Մատչելիության հղումներ

Մեկնարկել է ԵԽԽՎ նախկին պատգամավոր Լուկա Վոլոնտեի դատական պրոցեսը


ԵԽԽՎ նախկին պատգամավոր Լուկա Վոլոնտե, արխիվ
ԵԽԽՎ նախկին պատգամավոր Լուկա Վոլոնտե, արխիվ

Միլանում մեկնարկել է Ադրբեջանի իշխանություններից խոշոր չափի կաշառք ստանալու մեջ մեղադրվող Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) նախկին պատգամավոր, իրավական հարցերով և Մարդու իրավունքների հանձնաժողովի նախկին ղեկավար Լուկա Վոլոնտեի դատական պրոցեսը։ Այս մասին հաղորդում է «Թուրան» գործակալությունը՝ հայտնելով, որ դատավարության առաջին նիստը տեղի է ունեցել հունիսի 3-ին։

Ըստ այս հաղորդման, Իտալիայի ոստիկանությունը անվտանգության ուժեղ վերահսկողություն է սահմանել։ Սա միջազգային սկանդալային գործի մի մասն է։ ԵԽԽՎ-ի ներսում կոռուպցիոն գործերով ուսումնասիրող անկախ քննչական խումբը անցյալ տարի զեկույց էր հրապարակել. ուսումնասիրություններից հետո քաղաքականությունից հեռացել էր ԵԽԽՎ-ի նախկին նախագահ Պեդրո Ագրամունտը։

Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի պատգամավորներին կաշառելու մասին առաջին անգամ նշել էր Եվրոպական կայունության նախաձեռնություն վերլուծական կենտրոնի պատրաստած զեկույցում, որից հետո այդ պնդումները առավել ուշադրության տակ հայտնվեցին, երբ սկսեցին անկախ խմբերի ուսումնասիրությունները և իրավապահների հետաքննությունները։

Նախանցյալ տարի շուրջ վեց տասնյակ պատգամավորներ համատեղ հայտարարությամբ հանդես եկան, պահանջելով անկախ մարմին ստեղծել՝ հետաքննելու ԵԽԽՎ-ի պատգամավորներին կաշառելու մասին արևմտյան մամուլում հայտնված տեղեկատվությունները։ Իտալացի Լուկա Վոլոնտեն, այսպես կոչված, խավիարային դիվանագրտության մեջ համարվում է ակտիվ դերակատարներից մեկը։ Նա մեղադրվում է Ադրբեջանի իշխանություններից շուրջ 2 միլիոն 300 հազար եվրո կաշառք ստանալու մեջ։ Գումարի մի մասը նա ծախսել է ԵԽԽՎ-ի մի շարք այլ պատգամավորներին կաշառելու մեջ, որպեսզի տապալվի Ադրբեջանի վերաբերյալ Բաքվի համար ոչ ցանկալի բանաձևերի ընդունումը ԵԽԽՎ-ում։

Այդ գործունեության արդյունքում, մասնավորապես, 2013 թվականին Ադրբեջանի քաղբանտարկյալների հարցով բանաձևի ընդունումը տապալվել էր։ 2016 թվականին Միլանի դատախազությունը արդեն հետաքննություն էր սկսել և մեղադրանք առաջադրել Վոլոնտեին, իսկ հիմա սկսվել է դատավարությունը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG