Մատչելիության հղումներ

Այսօր Տյանանմենի բախումների 30-րդ տարելիցն է


Չինաստան - Զոհված ցուցարարներ Տյանանմենի հրապարակում, Պեկին, 4-ը հունիսի, 1989թ.
Չինաստան - Զոհված ցուցարարներ Տյանանմենի հրապարակում, Պեկին, 4-ը հունիսի, 1989թ.

Չինաստանի իշխանությունները մայրաքաղաք Պեկինի Տյանանմենի հրապարակում արյունալի բախումների 30-ամյակի կապակցությամբ անվտանգության արտակարգ միջոցներ են ձեռնարկում:

Ենթադրվում է, որ 1989 թվականի հունիսի 4-ին բողոքի ակցիաների մասնակիցների և բանակի բախումների ընթացքում սպանվել են հարյուրավոր, իսկ որոշ չհաստատված տվյալներով՝ հազարավոր ցուցարարներ:

Ոստիկաններն ու հատուկ ծառայությունները փակել են Տյանանմենի հրապարակը և հարակից փողոցները:

Չինաստանի իշխանությունները մտադիր չեն որևէ պաշտոնական միջոցառմամբ արձագանքել 30 տարի առաջ տեղի ունեցած իրադարձություններին:

Հրապարակին հարող շրջանում ոստիկանները ստուգում են մարդկանց փաստաթղթերը: Օտարերկրացի լրագրողներին արգելել են մոտենալ հրապարակին և տեսագրություններ կամ լուսանկարահանում կատարել:

1989 թվականին բազմաթիվ ուսանողներ և աշխատավորներ դեմոկրատական փոփոխությունների ու կոռուպցիայի դեմ պայքարի կարգախոսներով հավաքվել են Տյանանմենի հրապարակում: Յոթ շաբաթ տևած զանգվածային ակցիաներից հետո կոմունիստական իշխանությունը բանակին հրամայել է ճնշել ընդվզումը: Հունիսի 3-4-ը տեղի ունեցած բախումներում սպանվել են ցուցարարներ և հրապարակի մոտ հայտնված անցորդներ:

ԱՄՆ պետական քարտուղար Մայք Փոմփեոն երեկ հրապարակել է հայտարարություն, որում ցուցարարներին անվանել է «Չինաստանի ժողովրդի հերոսներ, ովքեր 30 տարի առաջ խիզախորեն փորձում էին պաշտպանել իրենց իրավունքները»:

Պաշտոնական Պեկինը խստորեն դատապարտել է Փոմփեոյի այդ հայտարարությունը:

ԱՄՆ-ը պահանջում է հետաքննել բախումների հանգամանքները: Եվրոպական միությունը նույնպես հանդես է եկել Տյանանմենի իրադարձությունների թափանցիկ հետաքննության պահանջով:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG