Մատչելիության հղումներ

Վրաստանի վարչապետի տարեկան զեկույց. Թբիլիսին պատրաստ է դյուրացնել ՆԱՏՕ-ի ռազմանավերի մուտքը վրացական նավահանգիստներ


Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձե, արխիվ
Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձե, արխիվ

Պաշտոնական Թբիլիսին պատրաստ է դյուրացնել վրացական նավահանգիստներ ՆԱՏՕ-ի ռազմանավերի մուտքը: Այս մասին նշված է Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեի տարեկան զեկույցում, որի տեքստն այս շաբաթասկզբին ուղարկվել է վրացական խորհրդարան:

Բախտաձեի կառավարության աշխատանքի առաջին մեկ տարվա արդյունքներն ամփոփող այս փաստաթղթում մասնավորաբար գրված է. - «Վրաստանը պատրաստակամություն է հայտնում իր կարողությունների շրջանակում ընդունել և աջակցել ՆԱՏՕ-ի և դաշինքի անդամ պետությունների` Սև ծովի ավազանում գտնվող ռազմանավերին»:

Բախտաձեի կառավարության կազմած այս փաստաթղթի համաձայն, ՆԱՏՕ-ի ռազմածովային ուժերի հետ համագործակցությունը խորացնելու նպատակով Վրաստանի կառավարությունը պատրաստ է նաև օրենսդրական փոփոխություններ նախաձեռնել:

«Կառավարության կողմից օրենսդրական մի փաթեթ է մշակվել, որի հաստատման դեպքում պարզեցվելու է Վրաստանի ծովային տարածք և վրացական նավահանգիստներ մուտքի համար հատկացվող դիվանագիտական թույլտվությունների տրամադրման կարգը: Դա վերաբերում է Սև ծովում մշտապես գործող ռազմածովային միավորումներին ինչպես նաև Հյուսիսատլանտյան դաշինքի օպերատիվ ենթակայության տակ գործող ռազմանավերին», - նշում են նախագծի հեղինակները:

Կառավարության ներկայացուցիչների պնդմամբ, օրենսդրական փոփոխությունների այս փաթեթն այժմ գտնվում է մի շարք շահագրգիռ գերատեսչությունների հետ համաձայնեցման փուլում:

Վրաստանի կառավարությունը պնդում է, որ ՆԱՏՕ-ի ռազմանավերի՝ երկրի նավահանգիստներ մուտքի դյուրացումը հրատապ է հատկապես վերջին շրջանում Բրյուսելի հետ այս ոլորտում ակտիվացած համագործակցության պատճառով:

Մոտ երկու ամիս առաջ` ապրիլի սկզբին, Փոթի նավահանգիստ էին մուտք գործել Հյուսիսատլանտյան դաշինքի երկրորդ ռազմածովային խմբավորման չորս ռազմանավերը:

ՆԱՏՕ-ի միացյալ ուժերի կազմում գործող նավերը ներկայացնում էին Թուրքիան, Նիդերլանդները, Ռումինիան և Բուլղարիան:

ՆԱՏՕ-ի ռազմանավերը Վրաստանի ափամերձ պաշտպանության ուժերի «Դիոսկուրիա» և «Օչամչիրա» նավերի հետ համատեղ ապրիլի սկզբին զորավարժություններ էին անցկացրել:

ՆԱՏՕ-ի ներկայացուցիչները չէին թաքցնում, որ Սև ծովի ավազանում Վրաստանի հետ համագործակցության խորացումը նախևառաջ Մոսկվայի նկրտումները զսպելու նպատակ ունի:

«Ռուսաստանի ագրեսիվ քաղաքականության պատճառով ՆԱՏՕ-ն որոշել է ընդլայնել իր ներկայությունը Սև ծովում: Մեր նպատակն է խորացնել հարաբերությունները Վրաստանի հետ Սևծովյան տարածաշրջանում», - գարնանը նշում էր ՆԱՏՕ-ի երկրորդ ռազմածովային խմբավորման հրամանատար Բուդևայն Բութսը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG