«Լուսավոր Հայաստան» խմբակցության քարտուղար, 2016-ի ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի անդամ Գևորգ Գորգիսյանը չի բացառում, որ հանձնաժողովը հրավիրի և հարցեր ուղղի նաև Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին։
«Չեմ բացառում, բայց մենք չենք հարցաքննելու, որովհետև հարցաքննող մարմիններն այլ մարմիններ են, բայց չի բացառվում, բնականաբար, որ հարցեր ուղղենք։ Երբ որ քննիչ հանձնաժողովի առաջին նիստն արդեն կայանա, մենք հաստատենք կանոնակարգը, թե ինչպես ենք աշխատելու, կարծում եմ, նաև այդ նիստին մենք նախնական նաև կհաստատենք այն ցուցակը, թե ում հետ ենք աշխատելու և գոնե որտեղից ենք սկսելու։ Ուղենիշերը մեզ համար կֆիքսենք՝ որտեղից և ինչ մեթոդներով է պետք սկսել գործողությունները»,- «Ազատության» «Քաղաքականությունը ներսից» հաղորդման ժամանակ ասաց Գորգիսյանը։
Նա նշեց՝ ճիշտ կլինի, որպեսզի Սերժ Սարգսյանն իր ունեցած ամբողջ տեղեկությունները բաց տեքստով ներկայացնի հանձնաժողով։
«Եթե մարտական գործողություններ ենք մենք հետազոտելու, կարծում եմ, որ գլխավոր գերագույն հրամանատարը պետք է առավելագույնս տեղեկացված լինի և նաև առավելագույնս շահգրգռված լինի, որպեսզի երկրում տեղի ունեցած խնդիրները կրկին տեղի չունենան, և, կարծում եմ, որ ճիշտ կլինի նրան հրավիրել և ճիշտ կլինի նրա կողմից գալ և ամբողջ իր ունեցած տեղեկությունները բաց տեքստով մեզ ներկայացնել»։
Քննիչ հանձնաժողովի մեկ այլ անդամ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Տիգրան Կարապետյանը ևս համաձայն է՝ Սերժ Սարգսյանը պետք է հրավիրվի քննիչ հանձնաժողով։
«Միանշանակ երկրի գերագույն գլխավոր հրամանատարը տիրապետում է ամենաշատ ինֆորմացիային, այդ թվում՝ հետախուզական, կարծում եմ, որ միանշանակ ճիշտ կլինի և միանշանակ համաձայն եմ պարո Գորգիսյանի հետ»։
Հարցին, թե դաշնակիցների հարցը՝ ՀԱՊԿ-ի նշանակությունը, դերը, քննարկվելո՞ւ է հանձնաժողովում, հետևություններ արվելո՞ւ են, թե, օրինակ, ինչպես է ստացվել, որ Ադրբեջանի սպառազինության մեծ մասը հենց դաշնակիցներն են վաճառում և Ադրբեջանը հիմնականում հենց այդ զենքերով հարձակվեց ապրիլին, ԼՀԿ պատգամավորը պատասխանեց. - «Այն օրից, ինչ ես քաղաքականությամբ եմ զբաղվում, ինչ ես Ազգային ժողովում եմ, բոլոր հնարավոր հանդիպումներում՝ և՛ Բելառուսի ներկայացուցիչների հետ, և՛ Ռուսաստանի Դաշնության, և՛ նույնիսկ Իսրայելի մենք բարձրացրել ենք այդ հարցը։ Ապրիլյան պատերազմի օրերին նույնիսկ պարոն Մարուքյանը, պաշտոնական նամակով դիմել է Իսրայելի կառավարությանը՝ հորդորելով, որ այլևս որևէ զինամթերք չվաճառի Ադրբեջանին։ Էդ հարցերն ամենօրյա մեր աշխատանքի տիրույթում են և անընդհատ մենք փորձում ենք այդ հարցը պահել երկկողմ հարաբերությունների օրակարգում, որովհետև դա իրոք կարևոր հարց է, և մեր հասարակությունն ուղղակի չի կարող հասկանալ՝ եթե մենք ունենք ռազմավարական գործընկեր, ինչո՞ւ է մեր ռազմավարական գործընկերոջ զենքից զոհվում մեր զինվորը»։
Հաղորդումն ամբողջությամբ կարող եք դիտել այստեղ