«Երբ Մեծ Բրիտանիան լքի Եվրամիությունը, Միացյալ Նահանգները պատրաստ կլինի Լոնդոնի հետ նոր առևտրային համաձայնագիր կնքել», - այսօր` պետական այցի երկրորդ օրը Լոնդոնում Միացյալ Թագավորության վարչապետ Թերեզա Մեյի հետ համատեղ ասուլիսի ժամանակ հայտարարեց Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը:
«Ես կարծում եմ, մենք շատ լավ առևտրային համաձայնագիր կկնքենք: Չեմ բացառում անգամ, որ այդ համաձայնագրի շնորհիվ մենք կկարողանանք կրկնապատկել կամ նույնիսկ եռապատկել երկկողմ ապրանքաշրջանառության ծավալները», - հայտարարեց Թրամփը:
Լոնդոն ժամանած ամերիկյան պատվիրակության անդամները համոզված են, որ «Բրեքզիթը» կյանքի կոչելու դեպքում Մեծ Բրիտանիան այլևս ստիպված չի լինի հետևել Եվրամիության կողմից սահմանվող կանոններին ու սահմանափակումներին, ինչը իր հերթին լուրջ խթան կհանդիսանա այսօր էլ Մեծ Բրիտանիայի թիվ մեկ առևտրային գործընկերը համարվող Միացյալ Նահանգների հետ կապերի է՛լ ավելի սերտացման համար: Բրիտանացի պահպանողականները համոզված են, որ «Բրեքզիթի» դեպքում Լոնդոնի և Վաշինգտոնի հարաբերությունները է՛լ ավելի կամրապնդվեն:
«Բրեքզիթի իրագործմանը հասնելը մեզ համար կարևոր է: Մենք տվել էինք այդ ընտրությունը բրիտանացի ժողովրդին: Ես վստահ եմ, որ ԵՄ համաձայնագրի հիման վրա իրականացված «Բրեքզիթը» բխում Միացյալ Թագավորության շահերից», - նշել է վարչապետ Մեյը, որին ի դեպ ԱՄՆ նախագահը այցի ընթացքում շարունակում էր հորդորել դատի տալ Եվրամիությանը` Լոնդոնի առջև ստանձնած պարտավորությունները չկատարելու պատրվակով: Մեյին այդ գաղափարն առանձնապես չի ոգևորել:
«Ես դատի կտայի, բայց եթե [վարչապետ Մեյը] չի դիմում այդ քայլին, ոչինչ: Գուցե նա ավելի լավ բանակցող է, քան ես», - նշել է Թրամփը:
Միացյալ Նահանգների նախագահի և Մեծ Բրիտանիայի վարչապետը ասուլիսին զուգահեռ Լոնդոնի կենտրոնում բողոքի ակցիա էին անցկացնում Թրամփի այցի հակառակորդները: Ակցիային մասնակցում էր նաև Լեյբորիստական կուսակցության առաջնորդ Ջերեմի Քորբինը, որը, ի դեպ, երեկ հրաժարվել էր մասնակցել Բուքինգհեմյան պալատում Թրամփի պատվին կազմակերպված պաշտոնական ճաշկերույթին:
«Ես դիմում եմ այս շաբաթ մեզ այցելության եկածներին: Մտածեք այն աշխարհի մասին, որի հիմքում խաղաղությունն ու ապառազմականացումն են, որի հիքմում բոլոր մարդկանց արժեքների ճանաչումն է: Մտածեք այն աշխարհի մասին, որը հաղթահարում է այլատյացությունն ու կնատյացությունը, կրոնական ատելությունը, որ սնում է ծայրահեղ աջերին Բրիտանիայում, Եվրոպայում և Միացյալ Նահանգներում», - հայտարարել էր Քորբինը:
Լոնդոնի կենտրոնում այսօր կազմակերպված ցույցը բավական խայտաբղետ էր․ այստեղ էին վետերան լեյբորիստներ և երիտասարդ ձախակողմյան ակտիվիստներ, նաև Թրամփի նմանակները՝ նորածնի տեսքով և Թրամփի դեմքով ահռելի փուչիկը և ԱՄՆ նախագահին պատկերող, իջեցրած տաբատով զուգարանակոնքին նստած ռոբոտը: Բողոքի ավանդական և ոչ այնքան ավանդական ձևերով այս ցույցի մասնակիցները իրենց դժգոհությունն էին հայտնում այն ջերմ ընդունելությունից, որին վերջին երկու օրերին արժանանում է ԱՄՆ նախագահը Լոնդոնում:
Նման ընդունելության թերևս ամենավառ դրսևորումը դարձավ երեկ երեկոյան Բուքինգհեմյան պալատում Էլիզաբեթ 2-րդ թագուհու կողմից կազմակերպված ճաշկերույթը:
«Այսօր երեկոյան մենք մեծարում ենք այն դաշինքը, որի գոյությունը թույլ տվեց մեր երկու ժողովուրդների անվտանգությունն ու բարօրությունն ապահովել տասնամյակներ շարունակ: Համոզված եմ, որ այդ ամենը դեռ երկար տարիներ շարունակվելու է», - ճաշկերույթի ընթացքում հայտարարել է Մեծ Բրիտանիայի 93-ամյա թագուհին:
Այս ճաշկերույթին Դոնալդ Թրամփը ևս բրիտանացի դաշնակիցների հասցեին բազմաթիվ ջերմ խոսքեր հնչեցրեց` թագուհուն իր երախտագիտությունը հայտնելով ամեն ինչի համար` ջերմ ընդունելությունից մինչև արևոտ եղանակը: