Մատչելիության հղումներ

ԵՄ հատուկ ներկայացուցիչը Ադրբեջանի ղեկավարության հետ քննարկել է Ղարաբաղի հարցը


Հարավային Կովկասում և Վրաստանի ճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաար

Հարավային Կովկասում և Վրաստանի ճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը այցել է Ադրբեջան, հանդիպել Ադրբեջանի նախագահի ու արտգործնախարարի հետ: «Թուրան»-ի հարցազրույցում նա ասել է, թե այցելության հիմնական նպատակը Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացի ներկայիս իրավիճակին, այդ հարցում իշխանության ու քաղաքացիական հասարակության տեսակետներին ծանոթանալն է: Նա նշել է, որ Եվրամիությունը բանակցությունների մասնակից չէ, բայց աջակցում է ԵԱՀԿ Մինսկի խմբի ջանքերին: Ադրբեջանի ղեկավարների հետ կայացած հանդիպումների մասին նա ասել է, թե նախագահ Իլհամ Ալիևը տեղեկացրել է, թե նա ինչպես է գնահատում ներկայիս իրավիճակը, ինչպիսի մարտահրավերներ, ինչպիսի հնարավորություններ կան:

«Պլանավորում եմ այս ամսվա վերջին այցելել Երևան և շարունակել քննարկումները Հայաստանի ղեկավարության հետ»,- ասել է Կլաարը:

Անդրադառնալով հարցին, թե արդյոք Ալիևի հետ քննարկվել է հումանիտար քայլերի իրականացումը, որի մասին կողմերը ավելի վաղ հայտարարել էին, Եվրամիության ներկայացուցիչն ասել է, թե այդ թեման շոշափվել է․ - «Մենք քննարկել ենք վստահության և փոխըմբռնման հաստատման միջոցները: Հուսով եմ Բաքվում և Երևանում գիտակցում են այդ գործընթացի կարևորությունը, նախագահին և արտգործնախարարին խնդրել եմ ասել, թե Եվրամիությունը ինչպես կարող է օգնել այդ գործընթացին»:

Հարցին, թե Բրյուսելը ինչպես կարող է աջակցել խաղաղ գործընթացին, նա պատասխանել է, թե երկար տարիներ Եվրամիությունը միջոցներ է հատկացնում քաղաքացիական հասարակությանը՝ բնակչությանը խաղաղությանը նախապատրաստելու ծրագրերի համար:

Հաջորդ հարցին, թե գաղտնիք չէ, որ Բաքուն չի ողջունում քաղաքացիական հասարակության մակարդակով շփումները Ադրբեջանի ու Հայաստանի միջև և այդ դեպքում ինչպես է հնարավոր իրականացնել Եվրամիության այդ ծրագրերը, Տոյվո Կլաարն ասել է, որ Եվրամիությունը երկու ծրագիր ունի, որոնցից մեկը Հայաստանի ու Ադրբեջանի քաղաքացիական հասարակությունների ներկայացուցիչների հանդիպումներն են, նման մի հանդիպում վերջերս անցկացվել է Թբիլիսիում: - «Բոլորը հասկանում են, որ խաղաղ կարգավորումը անհնարին է առանց շփումների ու փոխըմբռնման: Ահա թե ինչու առաջնորդները պետք է հասկանան որքան է դա կարևոր: Ադրբեջանի ղեկավարության հետ այսօրվա հանդիպումից հետո ինձ մոտ տպավորություն է ստեղծվել, որ այդպիսի ըմբռնում կա»,- ասել է նա:

«Թուրան»-ի հարցին, թե Հայաստանում իշխանության փոփոխությունից հետո արդյո՞ք բարձրացել են հակամարտության խաղաղ կարգավորման շանսերը, Եվրամիության ներկայացուցիչը պատասխանել է. - «Հայաստանի նոր իշխանությունը որոշակիորեն հանձնառու է խաղաղ կարգավորմանն ու կառուցողական երկխոսությանը: Այդպիսին է մեր տպավորությունը Հայաստանի արտգործնախարարի ու մյուս առաջնորդների հետ պաշտոնական ու ոչ պաշտոնական հանդիպումների արդյունքում»

Եթե բոլորը կառուցողական են տրամադրված, ապա ինչու 30 տարի կարգավորման առաջընթաց չկա, ինչ է անհրաժեշտ ճեղքման համար՝ պատասխանելով «Թուրան»-ի այս հարցին Տոյվո Կլաարն ասել է, որ ցանկացած հակամարտության լուծում հնարավոր է գտնել:

«Որպեսզի ճեղքում տեղի ունենա, կողմերը պետք է քաղաքական կամք դրսևորեն: Դա մի բան է, որը նրանց հնարավոր չէ տալ», - ասել է նա:

Հիշեցնեմ, որ անցած փետրվարին Տոյվո Կլաարը այցելել էր Հայաստան, հանդիպումներ ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի ու արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի հետ:

Փաշինյանի հետ կայացած հանդիպման մասին կառավարության մամուլի ծառայությունը հաղորդել էր, որ զրուցակիցները քննարկել են ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը վերաբերող մի շարք հարցեր: Նիկոլ Փաշինյանը նշել է, որ Հայաստանը հավատարիմ է հիմնախնդրի խաղաղ կարգավորմանը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափի շրջանակում և կարևորել է Արցախի, մասնավորապես, քաղաքացիական հասարակության ներգրավումը վստահության կառուցման միջոցառումներում:

Հիշեցնեմ խոսքը անցած փետրվարին կայացած Փաշինյան- Տոյվո Կլաար հանդիպման մասին է: Եվրամիության հատուկ ներկայացուցիչը պլանավորում է կրկին Երևան այցելել այս ամսվա վերջին:

Բաքվում, Ադրբեջանի ղեկավարության հետ այսօր կայացած հանդիպումներում ղարաբաղյան հակամարտության կարգավորման թեմայից բացի, անդրադարձ է կատարվել նաև ԵՄ-Ադրբեջան հարաբերություններին: Տոյվո Կլաարն ասել է, որ Եվրամիության և Ադրբեջանի միջև ապագա համաձայնագիրը քաղաքական զգալի մաս է պարունակում, իսկ պնդումները, թե Բաքուն պահանջում է սահմանափակել պայմանագրի տնտեսական մասը՝ իրականությանը չի համապատասխանում: Նա ասել է, թե կողմերը շատ մոտ են պայմանագրի ստորագրմանը, մի շարք չհամաձայնեցված հարցեր են մնացել, որոնց մանրամասները նա չի բացել:

ԵՄ-Ադրբեջան համաձայնագիրը ենթադրաբար կարող է անուղղակի առնչություն ունենալ ղարաբաղյան խնդրի հետ: Եվրամիության ներկայացուցիչը խուսափել է պատասխանել հարցին, թե արդյոք Բաքուն պնդում է պայմանագրում ներառել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը ճանաչելու հարցը: «Քանի դեռ մենք քննարկում ենք համաձայնագրի տեքստը, ես չէի ցանկանա մեկնաբանել դրա մանրամասները»,- ասել է Եվրամիության ներկայացուցիչը, հավելելով, թե համաձայնագրում Ադրբեջանը բավականին հստակ ներկայացնում է իր առաջնահերթությունները:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG