 2019թ․

Վրաստանի նախկին նախագահ, Օդեսայի նախկին նահանգապետ Միխեիլ Սաակաշվիլին դիմում է իր կողմնակիցներին, խնդրելով իրեն խորհուրդ տալ` արդյոք պետք է մասնակցել հուլիսին Ուկրաինայում կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրություններին:

Նախորդ շաբաթ Ուկրաինա վերադարձած Սաակաշվիլիի համար այս հարցը հրատապ դարձավ, երբ Կիևի քաղաքապետ Վիտալի Կլիչկոն դիմեց Վրաստանի նախկին նախագահին` առաջարկելով նրան առաջիկա ընտրություններին մասնակցել ՈւԴԱՌ կուսակցության ցուցակով: Դատելով Սաակաշվիլիի` երեկ Youtube-ում տեղադրված ուղերձից, իրադարձությունների զարգացման նման սցենարը բավական հավանական է:

«Եթե մենք հիմա չենք ընդունում այս առաջարկը և չենք մասնակցում ընտրություններին, ապա իմ թիմակիցները, «Նոր ուժերի միություն» կուսակցությունը կարող է ընդհանրապես դուրս մղվել ընտրական գործընթացներից: Դա ևս ընտրություն է», - հայտարարում էր Սաակաշվիլին՝ նշելով, որ Կլիչկոյի մասին շատ դրական կարծիք ունի, և որ նա վերջին տարիներին մշտապես հակամարտության մեջ է եղել Պետրո Պորոշենկոյի հետ, նաև իր՝ Սաակաշվիլիի հանդեպ վերաբերմունքի շուրջ ծագող տարաձայնությունների պատճառով: Վրաստանի նախկին նախագահի խոսքով, սակայն, վերջնական որոշում կայացնելու ընթացքում առաջնահերթը լինելու են ոչ թե Կլիչկոյի հետ անձնական հարաբերությունները, այլ Ուկրաինայի նորընտիր նախագահին օժանդակելու ցանկությունը:

«Նախագահ Զելենսկուն այժմ պետք է օգնել: Նրա հաջողությունը հավասարազոր է Ուկրաինայի հաջողությանը: Եթե, Աստված մի արասցե, նա անհաջողության մատնվի, անհաջողության է մատնվելու ողջ Ուկրաինան: Այդ իսկ պատճառով նրան հարկավոր է օժանդակել խորհրդարանում, օժանդակել կադրերով: Դրա հետ մեկտեղ, մենք չենք կարող դիտորդի կրավորական կեցվածք ընդունել, մենք պետք է մասնակցենք գործընթացներին», - հայտարարում էր Սաակաշվիլին:

Ի դեպ, Վրաստանի նախկին նախագահը Վիտալի Կլիչկոյի հետ քաղաքական համագործակցությունը զարգացնելու դեպքում պատրաստվում է նաև լուրջ զտումներ իրականացնել իրեն հյուրընկալած կուսակցության շարքերում:

«ՈւԴԱՌ կուսակցությունը հարկավոր է փոխել արմատապես: Նախ և առաջ, այնտեղ կան մարդիկ, որոնք մինչև վերջին պահը սատարում էին Պորոշենկոյին: Եթե մենք համագործակցելու ենք, ապա նման մարդկանցից հարկավոր է ազատվել: Բացի այդ, ՈւԴԱՌ-ի կազմում նաև կոռումպացված մարդիկ կան: Նրանցից հարկավոր է հստակորեն տարանջատվել, ավելին՝ հասնել նրան, որ այդ մարդիկ հայտնվեն բանտում», - հայտարարում էր Միխեիլ Սաակաշվիլին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG